Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՜ օգտվեք այն փաստից, որ կին եք». բղավոցներ ու վիճաբանություն՝ «ծռերի» գործով նիստում (Տեսանյութ)

Դեկտեմբեր 12,2017 13:09

«Սասնա ծռերի» գործով դատական նիստում այսօր միջադեպ տեղի ունեցավ ամբաստանյալների պաշտպանների եւ դատավորի, ապա՝ նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիների եւ դատական կարգադրիչների միջեւ:

Նախ, ամբաստանյալների պաշտպաններից փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտարարեց, որ «Սասնա ծռերին» առաջադրված մեղադրանքներն ընդհանրական են, ինչի առնչությամբ մեղադրող-դատախազները պետք է պարզաբանում ներկայացնեն:

Դատախազներից Արթուր Չախոյանը նոր էր սկսել կարծիք արտահայտել, երբ ամբաստանյալների պաշտպաններից Լուսինե Սահակյանն ընդհատեց նրան՝ ասելով, որ առարկում է դատավոր Արթուր Օհանյանի գործողությունների դեմ:

Վերջինս էլ ընդգծեց, որ դատախազը խոսում էր եւ չի կարելի ընդհատել, սակայն Լուսինե Սահակյանը շարունակեց իր պնդումը: Դատավորը բարձր տոնով սաստեց նրան, ինչին ի պատասխան Լուսինե Սահակյանը բղավեց. «Մի՜ գոռացեք իմ վրա, ձեր ձայնն իջեցրե՜ք…դուք ցանկանում եք ձգձգել նիստը: Եթե չարգելեիք արտահայտվել, հիմա արդեն ասել էի: Ես իրավունք ունեմ առարկելու ձեր գործողությունների դեմ, դուք չեք կարող արգելել»:

Դատավոր Արթուր Օհանյանը պատասխանեց. «Մի՜ օգտվեք այն փաստից, որ կին եք, ու ձեզ բան չենք ասում»:

Սա վրդովվեցրեց փաստաբան Երվանդ Վարոսյանին, որն էլ իր հերթին բղավեց. «Առարկություն ներկայացնելու իրավունք ունեն բոլորը՝ անկախ սեռից»:

Տեւական ժամանակ նիստերի դահլիճում դատավորի եւ փաստաբանների բղավոցներն ու փոխադարձ մեղադրանքները չէին դադարում:

Ամբաստանյալներից Մարտիրոս Հակոբյանի՝ «Դեդ»-ի համբերությունը սպառվեց: Նա առանց դատավորի թույլտվության՝ վեր կացավ ու ցանկացավ հեռանալ, ինչը կանխեցին ոստիկանները: Արդյունքում «Դեդ»-ը մի պահ փոքր-ինչ հրմշտոցի մեջ հայտնվեց:

Կատարվածից վրդովվեցին նիստերի դահլիճի ապակե պատնեշից այս կողմ գտնվող քաղաքացիները եւ իրենց հերթին լեզվակռվի մեջ մտան դատական կարգադրիչների հետ:

Լարված մթնոլորտը հանդարտեցնելու համար դատավորն ընդմիջում հայտարարեց:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031