Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը Բալասանյաններից ներողություն է խնդրում առողջապահության վարչության պետի ցուցաբերած վարքագծի համար

Հուլիս 10,2017 13:58

Ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը օրերս պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։ Պատճառը եղել է Aravot.am-ին տված «300 գրամ ծնվածին ո՞վ էր մարդ համարում, հիմա է, որ ՀՀ քաղաքացի են անվանում». Շիրակի առողջապահության վարչության պետ» վերնագրով հարցազրույցը, որտեղ պաշտոնյան խոսել էր հունիսի 16-ին Արթիկի «Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» 800 գրամ քաշով նորածնի մահվան հանգամանքների մասին։ Նրա արտահայտած մտքերը բավական մեծ աղմուկ էին բարձրացրել․ վարչության պետի ու Շիրակի նորանշանակ մարզպետի միջև տարաձայնություններ էին ծագել այս հրապարկման շուրջ, որն էլ ավարտվել էր պաշտոնյայի հրաժարականով։

Նկատենք, սակայն, որ Հովհաննես Հովհաննիսյանին մնացել էր ընդամենը 20 օր պաշտոնավարման, քանի որ նա դառնում է 67 տարեկան, լրանում է «Քաղծառայության օրենքով» թույլատրելի առավելագույն ժամկետը։ Հովհաննես Հովհաննիսյանը հարցազրույցից անմիջապես հետո նորից պարզաբանում էր տվել Aravot.am-ին, ըստ էության ընդունել էր իր սխալը, մահացած նորածնի ծնողներից հրապարակավ ներողություն խնդրել ու նշել, որ շփոթմունք է եղել․ սխալմամբ «300 գրամ» քաշի փոխարեն ասել է «800 գրամ» ու ստացվել է այնպես, որ 800 գրամ քաշով ծնված երեխային չի կարելի լիարժեք մարդ համարել։

Aravot.am-ին այս թեմայի շուրջ այսօր գրավոր պարզաբանումներ է ներկայացրել նաև Շիրակի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանը։ Վերջինս պարզաբանել է հետևյալը․ «ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հ․Հովհաննիսյանի Aravot.am-ին տված հարցազրույցի ժամանակ արտահայտած մտքերի վերաբերյալ տեղեկացնում եմ․

Վարչության պետի հարցը ս․թ-ի հուլիսի 4-ին քննարկվել է մարզպետարանի քաղաքացիական ծառայողների էթիկայի հանձնաժողովի նիստում, արձանագրելով հետևյալը․

Հ․Հովհաննիսյանը հարցազրույցում հրապարակավ արտահայտել է քաղաքացիական ծառայողի էթիկայի կանոնները խախտող մտքեր, տվել է փաստերի վերաբերյալ չհիմնավորված գնահատականներ, անձնական կարծիքը ներկայացրել է որպես մասնագիտական կարծիք, տալով անթույլատրելի կոպիտ որակավորումներ, այդ թվում մասնագիտական սխալներ, և ըստ այդմ վերազանցել է ծառայողական պարտականությունները, խաթարելով հանրային բարոյական նորմերը, իր գործողություններով անհարկի առաջացրել է հանրային բուռն քննարկումներ։ Ավելին Հ․Հովհաննիսյանը իր արտահայտած մտքերով ոչ միայն չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի վստահության և հարգանքի ձևավորմանն, այլ խաթարել այն։

Մարզպետի կարգադրությամբ ծառայողական լիազորությունները վերազանցելու համար ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հ․ Հովհաննիսյանին ս․թ․հուլիսի 6-ին հայտարարվել է նկատողություն։

Հայցում եմ Բալասանյանների ընտանիքի և ողջ հասարակության ներողամտությունը մարզպետարանի աշխատակցի ցուցաբերած վարքագծի համար»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31