Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նոր կառավարության համար դժվար է լինելու դեմ դուրս գնալ ցուցարարներին և ստիպել չխոչընդոտել հանքավայրի շահագործմանը. «Ժամանակ»

Հունիս 06,2018 11:40 Share

Հայաստանի նոր կառավարությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. մի կողմից՝ երկրի բնակչության մի մասն է, որը պայքարում է իր առողջության համար, մյուս կողմից՝ երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Եթե կառավարությունը դեմ գնա ջերմուկցիների պահանջներին, ապա կարող է կորցնել իր ունեցած հանրային վստահության մի մասը: Բայց Հայաստանի նոր կառավարությունը նախորդ կառավարության իրավահաջորդն է և կրում է նախորդ կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջ պատասխանատվությունը: Իսկ նախորդ կառավարությունը «Լիդիան Արմենիային» հանքը շահագործելու լիցենզիա է տվել, և դա տեղի է ունեցել օրինական ընթացակարգերը պահպանելով: Եթե նոր կառավարությունը փորձի չեղարկել այդ լիցենզիան, ապա կարող է վնասել ոչ միայն երկրի բյուջեն, քանի որ ստիպված կլինի վճարել, տարբեր գնահատականներով, մինչև 300 մլն դոլարի հասնող տույժ և տուգանքներ, այլ նաև էապես կվնասի երկրի ներդրումային վարկանիշին:

Ջերմուկցիները կամ այն մարդիկ, ովքեր պայքարում են հանքի շահագործման դեմ, ասում են, որ Ամուլսարի շահագործման լիցենզիայի տրամադրումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Բայց Հայաստանում բոլոր հանքերի շահագործումը այս կամ այն կերպ կապված է կոռուպցիայի հետ, և այդ տրամաբանությամբ պետք է դադարեցվի բոլոր հանքերի շահագործումը: Ընդհանրապես ամբողջ երկիրը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ, և այդ տրամաբանությամբ պետք է դադարեցնել ամբողջ երկրի կենսագործունեությունը, քանի որ դպրոցից սկսած մինչև հիվանդանոց, համայնքապետարաններից սկսած մինչև կառավարություն, բոլորը թաթախված են եղել կոռուպցիայի մեջ: Ի վերջո, հանքավայրի շահագործման դեմ բողոքողներին էլ են մեղադրում ֆինանսապես շահագրգռված լինելու մեջ:

Հայաստանի նոր կառավարության համար, իհարկե, հոգեբանորեն դժվար է լինելու դեմ դուրս գնալ ցուցարարներին և անգամ օրենքի կիրառմամբ ստիպել չխոչընդոտել հանքավայրի շահագործմանը, բայց եթե դա տեղի չունեցավ, ապա երկիրը թաղվելու է քաոսի և անկառավարելիության մեջ: Յուրաքանչյուր խումբ կամ կլան փորձելու է իր շահերը առաջ մղելու համար ինչ-որ մարդկանց վարձել և բողոքի ցույցեր ու դիմադրություն հրահրել: Այնպես որ, որքան էլ դժվար լինի, կառավարության անդամները քաղաքացիական ակտիվիստից պետք է վերածվեն պետական պաշտոնյայի և կարողանան մտածել ոչ միայն սեփական հեղինակության, այլ պետական շահի մասին:

Հակոբ Գալստյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930