Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԺՄԻ

Օգոստոս 26,2017 15:00
merujan Ter-Gulanyan

Կամ երեք երկաթյա
գիշերներ

Այսինքն թե՝ ժամանակից դուրս, այդպես, Ջավախք մեր երկրում անվանում էին գիշերահավասարին, երբ երեք օր ժամանակը կանգ է առնում, ինչը Կնուտ Համսունը անվանում է երեք երկաթյա գիշերներ, երբ ո՛չ ցերեկն է երկարում եւ ո՛չ գիշերը՝ կարճանում…

Եվ թեեւ ժամանակը կանգ է առնում, բայց մենք շարունակում ենք ապրել:
Հին ինկերն այդ օրերին ազատ էին բոլոր պարտականություններից, եւ՛ թագավորը, եւ՛ ստրուկը նույնիսկ: Այդ օրերին ամեն ինչ թույլատրվում էր. պարտք վերցնել ու չվերադարձնել, սուտ խոսել ու չպատժվել, խոստանալ ու չկատարել…
Չէ՞ որ բոլորը ժամանակից դուրս էին:

Ժամանակը կանգ էր առել, բայց շարժումն ու ժամանակը միշտ վերադառնում են, եւ իրենց հետ վերադառնում է նաեւ մեր հիշողությունը անժամանակ օրերի մասին, ուր մենք նորից հայտնվում ենք իրար դեմ դիմաց եւ հասկանում, որ շատերս միշտ էլ ժամանակից դուրս ենք ապրել…
Եվ ժամանակից դուրս, մի օր մեր գյուղի ցուլը եւ Բալխո գյուղի գոմշացուլը կռվեցին: Ուժի ընտրություն էր:

Երկու գյուղով հավաքվել, ուզում էին բաժանել. անասուններն ափսոս էին: Արեւի տակ փայլում էր մեր գյուղի փոքրամարմին ցուլի ձիգ մեջքը, եւ լսվում էր գոմշացուլի հզոր թառանչը: Տղամարդիկ ամեն ինչ արեցին, որ բաժանեն կռվողներին, բայց չկարողացան: Գոմշացուլը վերջում հրեց, հրեց ցուլին ու ցած գցեց քարափից:
Հետո հայտնի չէ՝ հաղթողի՞, թե՞ պարտվածի արյունախեղդ ձայնով հսկա գոմշացուլը բառաչեց դեպի երկինք ու ընկավ պատառոտված փորով՝ թպրտալով սեփական արյան մեջ…
Մեր գյուղի հրաշալի ցուլ, որ չվախեցավ իրենից ուժեղից եւ գոտեմարտը ընդունեց արժանապատիվ:

Եվ դա ժամանակից դուրս էր…

Եվ այդ ողբերգական տեսարանից հետո ես տեսա, թե ինչպես, ոտքերը հոսող ջրի մեջ կախած, դեռեւս կանաչ շիվը ձեռքին, ջրերի հետ խաղալով, կարծես ինքն իր համար խոսում էր մեր գյուղի հարյուրամյա Մանիկ տատմերը.

– Հազար ծնունդ ընդունեցի իմ կյանքում, բայց չճանաչեցի նրանց կյանքը, ինչպես որ չկարողացա բռնել ջուրը հոսող, որ մեր կյանքի ժամանակն է… Ու չգիտեմ՝ ես գտա՞, թե՞ կորցրի, եթե կորցրել եմ՝ ի՞նչ էր եւ ո՞վ գտավ, իսկ եթե գտել եմ՝ ո՞ւմ կորցրածն էր:
Եվ այդ ամենը ինձ թվում է, որ ժամանակից դուրս էր:

 

ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ

«Առավոտ»

25.08.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031