Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Պետրոսյան. «Ամեն մի հաղթանակ մի քայլ առաջ է մեզ համար» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 04,2017 22:22

Հոկտեմբերի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և մամուլի ասուլիսը.

– Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել պաշտպանության բացերը: Նոր փորձարկում սպասվու՞մ է առաջիկա խաղերին:

– Բոլորս էլ գիտենք մեր հավաքականի խնդիրները: Պետք է փորձենք բացակայող ֆուտբոլիստների բացը լրացնել: Եթե մեկը բացակայում է, ապա դա մյուսի համար հնարավորություն է, և նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փորձեն օգնել թիմին:

– Որպես ֆուտբոլիստ արդեն խաղացել եք Լեհաստանի դեմ, ինչպիսի՞ հիշողություններ ունեք այդ հանդիպումից:

-Շատ լավ հիշում եմ այդ խաղը: Ավելի շատ նման էր կռվի, քան ֆուտբոլային հանդիպման (ծիծաղում է-խմբ.): Մեր թիմը ստացավ երեք, իսկ լեհերը՝ մեկ կարմիր քարտ: Շատ լավ հիշում եմ նաև իմ խփած գնդակը: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, որը, կարծում եմ, դրական արդյունք էր մեր թիմի համար:

– Վերջին շրջանում անընդհատ մարտավարական փոփոխություններ եք անում պաշտպանության դիրքում: Ո՞րն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ տակտիկա՝ 2, թե 3 կենտրոնական պաշտպանով խաղը և ինչպիսի՞ տեսք կունենա մեր պաշտպանությունը վաղվա խաղում:

– Ինձ ավելի հոգեհարազատ է 2 կենտրոնականով խաղը, բայց այդ ամենը կախված է մրցակցից: Վաղվա խաղի մասին երևի հիմա չասեմ, բայց փորձելու ենք ամեն դեպքում մեր ունեցած խնդիրներին լուծում տալ:

– Ինչպե՞ս եք պատրաստվում չեզոքացնել Ռոբերտ Լևանդովսկուն։

– Նրան չեզոքացնելը շատ բարդ է, բայց եթե ցանկանում ենք վաղը դրական արդյունքի հասնել, ապա պետք է փոխօգնությունը աշխատի, և եթե դա ստացվի՝ ապա հնարավոր է դրական արդունքի հասնել:

– Երկու խաղից կավարտվի Աշխարհի առաջնության նախընտրական փուլը: Կմնա՞ք և ուզու՞մ եք արդյոք մնալ հավաքականի ղեկին:

– Հիմա մտածում եմ մոտակա երկու խաղերի մասին: Դրանցից հետո արդեն վերջնական որոշումը կկայացնեմ: Այս պահին ձեր հարցի պատասխանը չունեմ:

– Ցավոք, վերջին երկու խաղերում հաղթանակները հավաքականին այլևս ոչինչ չեն տա։ Ինչպե՞ս եք պատրաստվում մոտիվացնել տղաներին:

– Տղաներին մոտիվացնելու խնդիր չկա, քանի որ մենք այն հավաքականը չենք, որ շատ հաղթանակներ ենք տոնում: Ըստ իս՝ ամեն մի հաղթանակ մի քայլ առաջ է մեզ համար, և դրա համար տղաները մոտիվացված են, որովհետև իրենք հասկանում են, թե ինչ է նշանակում ամեն մի հաղթանակը մեզ համար: Լեհաստանի դեմ խաղալն ինքնին մոտիվացիա է մեզ համար:

– Այս անգամ մի քանի նոր ֆուտբոլիստներ ունենք հավաքականում: Ինչպե՞ս են այս մի քանի օրերի ընթացքում իրենց դրսևորել և արդյոք կտեսնե՞նք նրանց վաղը խաղադաշտում:

-Գեղամ Կադիմյանը եղել է արդեն հավաքականում, նա նոր ֆուտբոլիստ չէ: Վերջին շրջանում իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է և շատ լավ մարզավիճակում է: «Շիրակից» հրավիրել ենք Ռոբերտ Դարբինյանին և Արտյոմ Միքայելյանին, որովհետև իրենց թիմում բավականին հաջող են խաղում, իսկ մենք պաշտպանությունում խնդիրներ ունենք։ Արտյոմ Սիմոնյանն էլ, երբ ունեցել է խաղային պրակտիկա, հրավիրվել է հավաքական: Ի ուրախություն մեզ՝ նա հիմա խաղաժամանակ ստանում է «Ալաշկերտում»:

– Թե Մելիքսեթյանը և թե Բեգլարյանը բավական հաջող խաղ են ցուցադրում առաջնությունում: Ո՞ւմ եք վստահելու դարպասը վաղվա խաղին:

– Որոշումը կա, վաղը կտեսնեք:

– Հարձակման գծում այս անգամ բացակայում է Արթուր Սարկիսովը: Ինչպիսի՞ հարձակում եք պատկերացնում առաջիկա երկու խաղերի համար:

– Շատ եմ ցավում Սարկիսովի համար։ Արդեն խոսել եմ հետը, վիրահատությունը հաջող է անցել, և հիմա նա գտնվում է վերականգնողական փուլում: Միակ դիրքը, որտեղ մենք խնդիր չունենք, դա հարձակումն է:

– Առաջիկա երկու խաղերը որոշիչ են զամբյուղների ձևավորման հարցում: Հայաստանը վերջին ամիսների ընթացքում C խմբում էր, իսկ հիմա նահանջել է D խումբ, որտեղից ավելի հեշտ է Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելը: Ձեզ համար ո՞ր խմբում է ավելի նախընտրելի հայտնվելը:

– Ազգերի լիգայի հետ կապված` չեմ մտածում, որ պետք է դուրս գանք դաշտ, պարտվենք, որ մնանք D խմբում: Եթե կարողանանք հաղթել լեհերի այս ուժեղ թիմին, որոնք վերջին 10 տարում այսքան ուժեղ հավաքական չեն ունեցել, դա հայկական ֆուտբոլի համար մեծ հաջողություն կլինի: Այդ պատճառով էլ այս պահին դրա մասին մտածելն իրոք անիմաստ է: Պետք է խաղանք, փորձենք դրական արդյունքի հասնել, իսկ հետո ինչ լինելու է, թող լինի: Ազգերի լիգային դեռ մեկ տարի կա:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031