Հայկ Կյուրեղյանն ասաց, որ իր ազատ արձակումը չպետք է տոնակատարություն դարձնել: «Սա ինձ համար տոն չի, քանի որ ոչ միայն իմ արյունակցական կապով եղբայրներն են անազատության մեջ, այլ՝ ճակատագրով իմ եղբայրները։ Ինձ համար նույնիսկ շատ վատ զգացողություն է, որ ես ազատության մեջ եմ, իսկ ճակատագրով իմ եղբայրները բանտերում են։ Տոնակատարություն կլինի այն դեպքում, երբ Հայաստանում քաղբանտարկյալ չի լինի։ Ես նոր իշխանությունից շատ ակնկալիքներ ունեմ, եւ այդ ակնկալիքը միայն իմը չէ, ժողովրդի հանրային պահանջն է ու հանրային պահանջի առաջին կետը քաղբանտարկյալների ազատման հարցը լուծելն է»,- ասաց նա։
Հարցին, թե որո՞նք են լինելու իր հետագա անելիքները, Հայկն ասաց, որ պայքարելու է քաղբանտարկյալների ազատ արձակման համար, իսկ հետո՝ երկիրը նորմալ իրավունքի գերակայության երկիր դարձնելու։ «Պետք է համաներում լինի, որովհետեւ այնտեղ շատ մարդիկ կան, որ անօրինական մեծ ժամկետներով նստած են, բայց շատ փոքր հանցանք են կատարել, կան նույնիսկ բացարձակ անմեղներ, պետք է համաներում լինի, որ լավ սկիզբ դրվի Հայաստանում»,- հավելեց Կյուրեղյանը։
Խոսելով պահման պայմաններից՝ Կյուրեղյանն ասաց, որ ՔԿՀ-ում իր նկատմամբ հատուկ վերաբերմունք դեպի վատը չի եղել, «բայց բերդերում շատ խնդիրներ կան, որոնք պետք է լուծվեն»,- հավելեց նա։
Հայկ Կյուրեղյանը ընտանիքի անդամների հետ առաջին կենացը խմեց քաղբանտարկյալների ազատ արձակման համար։ «Առանց դրա հնարավոր չի որեւէ առաջընթաց, դա նախապայման է, եթե դա չի լինում, ես բացառում եմ որեւէ առաջընթաց Հայաստանում։
Նա նաեւ ասաց, որ այսօր մասնակցելու է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստին նշելով, որ նրանք օր առաջ պետք է ազատ արձակվեն։ «Պետք է ողջամտություն ցուցաբերի այդ դատավորը եւ հանրային պահանջը ի կատար ածի»:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































