Լրահոս
Օրվա լրահոսը

«Արա Զոհրաբյանը մոռանում է՝ ինքը խոսում է այն մարդու մասին, ում շնորհիվ պալատի նախագահ է». Երվանդ Վարոսյան

Մարտ 09,2018 21:45

«Ես կուզեի, որ այդ մեծամասնությունից անուններ տար ու այդ մեծամասնությունը խոսեր: Հասկանանք՝ ում հետ ենք երկխոսում, որովհետեւ ես տեսնում եմ Արա Զոհրաբյան, որն ասում է՝ ես ու մեծամասնությունը, ուզում եմ իմանալ՝ ով է մեծամասնությունը, որովհետեւ մեծամասնությունը չի կարող անդեմ լինել, պետք է մարդիկ լինեն կոնկրետ կարծիքով»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի հայտարարությանը, թե ինքն ու փաստաբանների մեծամասնությունը գտնում է, որ Փաստաբանների վարքագծի կանոնագիրքը տարածվում է ոչ միայն փաստաբանի մասնագիտական կյանքի, այլեւ հանրային կյանքի վրա՝ ասաց փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Արա Զոհրաբյանի խոսքից այսօր ավելի շատ իմ ուշադրությանն արժանացավ այն, որ բարձրացված լուրջ խնդիրներին պատասխանելու փոխարեն ՝ ինքը շարունակում է թելել այն թելը, որ իրենից առաջ պալատը ղեկավարած Ռուբեն Սահակյանի ժամանակ ֆինանսական չարաշահումներ են եղել, ու դրա համար է Ռուբեն Սահակյանն այսպես նեղացած: Արա Զոհրաբյանը մոռանում է՝ ում մասին է խոսում, մոռանում է, որ ինքը խոսում է այն մարդու մասին, ում շնորհիվ պալատի նախագահ է, մի մարդու մասին, որը 1989 թվականի ամռանը վերադարձել էր Սումգայիթից ու հաջորդ տարին պետք է գնար Բաքու դատավարությունների: Ինչ վերաբերում է ֆինանսական չարաշահումներին՝ ես երկար սպասում էի, որ այդ գործով նախաքննությունն ավարտվեր, որ կարողանամ բացեիբաց ասել՝ այդ մերկապարանոց հայտարարությունները նաեւ բարոյական դաշտից են դուրս:

Ռուբեն Սահակյանի իսկ դիմումի հիման վրա հարուցվել է քրեական գործ, իրականացվել է նախաքննություն, մեղադրանք է առաջադրվել Փաստաբանների պալատի նախկին հաշվապահին, գործն ուղարկվել է դատարան: Միաժամանակ նախաքննությամբ պարզվել է, որ հաշվապահը 2012-2013 թթ մոտ 97 միլիոնի յուրացում է կատարել, երբ պալատի նախագահ է եղել Ռուբեն Սահակյանը եւ նույն անձը 2013-2014թթ մոտ 40 միլիոնի չարաշահումներ ու յուրացումներ է կատարել, երբ պալատի նախագահ հաջողությամբ դարձվեց Արա Զոհրաբյանը: Եվ Ռուբեն Սահակյանի, եւ Արա Զոհրաբյանի վերաբերյալ նախաքննական մարմինը նույնանման որոշումներ է կայացրել, որ նրանք առնչություն չեն ունեցել ֆինանսական չարաշահումներին, ուստի նրանց նկատմամբ քրեական հետապնդում չպետք է իրականացվի: Այսօր Արա Զոհրաբյանը պատասխան տալու փոխարեն Ռուբեն Սահակյանի անո՞ւնն է տալիս՝ նրա անունը կապելով ֆինանսական չարաշահումների հետ, դա նշանակում է, որ նա սնանկ է, բառ չունի պատասխանելու»,- ասաց Երվանդ Վարոսյանը:

Հիշեցնենք, որ հայ եւ օտարերկրացի փաստաբանների մասնակցությամբ այսօրվա համաժողովում Արա Զոհրաբյանն ասել էր՝ խնդիրն այն է, որ պալատի նախորդ նախագահի հետ այս պահին որոշակի հակասություններ կան, պատճառն այն է, որ պալատում մոտ 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով ֆինանսական կորուստ ենք ունեցել, կա հարուցված քրեական գործ, գործը հիմա դատարանում է:

Ի դեպ, Ռուբեն Սահակյանն այս հայտարարությունը չցանկացավ մեկնաբանել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031