Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարների ու փոխնախարարների նշանակումների հետ կապված՝ կան վերապահումներ. «Հայկական ժամանակ»

Հունիս 06,2018 11:34 Share

Հայ հանրությունը երբեք այնքան ուշադիր չի հետեւել կառավարության գործունեությանը, որքան անցած մեկ ամսվա ընթացքում։ Նախկինում, օրինակ, կառավարությունում կադրային նշանակումներն ու փոփոխությունները հիմնականում հետաքրքրում էին լրատվամիջոցներին, որոնք հիմնականում կենտրոնանում էին այդ նշանակումների ինտրիգներին՝ ով ում բարեկամն է, ով ում քավորն է եւ այլն։

Գործող կառավարության քայլերի նկատմամբ հանրային ուշադրությունը բոլորովին այլ բովանդակություն ունի։ Հանրությունը չափազանց սուր է արձագանքում կադրային անհաջող նշանակումներին, կառավարության ծրագրի բացթողումներին այն պարզ պատճառով, որ այդ ամենը դիտարկում է որպես սեփական, հարազատ կառավարության բացթողում։ Ու դա շատ լավ է։ Տարօրինակ կլիներ, եթե հանրությունը նույնքան անտարբեր լիներ, որքան նախկինում էր։

Իսկ բացթողումներ, անշուշտ, կան։ Ու առաջին հերթին խնդիրը կադրային մի շարք նշանակումներն են։ Նախարարների ու փոխնախարարների նշանակումների հետ կապված՝ կան վերապահումներ,որոնք ավելի շատ պայմանավորված են հանրության տարբեր հատվածների ճաշակներով, նշանակված մի քանի անձանց երիտասարդ տարիքով, նրանց արտաքինով, կուսակցական պատկանելությամբ, մեծ փորձի բացակայությամբ եւ այլն։ Դա խնդիր չէ՝ ինչպես ասում են, ճաշակին ընկեր չկա։

Բայց կան նշանակումներ, որոնք իրոք խնդրահարույց են։ Եվ այստեղ խոսքը հիմնականում վերաբերում է պետեկամուտների կոմիտեում իրականացված մի քանի նշանակումների։ Սա չափազանց կարեւոր, կոռուպցիայով ներծծված գերատեսչություններից է, որտեղ տարիներ շարունակ գործել են հստակ կարգաբերված եւ խիստ համակարգային բնույթ ունեցող կոռուպցիոն սխեմաներ։

«Հարկայինի պետ», «մաքսայինի պետ», «պետի տեղակալ», «վարչության պետի տեղակալ», «հարկայինի օպեր» բառակապակցությունները տարիներ շարունակ արդարացիորեն ասոցացվել են ամենաընդգծված կոռուպցիայի հետ։ Ու դա պատահական չէ։ Օրինակ, անցած տարիներին վերը նշված պաշտոններում աշխատած անձանց շրջանում գրեթե անհնար է գտնել որեւէ մեկին, որի ունեցած գույքը համարժեք լինի աշխատած տարիներին իր ստացած աշխատավարձին։ Բացառություններ, անշուշտ, կլինեն, բայց դրանք ընդամենը չնչին ու թերեւս պատահական բացառություններ են։

Որպես օրինակ, տարիներ շարունակ հարկային եւ մաքսային ոլորտներում բարձր պաշտոն, ապա նաեւ ղեկավար աշխատած Գագիկ Խաչատրյանը համարվում է Հայաստանի ամենահարուստ անձանցից մեկը։ Նրա եւ նրա ընտանիքի անդամների ունեցվածքը թանկարժեք բնակարանների ու վիլլաների տեսքով ունի շատ լայն աշխարհագրություն՝ Հայաստանից սկսած մինչեւ Եվրոպա եւ ԱՄՆ։ Հայտնի է, որ նրա ընտանիքի անդամները ամիսը մի քանի անգամ մեկնում էին Փարիզ՝ հագուստի առեւտուր անելու, տանը որպես աղախիններ աշխատում էին ֆիլիպինուհիներ եւ այլն։ Գագիկ Խաչատրյանից առաջ «մաքսայինի պետ»-ի պաշտոնում աշխատած Արմեն Ավետիսյանը եւս, մեղմ, շատ մեղմ ասած՝ աղքատ մարդկանց շարքին չէր դասվում…։ Այսպես օրինակները կարելի է շարունակել։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930