Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Կարող է Հայաստանում ես էլ մեկի դուրը շատ չեմ գալիս, հիմա որ մեկը եկավ, լոմով իմ գլխին տվեց, իրավապահ մարմինն ի՞նչ պետք է անի». «Հրապարակ»

Հունիս 15,2017 11:34

Ալավերդիում հունիսի 13-ին հերթական սպանությունը տեղի ունեցավ։ Սա վենդետաների մի շղթա է, որը ոչ մի կերպ փակել չի հաջողվում։ Այս արյունալի դեպքերը երկար տարիների պատմություն ունեն։ Երկու ընտանիքներ հերթով իրար սպանում են՝ մեկը մյուսի վրեժը լուծելով։

Հունիսի 13-ին սպանվածը երեք մանկահասակ երեխաների հայր էր՝ 30-ամյա Կամո Փիրուզյանը։ Նրա վրա կրակել էին Ալավերդու Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի դիմաց, հիվանդանոց չհասած՝ մահացել էր։ Կրակողին՝ 26-ամյա երիտասարդին, բռնել են, սակայն անունը չեն հրապարակում։ 2016 թվականի մայիսի 19-ի կեսգիշերին, ըստ քրգործով հարուցված մեղադրանքի, Կամո Փիրուգյանի եղբայր Վարդան Փիրուզյանը կրակելով սպանել էր Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Ավագյանին եւ Երեւան քաղաքի բնակիչ Էդուարդ Պողոսյանին։ Ըստ տեղեկությունների՝ ի սկզբանե հարձակվել են Վարդան Փիրուզյանի վրա՝ նրան սպանելու համար, սակայն վերջինս կարողացել է խլել զենքն ու ինքն էլ կրակելով սպանել վերոնշյալ անձանց։ Վարդան Փիրուզյանը մինչ օրս գտնվում է հետախուզման մեջ։

Եվ հիմա, փաստորեն, Վ. Փիրուզյանի զոհի հարազատները, չգտնելով Վարդանին, որ իրենց վրեժը նրանից առնեն, մեկ տարի անց որոշել են Վարդանի փոխարեն եղբորը՝ Կամոյին քավության նոխազ դարձնել։ Վենդետան իրականացվել է Վարդան Ավագյանին եւ Էդուարդ Պողոսյանին սպանողի եղբոր նկատմամբ։

Զրուցեցինք ծնունդով ալավերդցի ԱԺ փոխնախագահ Էդուարդ  Շարմազանովի հետ։ «Բոլորին էլ ճանաչում եմ, բոլորին էլ շատ լավ գիտեմ, նախապատմության վերաբերյալ իրադարձությունները բոլորն էլ գիտեն, մամուլի հետ խոսելու կարիք չեմ տեսնում, քանի որ խնդիրը գտնվում է նախաքննության փուլում։ Համոզված եմ՝ իրավապահներն ամեն ինչ կբացահայտեն եւ ինֆորմացիային տիրապետում են»,- ասաց նա եւ հորդորեց իրավապահ մարմիններին չմեղադրել այս հարցում։

«Բայց ոնց կանխեն, իրավապահ մարմինը ոնց կանխի։ Ասենք՝ մեկն Էդուարդ Շարմազանովին չի սիրում, իմ մուտքի դիմաց ինձ գյուլլում է, ո՞նց պիտի կանխի։ Իրավապահ մարմինն ի՞նչ պետք է անի, պիտի 3 տարի շարունակ, ով որ հարց ունի, գնա կողքը կանգնի՞։ Կարող է Հայաստանում ես էլ մեկի դուրը շատ չեմ գալիս, հիմա որ մեկը եկավ, լոմով իմ գլխին տվեց, իրավապահ մարմինն ի՞նչ պետք է անի»։

ԱԺ փոխնախագահի կարծիքով, եթե իրավապահներն անգործության մատնվեին, որեւէ մեկին այսօր ձերբակալած չէին լինի։ Նա նաեւ նշեց, որ ինքը, որպես ալավերդցի, միշտ խաղաղության կողմնակից է եղել. «Բոլորի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ, եւ շատ-շատ բաներ էլ կանխվել են մեր բարիդրացիական եւ ավագ խորհուրդների միջոցով, իսկ թե հիմա սա ինչ է եղել, ոնց է եղել, ես մանրամասներին տեղյակ չեմ, էնտեղ չեմ եղել»:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930