Լրահոս
Օրվա լրահոսը

Կներկայացվի 2 բացառիկ կտավ` Ռուսական արվեստի թանգարանում

Հուլիս 04,2017 16:20

Հուլիսի 6-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր Ա.Աբրահամյանի հավաքածու) տեղի կունենա ԽՍՀՄ Ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, ճանաչված քանդակագործ, գեղանկարիչ և մանկավարժ Նիկողայոս (Նիկոլայ) Նիկողոսյանի կողմից թանգարանին նվիրաբերված երկու կտավների բացում-շնորհանդեսը:

Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ միջոցառումը կուղեկցվի համառոտ դասախոսությամբ վարպետի ստեղծագործության, ռուսական արվեստի հետ նրա կապերի, ինչպես նաև թանգարանի հիմնադիր, մեծանուն բժիշկ-գիտնական, պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հետ նրա առնչությունների մասին: Կներկայացվեն հազվագյուտ արխիվային լուսանկարներ, վավերագրական ֆիլմ և այլ հետաքրքիր նյութեր: Բացմանը ներկա կգտնվի Մոսկվայից ժամանած նկարչի դուստրը՝ Գայանե Նիկողոսյանը, որն իր ձեռամբ թանգարանին մատուցեց մեծ վարպետի նվերը:

Նիկողայոս Նիկողոսյանին և թանգարանի հիմնադիր Արամ Աբրահամյանին մերձեցնում էր ջերմ ընկերությունը, որի ընթացքում արվեստագետը ստեղծել է բժշկի և նրա տիկնոջ՝ Մարիա Աբրահամյանի, մի շարք դիմանկարներ և քանդակ: Արամ Աբրահամյանին և Մարիա Աբրահամյանին պատկերող այդ դիմանկարներից երկուսը այսուհետ կզարդարեն Ռուսական արվեստի թանգարանի հավաքածուն: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ դեռևս 2012 թ. Նիկողայոս Նիկողոսյանը Հայաստանի ազգային պատկերասրահին նվիրել էր բալետի աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայի մարմարյա կիսանդրին:

Այս երկու նվիրատվությունները հնարավոր էին դարձել հենց իր` Ռուսական արվեստի թանգարանի ավագ գիտաշխատող Լիլիթ Սարգսյանի սերտ համագործակցության արդյունքում Նիկողոսյանների ընտանիքի հետ: Վարպետի նվիրատվությունը հայաստանյան թանգարաններին մեծագույն նշանակություն ունի երկրի թանգարանային ֆոնդի և մշակութային ժառանգության հարստացման գործում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31