Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թիմ, թե Թիմ-Թիմ

Մայիս 04,2018 22:11

Այսօր քննարկումների հիմնական թեմաներից մեկը Փաշինյանի թիմ ունենալու կամ չունենալու հարցն է։ ՀՀԿ թիմը և հատկապես «ամենագետ» մասը ազդարարում է, թե Փաշինյանը թիմ չունի ուստի, չի կարող երկիր կառավարել իսկ «մերժիր Սերժին» թիմը նույնքան անվերապահորեն ապացուցում է, թե Վարչապետի ժողովրդական թեկնածուն Էյնշտեյնների հոծ բազմությամբ է շրջապատված, ուստի անլուծելի խնդիրները բացառվում են:

Չեմ ուզում քննարկել, թե թիմերից որն է ճիշտ, քանի որ ըստ իս, ճշմարտությունն այլ հարթության վրա է: Փաշինյանին թիմ պետք չէ, Փաշինյանի պայքարի բուն էությունը, ի թիվս այլ խնդիրների, ուղղված է, այսպես կոչված, թիմերի, թայֆաների, «պոնյատներով» որոշումներ ընդունելու դեմ:

Այս ենթատեքստում Թիմ նշանակում է բարեկամ, ծանոթ, խնամի գումարած շեֆի կնոջ գյուղի բարեկամներ և այլն։ Փաշինյանը կարիք չունի թիմ – թիմ խաղալու, պարզապես անհրաժեշտ է հստակ սահմանել այն չափորոշիչները, որոնց հիման վրա կընտրվի կառավարման պրոֆեսիոնալ, անձնական բիզնես շահեր չհետապնդող, իսկ եթե պաշտոնը քաղաքական է, ապա նաև քաղաքական գիծը կիսող թիմը: Չափորոշիչները պետք է ներառեն թեկնածուի մասնագիտական ու կառավարման հմտությունները, այլ ոչ թե տոհմածառը կամ կուսակցական պատկանելիությունը:

Բարեկամներից, ծանոթներից ու կուսակցական ընկերներից թիմ ստեղծելու ավանդույթը հին է, գալիս է «ռայկոմի» ժամանակներից, որը ոչ միայն շարունակվեց, այլև նոր թափ ստացավ Լ․Տ․Պ․ ի օրոք: Հիմնական կարգախոսը դարձավ՝ «տգետ է, ոչինչ, կարևորը մեր տգետն է, ՀՀՇ-ի տգետը»: Նույն ոգով էր կառավարում  Քոչարյանը, իսկ Սերժ Սարգսյանի օրոք դա դարձավ չգրված «սահմանադրական նորմ»։

Նման թիմերը Մոխրավունի (Саранча) նման սլացան ՀՀ պատմական և հանքային ունեցվածքի վրայով, հարկատուների հաշվին լցրեցին իրենց անկուշտ երախները, բաց չթողնելով նաեւ հարմար առիթը թիմ- լիդերին դավաճանելու համար:

Իսկ մեր առաջարկած ուղին և հնարավոր է, և արդյունավետ: Հիմնավորեմ հենց մեր ընկերության օրինակով, թե ինչ հաջողությունների կարող է հասնել ոչ բարեկամ ծանոթներից ընտրված թիմը:

2003 թ-ին, երբ ես ստանձնեցի Կոնցեռն Դիալոգ փաստաբանական ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, ընդհանրապես թիմ չունեի, չունեի նաև խոշոր ներդրման հնարավորություն, բայց ունեի ուղենիշ և սկզբունք՝ աշխատակազմն ընտրել միայն ազնիվ մրցույթի միջոցով և ընտրել լավագույններին: Այսպես ստեղծվեց ներկայում 52 աշխատող ներառող թիմը, թիմ, որն այսօր ճանաչում ունի ոչ միայն Հայաստանում, այլեւ եվրոպական մի շարք կառույցներում։ Գիտեմ, ընդդիմախոսները կասեն, թե կառավարությունը իրավաբանական ընկերություն չէ և նման բաներ, բայց հավատացեք, կարևորը սկզբունքները գծելը և դրանց չդավաճանելն է: Նույնիսկ մեր նորաստեղծ կազմակերպությունում հեշտ չէր այդ սկզբունքը պահելը հաշվի առնելով հայկական հետխորհրդային հոգեկերտվածքը: Բայց՝ հաջողեցինք: Նիկոլը այս տարիների ընթացքում ժողովրդի մոտ ապացուցել է սկզբունքայնությունը, հետևաբար վստահ ենք՝ շարունակելու է այդ ոգով և հաջողելու է ու ձևավորելու է ամենաարդար ու պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած թիմ:

 

Կոնցեռն Դիալոգ Փաստաբանական ընկերության գլխավոր տնօրեն փաստաբան Սեդրակ Ասատրյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031