ԱԺ-ում կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացրեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկում կատարել օրենքներում: Օրակարգում ներառված են «Շահութահարկի մասին», «Բյուջետային համակարգի մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը:
«Ելք» խմբակցության անունից Արտակ Զեյնալյանը դժգոհեց, որ կարեւոր իրավական ակտեր մի օրենքի մեջ է դրել կառավարությունը եւ հրատապ ռեժիմով բերում է քննարկման, ուստի իրենք դեմ են քվեարկելու:
«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցրեց՝ նո՞ր է հիշել կառավարությունը այս օրենքները, ինչո՞ւ է միշտ դեկտեմբերի վերջին գալիս: Արամյանը պատասխանեց. «Հասկանում եմ ձեր մտահոգությունը, հասկանում եմ, որ ռեսուրսներ եք ծախսում, բայց կյանքը շարունակվում է եւ մշտապես կարող են նման իրավիճակներ լինել»: Նա ասաց, որ բոլոր երկրներում էլ լինում են այսպիսի իրավիճակներ:
Մարուքյանն ասաց. «Իբր թե խորհրդարանական երկիր ենք դառնում, բայց սա խորհրդարանական երկրի պրակտիկա չի, պետք է հանգիստ քննարկենք օրենքները, առանց կարդալու խորհրդարանում դակվելու են օրենքները ու գնան: Կառավարությունը չպետք է վերջին պահին հիշի այս բաները»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն էլ դժգոհեց. «Հարկային օրենսգիրքը դեռ նոր է մտել ուժի մեջ, դուք մեկ տարի առաջ ֆինանսների նախարար էիք, չէ՞, բա էն ժամանակ ի՞նչ էիք մտածում, արմատական փոփոխություններ եք բերել: Դուք ասում էիք՝ ամեն ինչ հաշվարկված է, չի մտել դեռ ուժի մեջ, էլի բերել արմատական փոփոխություններ եք անում: Դրա համար պետք էր լուրջ մտածել, նոր այդ փաթեթը բերել»:
Վարդան Արամյանը պատասխանեց, որ այն ժամանակ, երբ Հարկային օրենքը բերել են, վարչապետն էլ է ասել, որ էական բարեփոխում է, բայց դա չի նշանակում, որ քարին գրված է ու եթե տարբերակ են գտել, որը էլ ավելի կհեշտացնի տնտեսվարողի վիճակը, չեն կարող չանել. «Բիզնեսից եկող առաջարկներ են, որը մենք պարտավոր ենք քննարկել եւ ներկայացնել՝ պատշաճ ձեւով: Ես չեմ ընդունում, որ օրենքը ընդունել ես, պետք է ձեռք չտաս»:
Նաիրա Զոհրաբյանն էլ հիշեցրեց, որ երբ Հարկային փաթեթի քննարկման ժամանակ ասում էին՝ խնդրահարույց է փոփոխությունը, կառավարությունը չէր ուզում լսել. «Դուք մտածում էիք, որ մենակ դուք եք խելոք, մենակ դուք եք հասկանում, այստեղ նստած մարդիկ որեւէ բան չեն հասկանում: Բա որ էդքան խելոք էիք, ինչի՞ եք նորից բերում, օրենքն ուժի մեջ չմտած նորից փորձում խաղի կանոն փոխել: Կա՛մ ինչ-որ մազոխիզմով եք տառապում, կամ ուղղակիորեն չգիտեք որ խաղի կանոնն է արդար, կամ ամեն անգամ փորձում եք խաղի կանոնը հարմարեցնել ձեր ներքին խաղի կանոններին: Անընդունելի է արագացված ռեժիմով օրենքները այսպես փորձել դակել գնալ, որովհետեւ դահլիճում նստած մարդիկ ուղղակիորեն ձանձրանում են»:
Օրակարգը դրվեց քվեարկության եւ 30 դեմ, 50 կողմով ընդունվեց:
Արտահերթը շարունակվում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































