Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՆԿԵՏԸ

Մայիս 04,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ տասնվեցերորդ

ԲԱՆԿԵՏԸ

Եվ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին հարցրեց՝ «էդ ֆիլմիդ բանկետն «Արմենիայում» էր, չէ՞», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «էդ ա՝ լավ էլ հիշում ես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «բանկետը հիշում եմ, բայց ասածս էդ հիմարությունը չեմ հիշում», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու Հրանտին ասաց՝ «ասել ես», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին հարցրեց՝ «ասում ես՝ ոնց եմ ասե՞լ», եւ Փելեշյանը պատասխանեց ու ասաց՝ «ասել ես, որ իմ ֆիլմերի գլխավոր արժանիքը երաժշտությունն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «երեւի խմիչքի ազդեցության տակ եմ էդ հիմարությունն ասել», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «հեչ էլ խմած չէիր» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «նոր-նոր էինք սեղան նստում», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «կամ էլ՝ Վիվալդիի երաժշտության ազդեցության տակ եմ եղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի նախանձից եմ էդ հիմարությունն ասել», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու Հրանտին  ասաց՝ «ես ո՞վ եմ, որ Հրանտ Մաթեւոսյանի պես մեծությունն ինձ նախանձի», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «քեզ շատ ես թերագնահատում» եւ մի քիչ էլ մտածեց ու ժպտալով  ավելացրեց՝ «մենք մեծություն ենք, բայց Կարմիր հրապարակում Ֆրունզին են ճանաչում», եւ Ֆրունզիկը փռթկացնելով ասաց՝ «անցորդները», եւ Հրանտը Փելեշյանին հարցրեց՝ «էդ բանկետիդ Մատվեյիչն էլ էր չէ՞ ներկա», եւ Փելեշյանը պատասխանեց ու ասաց՝ «հա», եւ Հրանտը մի քիչ  մտածեց ու Փելեշյանին հարցրեց՝ «էդ ասածս հիմարությունը Մատվեյիչը լսե՞ց», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու  Հրանտին ասաց՝ «էդ բանը դու ինձ առանձին՝ ականջիս ասեցիր», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «փաստորեն, էդքան տակտ ունեցել եմ» եւ Փելեշյանը ժպտալով ասաց՝ «դու շատ տակտով տղա ես, Հրանտ ջան», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու Փելեշյանին ասաց՝ «քեզ ուրիշ բան էլ եմ ասել, բայց ոնց որ թե մոռացել ես», եւ Փելեշյանը Հրանտին հարցրեց՝ «ի՞նչ ուրիշ բան ես ասել», եւ Հրանտը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ասել եմ, որ Մոցարտների ու Վիվալդիների շնորհիվ քո ֆիլմերը շատ են շահել, բայց քո ֆիլմերի շնորհիվ էլ իրանք են շատ շահել», եւ Փելեշյանը զարմացած նայեց Հրանտին ու հարցրեց՝ «ո՞վ ա շատ շահել», եւ Հրանտը պատասխանեց ու ասաց՝ «էդ Մոցարտներն ու Վիվալդիները» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «փաստորեն, դու իրենց երկրորդ կյանք ես տվել» եւ մի քիչ էլ մտածեց ու Մանսուրյանին նայելով  հարցրեց՝ «ճիշտ չեմ ասո՞ւմ, մաեստրո», եւ Տիգրանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ոչ թե երկրորդ կյանք, այլ՝ հերթական կյանք», եւ Հրանտը զարմացած նայեց Տիգրանին ու ասաց՝ «շատ ճիշտ դիտողություն էր», եւ Տիգրանը մի քիչ մտածեց ու ժպտալով Հրանտին ասաց՝ «ոչ թե դիտողություն էր, այլ՝ լրացում», եւ Հրանտը ժպտալով Տիգրանին ասաց՝ «շատ պրոֆեսիոնալ լրացում էր», եւ Ֆրունզիկը Հրանտին ասաց՝ «մենակ մնում էր՝ Տիգրանի պրոֆեսիոնալիզմի վրա էլ կասկածեինք»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել