Լրահոս
Օրվա լրահոսը

Բավրայի նոր անցակետն արդեն պատրաստ է. Եվրամիությունը 50 միլիոն եվրո է հատկացրել (Ֆոտոշարք)

Հոկտեմբեր 01,2017 23:37

Այսօր տեղի ունեցավ ՀՀ պետական սահմանի «Բավրա» նոր անցակետի բացումը, (տարածքը 11 հեկտար է), որին մասնակցում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն, Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ և այլք։ Պյոտր Սվիտալսկին լրագրողների հետ զրույցում  տեղեկացրեց, որ Եվրոպական Միությունը դրամաշնորհների և վարկերի միջոցով մոտ 50 միլիոն եվրո է հատկացրել այս ծրագրի իրականացման համար։ Խոսքը Բագրատաշենի, Գոգավանի և այսօր նաև Բավրայի անցման կետերի արդիականացման  ծրագրի մասին է։ Պյոտր Սվիտալսկու խոսքերով, սահմանի բաց ու բարեկամական լինելը բխում է և՛ Հայաստանի, և՛ Վրաստանի շահերից. այն կնպաստի տնտեսական կապերի, զբոսաշրջության զարգացմանը։

«Դրամաշնորհը տրամադրվել է Եվրոպական հանձնաժողովի միջոցով, իսկ վարկային միջոցները՝ եվրոպական ներդրումային բանկի։ Այդ գումարը կազմում է ծրագրի արժողության մոտ 90 տոկոսը։ Երբ ասում ենք ծրագիր, նկատի ունենք Բագրատաշենը, Գոգավանը և այսօր նաև Բավրան։ Ծրագրի իրականացման նպատակը շատ պարզ է. մենք ցանկանում ենք մեծացնել Հայաստանի կապվածությունն արտաքին աշխարհի հետ։ Իսկ կապվածության խթանումը, ընդլայնումը Եվրոպական հարևանության քաղաքականության կարևորագույն սյուներից մեկն է։ Եվ եթե Հայաստանն ավելի լավ է կապակցված արտաքին աշխարհի հետ, դա խթանում է ավելի արագ աճը, քաղաքացիների համար ստեղծում է շոշափելի օգուտներ։ Իսկ Հայաստանի ու Վրաստանի ավելի մեծ փոխկապակցվածությունն ակնհայտ օգուտներ ունի նաև այն իմաստով, որ Հայաստանը և Վրաստանը բարեկամական երկրներ են և հինավուրց քրիստոնեական ազգեր են։ Հայերը և վրացիները երկար դարեր հարևաններ են և շնորհիվ  այս կապակցվածության ընդլայնման և ժամանակակից անցակետերի, հնարավորություն կունենան խթանել թե՛ կապերը իրար հետ, թե՛ սա կնպաստի տնտեսական գործունեության ընդլայնմանն, ինչպես նաև զբոսաշրջության աճին։ Տեսնում եք, որ ստեղծված պայմաններն արդիական են, ժամանակակից են, եվրոպական են», -ասաց Պյոտր Սվիտալսկին։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն էլ ասաց. «Կարծում եմ հրաշալի աշխատանք է կատարված, անցած տարի այստեղ էինք և հիմա, երբ որ նայում ենք կատարված աշխատանքին, մենք ուղղակի հրճվում ենք, որ հասել ենք այս կետին՝ Բավրայի արդիականացման աշխատանքներն ավարտված են։ Սա երրորդ սահմանային անցակետն է  Վրաստանի և Հայաստանի միջև, որն արդիականացվեց։ Թե ինչու ենք մենք այսքան մեծ կարևորություն տալիս այս հանգամանքին, այն հնարավորություն է տալիս Հայաստանին ավելի ընդլայնել կապակցվածությունն արտաքին աշխարհի և տարածաշրջանի երկրների հետ։ Մի կարևոր հանգամանք, որ կուզենայի հատուկ ընդգծել այն է, որ մեր սահմանների բաց լինելը, արդիականացումը հնարավորություն է տալիս խթանել առևտուրը, զբոսաշրջությունը և ընդհանրապես ապահովել սահմանների ավելի բարձր անվտանգությունը։ Եթե դուք զբոսաշրջիկ եք կամ ներդրող, սովորաբար սահմանային անցակետներն են տալիս ձեզ առաջին տպավորությունն այն մասին, թե ինչքանով է երկիրը բաց, կապակցված և պատրաստ բիզնեսի համար»։

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն էլ իր ելույթում նշեց. «Բավրա անցակետի վերակառուցման աշխատանքներն իրականացվել են ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև 2012 թվականին ստորագրված «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա», «Գոգավան» անցման կետերի արդիականացում ծրագրերի շրջանակում։ Բավրա անցակետի արդիականացումը ՀՀ հյուսիսային սահմաններ վերակառուցման ընդհանուր ծրագրի վերջին բաղադրիչն է, որի հաջող ավարտի ականատեսն ենք մենք այսօր։ Ի տարբերություն նախկինի, եթե սահմանային անցակետերի ծառայությունները տեղակայված էին իրարից հեռու տարբեր վայրերում, ներկայումս գործում ենք մեկ վայրում, որի արդյունքում էլ վերացվել է մեկ կանգառի սկզբունքի ներդրման հիմնական խոչընդոտը։

Ըստ Վարդան Հարությունյանի ծրագրի վերջնանպատակն է սահմանը հատող ֆիզիկական ու իրավաբանական անձանց մեկ պատուհանից ամբողջ ծավալով ծառայությունների մատուցումը։

«Անցակետի արդիականացումն առաջին ու ամենածավալուն փուլն է, «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ամբողջական կիրառումը առաջիկայում հնարավորություն կտա մեծացնել անցակետի թողունակությունը, կրճատել մարդկանց և ավտոմեքենաների կուտակումները։ Հարկ է նշել, որ սննդի անվտանգության պետական ծառայության և մաքսային մարմինների միջև փոխգործակցությունն արդեն իրականացվում է «Մեկ կանգառ, մեկ սկզբունք» ծրագրի շրջանակներում։ Անցակետերի արդիականացման ծրագրի նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների ապահովման միջոցով Հայաստանի պետական սահմանի անվտանգության, ինչպես նաև քաղաքացիներին և տնտեսվարողներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումն է՝ նվազեցնելով սահմանի անցակետերում տարբեր մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետ կապված ռիսկերը»,- ասաց պետական եկամուտների կոմիտեի նախագահը։

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական վարչության պետ Փաշայանն էլ շեշտեց, որ անցակետի արդիականացումը կնպաստի սահմանով անցնող ֆիզիկական անձանց, ինչպես նաև ապրանքների ազատ տեղաշարժը, միաժամանակ պահպանելով սահմանային և տնտեսական  անվտանգությունն ու բացառելով կոռուպցիոն ռիսկերը։  Նա նշեց, որ նախկինում ունեինք երկու ուղիներ, ամեն կողմից երկու ուղի, իսկ արդիականացված պայմաններում ունենք 4 ուղի՝  բեռնատար, 2 մարդատար, մեկ մեծ չափսերի տրանսպորտային միջոցների և 4 հետիոտների համար։

Նախկինում կար մեկ էլեկտրոնային կշեռք, որը սպասարկում էր ամբողջ մաքսակետը արտահանման և ներմուծման համար, հիմա մուտքի վրա կա 2 էլեկտրոնային կշեռք, ելքի վրա՝ մեկ։ Արդիականացումից հետո արդեն կան բեռնատարների, ավտոբուսների ռենտգենային զննման սարքավորումներ, 600 քառ. մետր մակերեսով մասնագիտացված զննման մասնաշենք, քաղաքացիների սկանավորման համար 2 ռենտգեն սարքավորումներ, որը նախկինում չի եղել, ուղեբեռների ռենտգեն զննման սարքավորումներ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031