Ըստ այդմ՝ կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված կլինի մշակութային կյանքին հանրային ակտիվ մասնակցություն ապահովելուն, մշակութային միջոցառումների լայն քարոզչություն իրականացնելուն եւ դեպի մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքին նպաստելուն։
Կոմպոզիտոր Լեւոն Չաուշյանն ասում է, որ խորքային գնահատական չի կարող տալ կառավարության ծրագրին, քանի որ տեքստը չի տալիս այդ հնարավորությունը՝ շատ լակոնիկ է, բայց կարող է փաստել, որ մշակույթի ամենահիմքը դաստիարակությունն է։
«Մշակույթի մասին երբ խոսում ենք, առաջինը կրթության հարցը պետք է կարեւորել, սկսած մանկապարտեզից, դպրոցից, բուհից։ Հետո գալիս է երաժշտությունը՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, եւ եթե մենք ունենք երեխաներ, ովքեր ճիշտ մշակութային կրթություն են ստացել, ապա հետագայում խնդիրներն ավելի պակաս կլինեն, որովհետեւ նրանք ցանկություն չեն ունենա լսելու ռաբիս կամ թուրքական երաժշտություն։ Այնպես որ՝ հիմքը համարում եմ կրթությունը, որն սկսվում է վաղ տարիքից»,- ասում է նա ու ընդգծում, որ, ցավոք, երաժշտության դասերը հանրակրթական դպրոցներում հանվել են, ինչը շատ կարեւոր հանգամանք էր անհատի մշակութային կրթության հարցում։
Անդրադառնալով մշակութային գործիչների հետ վարչապետի հանդիպմանը՝ Չաուշյանը նշեց, որ շատ տխուր հանդիպում էր. «Եվ ոչ թե վարչապետի պատճառով, այլ մեր ինտելիգենտ կոչվողների, որոնք միկրոֆոնը ձեռքից ձեռք խլելով՝ իրենց ռեկլամն էին անում: Ես պատրաստվել էի խոսք ասելու, բայց հասկացա, որ այդ մթնոլորտում իմաստ չունի»։
Նա մասնավորապես ծրագրից առանձնացնում է «Քաղաքացու երջանկության հնարավորության ապահովման» հարցը։ «Ես չէի ասի՝ երջանկության, այլ ճիշտ կլիներ ասել՝ լիարժեք կյանքի, որովհետեւ եթե մարդուն հետաքրքրում է միայն մի փոր հացը, ինքն արդեն երջանիկ է, բայց դա լիարժեք կյանք չէ։ Այնպես որ՝ տեքստը դեռ ոչինչ չի նշանակում, շատ ավելի կարեւոր է բովանդակություն տալ այս ամեն ինչին»,- ասում է նա ու նկատում, որ ճիշտ կլինի մշակութային գործիչների հետ անել ոչ թե մասշտաբային նման հանդիպումներ, այլ՝ ըստ ոլորտների, որը նաեւ արդյունավետ կլինի։
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում թվերի բացակայությանը, զորօրինակ՝ կառավարությունը քանի տոկոսով է պատրաստվում կրճատել աղքատությունը, կոմպոզիտորը նկատում է, որ, ամեն դեպքում, թվերը կարեւոր են, բայց մեկ ամսում չի կարելի թվեր գրել, եւ 100 օրը հենց դրա համար է տրվում նորանշանակ պաշտոնյաներին, որպեսզի ավելի հստակ կողմնորոշվեն։ «Իսկ 100 օրը չի անցել, եւ ես այդ պահանջները չէի դնի։ Հիմա ինչ կարող են, նրանք դա՛ պետք է ներկայացնեն»,- ասում է Չաուշյանն ու նկատում, որ հեռուստաեթերի մաքրության հարցը նույնպես շատ կարեւոր հանգամանք է, բայց պետք է հաստատվեն այդ կրթական ցենզի եզրերը, թե ինչն է հնարավոր եթեր հեռարձակել, ինչը՝ ոչ։
Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































