Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամուլսարի հանքի շահագործման փորձաքննությունն, ըստ արտասահմանյան փորձագետների, թերի է կատարվել»

Նոյեմբեր 30,2017 18:30

Այսօր վարչական դատարանում Ամուլսարի գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ Վայոց ձորի մարզի Գնդեվազ համայնքի 12 բնակիչներ, «Էկոլոգիական իրավունք» եւ «Էկոդար» բնապահպանական հասարակական կազմակերպությունները արդեն մեկ տարուց ավելի է հայցով դիմել են դատարան եւ պահանջում են չեղարկել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը թույլատրող փաստաթղթերը: Հանքի շահագործման թույլտվությունը ստացել է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
Aravot.am-ի հետ զրույցում հայցվորի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ այսօր դատարանին են ներկայացրել բավականին ճանաչված փորձագետների կողմից տրամադրված փորձագիտական եզրակացություն: Այս եզրակացությունն, ինչպես Ալումյանն ասաց, մեր օրենսդրությամբ համարվում է ոչ թե փորձագիտական եզրակացություն, այլ՝ մասնագիտական կարծիք: «Թեկուզ այդպես, դրանից ոչինչ չի փոխվում: Համարենք դա մասնագիտական կարծիք է, բայց այդտեղ շատ կարեւոր կետեր կան, որոնցով հաստատվում է մեր հայցը: Դրա հետ միաժամանակ ենք մեր հայցի հիմքում որոշակի լրացումներ կատարեցինք, լրացուցիչ հիմքեր ավելացրեցինք մեր հայցում, հիմքեր, որոնք բխում են փորձագիտական եզրակացությունից»,-ասաց Ալումյանը: Նրա խոսքերով՝ փորձագիտական եզրակացությունը տվել են Կանադայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից հայտնի փորձագետներ:

«Փորձագիտական եզրակացությունում կային թթվային դրենաժի վերաբերյալ վերլուծություններ, եւ այնտեղ նաեւ մատնանշված էր, թե ինչ լուրջ բացեր է ունեցել մեր պետական բնապահպանական փորձաքննությունը: Այս փաստարկներով մենք լրացրեցինք մեր հայցադիմումը, որից ելնելով դատարանը որոշեց, որ պետք է տրամադրվի երկշաբաթյա ժամկետ մյուս կողմերին, որպեսզի նրանք ծանոթանան մեր լրացումներին, փաստաթղթերին եւ անհրաժեշտության դեպքում իրենց դիրքորոշումը ներկայացնեն»-ասաց փաստաբանը:

Արտասահմանցի փորձագետների տրամադրած եզրակացությունն, ըստ Ալումյանի,

ապացուցում է, որ ճիշտ չեն կատարված այն հաշվարկներն ու այն հնարավոր ռիսկերը, որոնք արտացոլված են մեր բնապահպանական փորձագիտական եզրակացության մեջ. « Հաշվարկված չեն շատ էական ռիսկեր կապված թթվային դրենաժի հետ: Այն միջոցառումները, որոնք պետք է իրականացնեին ջրամաքրման հետ կապված թունավոր նյութերի արտահոսքը դեպի ստորգետնյա ջրեր, դեպի գետերը բացառելու ուղղությամբ, այդ հաշվարկներն ու միջոցառումները բավարար չեն, եւ մեծ ռիսկեր կան դրանց հետ կապված: Հիմնական եզրակացությունն այն է, որ մեր պետական բնապահպանական փորձաքննությունը կատարվել էր թերի, բաներ կան, որ առհասարակ չեն քննարկվել, հաշվի չեն առնվել, իսկ այն, ինչ էլ քննարկվել է, լուրջ, թերություններ կան հաշվարկների մեջ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930