Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական տնտեսագետ Ատոմ Մարգարյանը վայր կդնի անդամատոմսը, եթե մայիսի 8-ին պարզվի, որ ՀՀԿ-ն չի զտվել եւ հետեւություններ չի արել

Մայիս 05,2018 21:36

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը, որը նաեւ ՀՀԿ կուսակցության անդամ է, մայիսի 1-ին ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում կոշտ քննադատել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: Հիշեցնենք, մայիսի 1-ին, ՀՀԿ-ն դեմ քվեարկեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:  Վարչապետի հաջորդ ընտրությունները մայիսի 8-ին են: ՀՀԿ-ն վստահեցրել է, որ այդ օրը ՀՀ-ն կունենա սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ, եւ ՀՀԿ-ից որոշ պատգամավորներ կողմ կքվեարկեն ԱԺ-ի՝ 1/3-ի թեկնածուին:

Հայաստանի պետական  տնտեսագիտական համալսարանի Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը մասնավորապես գրել է՝ «Եկել է ճշմարտության պահը. դուք ուզած-չուզած պետք է առերեսվեք իրականությանը։

Իսկ իրականությունն այն է, որ ՀՀԿ քսանամյա իշխանությունը, չնայած վերջին շրջանի աննշան դրական փոփոխություններին, մեծ հաշվով տապալել է երկրի կառավարումը կյանքի բոլոր բնագավառներում։ Դա է վկայում ժողովրդի գերակշիռ մեծամասնության ընդվզումը։ Հարկավոր է ընդունել փաստերը և իրականությունը։ Այո, դուք մեղավոր եք ստեղծված վիճակի մեջ, դուք ձախողվել եք։ Իմ խորին համոզմամբ՝ իրողությունն այն է, որ ՀՀԿ-ն վեր է ածվել իր շարքերից կտրված մի խումբ անձանց տոտալիտար խմբավորման։ Իսկ հիմնական պատճառն այն է՝ որ խորհրդարանական խմբակցության ցուցակը անցյալ տարի ձևավորվեց մեկ անձի կողմից, այն էլ վերջին պահին՝ մի գիշերվա մեջ, առանց բաց կուսակցական քննարկումների, առանց համագումարի, առանց վարկանիշային քվեարկությունների, առանց արժանիներին առաջադրելու՝ զուտ անձնական հավատարմության սկզբունքի հիման վրան…»։

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Մարգարյանն ասաց, որ եթե կուսակցության անդամ չլիներ, ապա հրապարակային նման քննադատություն չէր անի:

«Ես սպասում եմ իրենց վարքագծին, թե ինչպիսին կլինի մայիսի 8-ին: Եթե ես տեսնեմ, որ հետեւություններ չեն արել մարդիկ, չի գնալու այս կուսակցությունը զտման, եւ չի ազատվել նման մարդկանցից, բնական է, ես ոչ միայն վայր կդնեմ անդամատոմսս, այլեւ կոչ կանեմ բոլորին վայր դնել իրենց անդամատոմսերը»,-ասաց Մարգարյանը:

Տնտեսագետը վստահեցրեց՝ թեեւ հանրապետական է եղել, սակայն որպես կուսակցական որեւէ ներգրավվածություն չի ունեցել, միշտ եղել է չեզոք եւ երբեք պաշտոն չի զբաղեցրել. «Որպես փորձագետ եմ հանդես եկել, ես եւ դրականը, եւ բացասականն եմ ասել: Կարապետյանը շատ դրական բաներ արել է, ինչ էլ չի արել, քաղաքական աջակցության բացակայության պատճառով չի արել: Սա փաստ է»:

Եթե Փաշինյանն ընտրվի վարչապետ, արդյոք քաղաքական աջակցություն կունենա՞ լուծելու գլխավոր խնդիրները, մեր այս հարցին ի պատասխան Մարգարյանն ասաց՝  հույս ունի, որ այդպես էլ կլինի.«Իրավիճակն այդ ուղղությամբ է զարգանում: Ճանաչելով Փաշինյանին եւ նրա կարողությունները՝ սկսած 90-ական թվականներից՝ ինքս էլ լրագրողական  շրջապատից եմ եղել, հետո խորհրդարանական նրա գործունեությունը եւ նրա վերջին շրջանի նրա հասունացումը որպես առաջին դեմքի թեկնածու,  քաղաքական աջակցության դեպքում կկարողանա լուծել խնդիրները: Այդ խնդիրներից են նախ՝ կենսունակ, պրոֆեսիոնալ թիմ ձեւավորելը, որը կգնա խորհրդարանական ընտրություններին եւ կձեւավորվի կառավարություն՝ ծրագրով: 2-րդ խնդիրը՝ մարդկանց ողջամիտ սպասումները կյանքի թանկության, աշխատեղերի ստեղծման, որը պետք է կարճ ժամկետում պետք է լուծի: 3-րդ կարեւոր խնդիրը՝ համաներումն է:

Նա եթե հայտարարություն է անում, որ «վենդետա չի լինելու», բռնագրավում չի լինելու, բիզնեսը պետք է աշխատի, սրանք պետք է հաստատվեն որոշակի ինստիտուցիոնալ ձեւակերպումներով, փաստաթղթերով, հայտարարվի ունեցվածքի, կապիտալի հարկային համաներում եւ մարդկանց հնարավորություն տրվի կապիտալը բերվի տնտեսության իրական հատված: Նկատի ունեմ՝ աշխատատեղերի ստեղծում, որոշակի եկամուտների երաշխիքներով , որպեսզի բիզնեսի մարդը հակված լինի ոչ թե քաղաքական տանիք ունենալով աշխատի, այլ հավասարություն ու մրցակցություն լինի: Պետք է նաեւ անկախ դատական համակարգ լինի»:

Ատոմ Մարգարյանը նաեւ նշեց, որ նոր կառավարությունը պետք է բիզնեսը տարանջատի իշխանությունից, կոռուպցիայի դեմ պետք է հետեւողական գործողություններ անի:

«Բնական մենաշնորհներում պետք է աուդիտ արվի, նույնը՝ կապի համակարգում, աուդիտը պետք է արվի սեղմ ժամկետում եւ սակագների հիմնավորումները պարզվեն: Համոզված եմ սակագները նվազեցնելու հիմքեր կան»,-ասաց Ատոմ Մարգարյանը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Եթե ՀՀԿ ժամանակին զտվեր նմաններից, ապա այժմ չէր հայտնվի այսպիսի իրավիճակում…

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031