Լրահոս
Օրվա լրահոսը

Բետոնապատման ծավալուն աշխատանքներ՝ Աշտարակ-Թալին հատվածում (Տեսանյութ)

Մայիս 05,2018 16:17 Share

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը հերթական աշխատանքային շրջայցը կատարեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ։

Աշտարակ-Թալին հատվածում բետոնապատման ակտիվ ընթացք է։ Տաք եղանակի պայմաններում, որպեսզի ճանապարհի պատվածքի բարձր որակ ապահովվի, բետոնապատմանը զուգահեռ մակերևութային խոնավացման աշխատանքներ են կատարվում։ Շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերության ինժեներների թիմի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը, Վահան Մարտիրոսյանին ներկայացնելով աշխատանքների ընթացքը, նշեց, որ 20.4 կմ երկարությամբ միակողմանի բետոնապատումն ավարտված է։ Տեղադրվել է շուրջ 20.8 կմ հիմք և 21.5 կմ ենթահիմք։ Աշխատանքներն ընթանում են կառուցվող ճանապարհի ամբողջ երկարությամբ՝ աշխատանքային մի քանի տեղամասերով։ Բացի բետոնապատումից կատարվում են ժայռային հանույթի և ջրթող խողովակի կառուցման աշխատանքներ:

Թալին քաղաքի մոտակայքում կառուցվում է ուղեանց։ Բրոնիսլավ Դիմիտրիևիչը նշեց, որ աշխատանքների բարենպաստ ընթացքի դեպքում ընկերությունը պարտավորվում է ամռան ընթացքում երթևեկությունը տեղափոխել ճանապարհի բետոնապատ հատված, որպեսզի շինարարությունը շարունակվի հանդիպակաց գոտում:

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ աշխատանքի տեմպերն այս հատվածում գոհացուցիչ են։ Որակի վերահսկողության պատասխանատուներն էլ փաստեցին, որ կառուցվող ճանապարհը որակապես համապատասխանում է ներկայացված բոլոր չափանիշներին։

Այլ էր իրավիճակը Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։ Այստեղ թե՛ ժամկետների, թե՛ որակի լուրջ խախտումներ էին արձանագրվել դեռևս աշխատանքների մեկնարկից սկսած։ Հանձնարարվել էր դրանք շուտափույթ վերացնել, արագացնել աշխատանքները:

Ասիական զարգացման բանկի պաշտոնյաները ևս մտահոգված էին ծրագրի այս հատվածի իրականացմամբ՝ հաշվի առնելով աշխատակիցների ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը: Նրանք նախարարության հետ այս խնդիրները ներկայացրել էին «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության փոխնախագահին, ով վերջին շրջանում այցելել էր Հայաստան:

Չնայած այս ամենին՝ այսօր ևս ընկերության պատասխանատուները Վահան Մարտիրոսյանին հերթական անգամ տարբեր անհիմն պատճառաբանություններ ներկայացրին իրենց թերացումների վերաբերյալ։ Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ անհանդուրժելի է աշխատանքների նկատմամբ նման անփույթ և անպատասխանատու մոտեցումը։ Նա շեշտեց, որ առաջիկա օրերին իրավիճակը կներկայացվի  «Power of China» կազմակերպության նախագահին, որի կազմում է ընդգրկված «Սինոհիդրո» ընկերությունը, որպեսզի աշխատանքին ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերող աշխատակիցները փոխարինվեն արհեստավարժ մասնագետներով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031