Լրահոս
Օրվա լրահոսը

Դժբախտ պատահար Վանաձորում կառուցվող մանկական զբաղվածության կենտրոնի շինհրապարակում

Հունիս 06,2018 13:41 Share

Երեկ՝ հունիսի 5-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Վանաձորի Արցախ պուրակում կառուցվող մանկական զբաղվածության կենտրոնի շինհրապարակում: Նախնական տեղեկություններով շինարարական աշխատանքների ժամանակ կտրվել է վերամբարձ կռունկի ճոպանը, որի հետեւանքով տուժել է աշխատակիցներից մեկը:

Նրան ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են հիվանդանոց. «Հիվանդանոց ենք ընդունել ծայրահեղ ծանր վիճակով, կատարվել են անհետաձգելի բոլոր միջոցառումները: Հիվանդն ուներ ստորին ծնոտի եւ կողերի կոտրված: Նրա մոտ պոլիտրավմա էր: ԿԱՏԵ հետազոտության կարիք կար, դրա համար հարմար գտանք, որ հիվանդը տեղափոխվի Երեւան»,- մեզ հետ զրույցում ասաց Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը:

Այժմ տուժածը գտնվում է ստաբիլ վիճակում: Մայրաքաղաքում շարունակվում են հետազոտությունները եւ բուժումը:

Հիշեցնենք, որ կենտրոնի շինարարությունը սկսվել էր 2017 թվականի հոկտեմբեր ամսից: Որի շուրջ առաջացան բազմաթիվ քննարկումներ ու մտահոգություններ: Վանաձորցիների մի մասը դեմ էր, որպեսզի պուրակում նման շինություն կառուցվի: Նրանք ասում էին, որ շինաշխատանքները չեն համապատասխանում ՀՀ քաղաքաշինության նախարարության նորմերին եւ իրավական ակտերին:

Մինչդեռ պատկան մարմիններն ու պատասխանատուները վստահեցնում էին, որ տարածքի շինարարության համար կա համապատասխան թույլտվություն, եւ այն օրինական է:

Տարածքի սեփականատերը 2007 թվականից «Գ եւ Մ» ՍՊԸ-ն է: Դեպքի հետ կապված, Aravot.am-ը փորձեց զրուցել ընկերության տնօրենի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց: Իսկ բաժնետեր Տիգրան Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն այլեւս որեւէ կապ չունի նշված ընկերության հետ. «Ես հիմա այս պահին կապ չունեմ եւ ոչինչ ասել չեմ կարող, տեղյակ չեմ: Չգիտեմ, թե ով կապ ունի շինարարության հետ, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930