Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռադիկալ ընդդիմադիրները 10000 դրամ էլ չարժեն»

Օգոստոս 04,2017 14:30

Մեր զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:

– Խորհրդարանական ընդդիմությանը, ինչպես ցույց տվեցին կառավարության հնգամյա ծրագրի քննարկումները, հիմնական գործընթացները կապում է 2018-ի ապրիլի հետ, երբ ավարտվում են նախագահի լիազորությունները եւ հիմնական դերակատարը ՀՀ-ում դառնում է վարչապետը: Ներպետական եւ ներիշխանական ցնցումների մասին կանխատեսումներ հնչեցին: Ձեր կարծիքով կլինի՞ լարվածություն, թե՞ ոչ:

-Երրորդ Հանրապետության պատմության մեջ թերևս առաջին անգամ իշխանությունը վտանգ չի տեսել վերարտադրության հարցում, նաև վստահ է, որ ներիշխանական ցնցումներ չեն լինի 2018թ.-ին՝ Սերժ Սարգսյանի, որպես նախագահի, լիազորությունների դադարեցումից հետո: Անկասկած, Կարեն Կարապետյանը վարչապետ է նշանակվել նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ու կշարունակի պաշտոնավարել 2018-ից հետո, թե՞ այլ կարգավիճակ կունենա, դա նույնպես կլինի համաձայնեցված: Հետևաբար, այն սցենարը, որին, ինչպես նշեցիք, սրտատրոփ սպասում են որոշ ընդդիմադիրներ, որպեսզի իրենց համար գործունեության «ֆրոնտ» բացվի. 2018-ին վարչապետի հարցը կհանգեցնի ներիշխանական ցնցումերի, որը կակտիվացնի ընդդիմադիրներին, ինչը կհանգեցնի ներպետական ցնցումների, դրանից կօգտվի մեր թշնամին ու սահմանային լարվածությունը շեշտակի կմեծանա, ինչն էլ բազմակի ուժգնությամբ կվերադառնա երկիր ու կառաջացնի պայթյուն, թեպետ ասում են՝ քաղաքակնության մեջ ոչինչ չի բացառվում, բայց ես ինձ թույլ կտամ հերթական անգամ անզգույշ լինել ու ասել, որ ես բացառում եմ նման զարգացումը:

Ասածս չի նշանակում, որ լավ է, որ այսպես է ստացվել, ես միշտ էլ կողմնակից եմ եղել փոփոխությունների: Աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներում անգամ ընտրությունների միջոցով պարբերաբար փոխվում են քաղաքական թիմերը, արդյունքում նաև ամենաարդյունավետ գործող կառավարությունները, ու դրանից տվյալ երկրները միայն շահում են: Ցավոք, մեզանում քաղաքական գործընթացն ի սկզբանե ճիշտ հունով չգնաց: Այսքան տարի ասեցին` մեր ժողովուրդը համբերություն չունի, որ երկար սպասի ու հարկավոր է առաջիկա մի քանի օրվա ընթացքում հեղափոխական ճանապարհով հասնել իշխանափոխության, սակայն դրանով միայն «անհամբեր» ժողովրդին հուսախաբ արեցին 25 տարի շարունակ, մինչդեռ այդքան ընթացքում, էվոլյուցիոն ճանապարհով, բարեփոխումները «վերևից» նախաձեռնելու պարագայում, հասարակության աջակցությամբ, ինչպես նաև՝ զօրուգիշեր ճնշման արդյունքում, այժմ կարող էինք մեր երկիրը որակապես այլ մակարդակի բարձրացնել: Իսկ հիմա, վերջին համապետական ընտրություններում պարտվելու ու հետընտրական ընդվզումների բացակայության պարագայում, ռադիկալ քայլերի կողմնակից հասարակության մի ստվար զանգված կանգնեց փաստի առաջ՝ «ներքևից» ոչինչ չստացվեց, «վերևին» հանդուրժելու մտքի հետ էլ դեռ չի կարողանում հաշտվել:

Ի դեպ, շուրջ քսանհինգ տարվա մեջ առաջին անգամ իշխանությունները կադրերի ընտրության հարցում կարող են չառաջնոդվել՝ «Պոլի փետ լինի՝ մերը լինի» սկզբունքով, ու այժմ կարող են պետական ծառայության վերցնել այնպիսի գործիչների, որոնց մարդկային ու պրոֆեսիոնալ որակները շատ կարևոր են երկրի համար, անգամ եթե նրանք որոշ հարցերում տարաձայնություններ ունեն իրենց հետ: Սա իշխանությունն ամրացնում է, ոչ թե թուլացնում, քանի որ բազմակարծությունը տեղափոխվում է կոնստրուկտիվ քննարկման հարթակ: Պարզ ասած. իշխանական «ամրոցին» վտանգ չի սպառնում, որպեսզի մեծաքանակ «ամրոց պահողներ» ունենան իրենց կողքին՝ բիրտ ուժի տեսքով, առավել ևս, ստիպված լինեն հսկայական ռեսուրսներ ծախսելու՝ «ամրոցն անառիկ» պահելու համար: Չէ՞ որ, այդ միջոցներով կարող ես այնքան հարց լուծել երկրում, այնպիսի բարենպաստ վիճակ ստեղծել՝ ապրելու ու արարելու համար, որ մարդիկ լծվելով ստեղծագործ աշխատանքի՝ դժգոհների թիվը կտրուկ կնվազեցնեն: Ի դեպ, վերջին համապետական ընտրություններն ու հետընտրական զարգացումները, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը, ցույց տվեցին, որ բավարար ռեսուրս ունեցող, «ամրոցը պաշարելու» ունակ, հասարակությանն այդ քայլին տանող լիդերներ էլ չկան, ու պարզ չի, թե երբ կլինեն:

– Բայց հասարակությունը գոհ չէ իշխանությունից:

– Այո՜, թեպետ հասարակության մեջ հսկայական չափերի են հասնում դժգոհությունն՝ իրենց ապրելակերպից ու իշխանությունների վարած քաղաքականությունից, սակայն փորձ անգամ չարվեց հետընտրական ցնցումների միջոցով, կամ էլ հաղթելու համար ամեն ինչին պատրաստ լիդերներին սատարելու ճանապարհով գնալու, արյան գնով հաջողության հասնելու: Դրանով իսկ մեր հասարակությունն ամաչեցնելու աստիճան օժանդակեց իշխանություներին, որպեսզի վերջիններս, իրենց պարտավորված զգալով, ի նպաստ մեր երկրի ու ժողովրդի առարկայական քայլեր անեն, երկրում զարգացումները վերջապես մտցնելով բնականոն հուն: Պետք է գիտակցել, որ հասարակության կողմից իշխանություններին տրված այս քարտ-բլանշը երկարաժամկետ կտրվածքով չէ, ու այն չի կարելի չարաշահել: Իսկ եթե այս վիճակն ինքնավստահ իշխանություններին ավելի անտարբեր դարձնի հասարակության ցավուդարդի հանդեպ, ապա դա կարող է ժողովրդին դրդել դեպի ռադիկալ հուն, ինչը մեր բարդ տարածաշրջանում, աշխարհաքաղաքական ներկայիս լարված վիճակում, չավարտված պատերազմի պարագայում, խիստ անցակնալի է: Վերջապես, եթե հավաստիացնում են, որ ունակ են բարեփոխումներ իրականացնելու «վերևից», գոնե որպես առաջին քայլ հասարակությունը պետք է տեսնի, որ առաջին հերթին այդ «վերևն» է բարեփոխվում, ու սա միայն կադրերին չի վերաբերում, որակապես այլ մոտեցում պետք է դրսևորվի իշխանություն-հասարակություն փոխհարաբերություններում, ու դրա նախաձեռնողը պետք է լինեն հենց իշխանությունները:

– Խոսում եք նոր մոտեցումներից՝ կադրային քաղաքականության հարցում. նկատի ունեք ընդդիմադիր գործիչ Ալեքսանդր Արզումանյանի՞ նշանակումը դեսպանի պաշտոնում:

-Չեմ ուզում սևեռվել այդ նշանակման վրա, ու մի մասնավոր դեպքը համարել վարվող քաղաքականության ապացույց, ավելի շուտ կարելի է ասել, որ նոր իրավիճակում նոր մոտեցում դրսևորելու հնարավորություն է առաջացել, ու Ալեքսանդր Արզումանյանի նշանակումը տեղավորվում է այդ սցենարի մեջ:

Միտքս հստակեցնելու համար բերեմ մի օրինակելի օրինակ: Վերջին շրջանում ԱՄՆ ամենասկանդալային նախագահը Ջորջ Բուշ կրտսերն էր՝ իր ագրեսիվ ու անհավասարակշիռ արտաքին քաղաքականության պատճառով, ինչը հատկապես արտահայտվում էր ռազմական անհարկի միջամտությամբ՝ այս կամ այն երկրի ներքին գործերին: Ուստի, Բուշի պաշտոնավարման ավարտից հետո, Հանրապետականները շանս չունեին ընտրություններում հաղթելու: Դեմոկրատների թեկնածու Բարակ Օբամայի քարոզչության հիմնական թիրախը Հանրապետականների վարած ռազմական քաղաքականության ձախողումներն էին, ինչի արդյունքում, ըստ նրա՝ զգալիորեն տուժել էր ԱՄՆ միջազգային վարկը: Օբաման հաղթեց, բայց խնդրեց, որ Բուշի վարչակազմի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը գոնե մեկ տարի շարունակի պաշտոնավարել, որպեսզի կարողանան այդ տրամաչափի փորձառու փոխարինող պատրաստել: Թեպետ գտնում էին, որ վարվել է սխալ ռազմական քաղաքականություն, բայց նախարարն այնքան փորձառու էր, որ նրա հեռանալուց հետո կորուստներն ավելին կլինեին: Արդյունքում, համոզելով նրան աշխատեցրեցին ոչ թե մեկ, այլ՝ երկուսուկես տարի: Սա է պետական մտածողությունը, որը, ցավոք, մեզանում հաճախ բացակայում է, հավանաբար տևական ժամանակ անկախ պետականությունից զրկված լինելու պատճառով: Շուրջ երեք հարյուր միլիոն բնակչություն ունեցող, աշխարհի ամենահզոր երկիր հանդիսացող ԱՄՆ-ում մի կադրի պրոֆեսիոնալիզմն ու կազմակերպական որակներն այնքան է կարևորվում, որ հաղթած նախագահը «ոտուձեռ» է ընկնում՝ հանուն իր պետության շահերի, խնդրանքով դիմում նրան, որ շարունակի պաշտոնավարել, իսկ մենք ասում ենք. ամեն ինչից զուրկ ենք կամ սակավ հնարավորություններ ունենք, միակ արժեքավոր կապիտալը մեր ժողովրդի ինտելեկտուալ պոտենցիալն է, բայց, մեր շուրջը նայելով, կարող ե՞նք ասել, որ ինտելեկտն ու պրոֆեսիոնալիզմը մեզանում արժևորված են:

– Ընտրություններում իր պարտությունը ընդդիմությունը բացատրում է զանգվածաբար բաժանված ընտրակաշառքով: Ընտրակաշառքն, իսկապես, զանգվածային բնույթ էր կրում: Դա արդարացնո՞ւմ է ընդդիմադիրներին:

-Ընտրակաշառք անկասկած եղել է, ինչը քրեորեն հետապնդելի արարք է, որով իրավապահները պիտի զբաղվեն: Բայց ասեմ նաև, որ իմ ղեկավարած հասարակական կազմակերպություններից մեկով 93 մասնակցով դիտորդական առաքելություն ենք իրականացրել ընտրատեղամասերում ու դա եղել է զուտ իրավիճակը ներսից տեսելու ու օբյեկտիվ գնահատելու համար: Դա է պատճառը, որ հայտարարությամբ հանդես չենք եկել, և այդ մասին հայտում եմ ընտրություններից ամիսներ անց, երբ այդ հարցը տվեցիք: Այսպես. ընտրատեղամասերում ընտրողները միանգամայն ազատ էին իրենց կամարտահայտության մեջ: Իսկ եթե ընտրությունների արդյունքների հետ որոշ չհաշտվողներ ասում են՝ ժողովուրդը 10000 դրամ արժե, ապա ժողովուրդն իր վերաբերմունքով ասաց ռադիկալ ընդդիմադիրներին, որ դուք 10000 դրամ էլ չարժեք, քանի որ իրենք հնարավորություն ունեին ընտրակաշառք վերցնելու, անգամ մի քանի հոգուց, բայց ձայնը տալու՝ ում ուզեին, սակայն արմատական ընդդիմադիրներին չտվեցին:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ 

03.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031