Լրահոս
Օրվա լրահոսը

«Կոռուպցիայի դեմ կպայքարեմ առանց վախենալու, ինչպես մենք ենք ասում՝ դուխով». Գյումրիում էր առողջապահության նախարարը (Ֆոտոշարք և տեսանյութ)

Հունիս 16,2018 20:17

Այսօր ճանաչողական այցով Գյումրիում էր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա շրջեց Գյումրու մի քանի բժշկական կենտրոններով՝ տեղում ծանոթանալով խնդիրներին, լսելով անձնակազմին ու քննարկումներ անցկացնելով։ Շրջայցը սկսվեց Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայից, որի շենքը համայնքապատկան է, սակայն քաղաքի կենտրոնական հատվածում է՝ «Կումայրի» արգելոցի տարածքում, ճարտարապետական արժեք է ներկայացնում, այդ իսկ պատճառով միշտ խոսք է գնում բուժանձնակազմին այնտեղից հանելու, շենքն էլ ամենայն հավանականությամբ սպասարկման օբյեկտ դարձնելու մտադրության մասին։

Նախարարն այստեղ հանդիպում ունեցավ անձնակազմի հետ, այնուհետ շարժվեց մեկ այլ խնդրահարույց կառույց՝ «Գյումրու ծննդատուն» ՓԲԸ։ Մեզ հետ զրույցում Արսեն Թորոսյանն ասաց, որ Գյումրի է եկել կոնկրետ բողոքի հիման վրա և դա վերաբերում է ծննդատունը փակել-չփակելուն։ Նախարարի ասելով՝ իրեն ուղղված ահազանգերը հազարավոր են, որոնք չի հասցնում կարդալ։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե կոնկրետ ի՞նչ որոշվեց թիվ 1 պոլիկլինիկայի վերաբերյալ, որին ի պատասխան՝ նախարարն ասաց, որ շրջայցերով որոշումներ չեն կայացնում, այս դրանք կայացնում են՝ օբյեկտիվ հանգամանքները հաշվի առնելով։ «Շրջայցերը մեզ ընդամենը թույլ են տալիս տեղում մարդկանց հետ խոսել, ֆիզիկական պայմաններին ծանոթանալ, բայց որոշում կայացնելիս շատ բաներ են հաշվի առնվում՝ սկսած հիմնարկի ֆինանսական վիճակից, կադրային ապահովվածությունից, մուտքերից՝ վճարովի, անվճար, զարգացման պլաններից, հիմնարկի պարտքերից, քաղաքի կարիքներից»,-ասաց նախարարը։

https://www.youtube.com/watch?v=7II2onFn09E

Ծննդատան փակվելու կամ ծննդօգնությունը մեկ շենքում, օրինակ՝ «Սամարիթեր» հիվանդանոցի նախկին շենքում կազմակերպելու հետ կապված նախարարն ասաց, որ օրակարգում որոշում չունեն, հաշվի կառնեն Գյումրի քաղաքի պահանջները ու լուծում գտնեն դրա շրջանակում։ Նա ասաց, որ կան երեք հաստատություններ, որոնք մատուցում են մանկաբարձա-գինեկոլոգիական ծառայություններ՝ Գյումրու ծննդատունն է, Ախուրյանի «Մոր ու մանկան» կենտրոնը և Ավստրիական մանկական հիվանդանոցը, և երեք հատ լինելը, բերել է երեքի թերծանրաբեռնվածությանը։ Նա ասաց, որ պետք է լուծում գտնել, այն կարող է լինել մի քիչ ցավոտ, սակայն եթե ցավոտ չլինի, այդ հիմնարկներից որևէ մեկը կփակվի։

Հարցին՝ ինչպե՞ս կլուծեն մասնագետների խնդիրները մարզերում, նախարարն ասաց, որ մի գրչի հարվածով այս հարցը չի լուծվի։ «Այդ հարցը բարդ և երկար լուծում պահանջող հարց է և միանգամից չի լուծվի ինչ-որ մի գրչի հարվածով։ Մի քանի բան կարող եմ առանձնացնել՝ նպատակային կլինիկական օրդինատուրայի տեղերի քանակն այս տարի 50 կլինի հավանաբար՝ անցած 30 տեղի փոխարեն։ Բժշկականի շրջանավարտները, սովորելով օրդինատուրայում ի սկզբանե կիմանան, որ առնվազն 5 տարի աշխատելու են մեր իսկ կողմից ուղեգրած տեղում։ Դա կլինի Գյումրին, Արթիկը, Մարալիկը, մենք ենք որոշում, երբ նրանք ավարտում են և իմանում ենք, որտեղ ինչ մասնագետի կարիք կա։ Միևնույն ժամանակ նրանք պետք է իմանան, որ չեն գալիս «աքսորի»։ Շատ հաճախ նրանք այդպես են ընկալում, ինչ անել, որ նրանք այդպես չընկալեն, պետք է տեղական իշխանություններից թե՛ մարզային, և՛ թե քաղաքային, նրանք ստանան աջակցություն, նաև կենցաղային պայմաններն ապահովելու առումով»։

Նախարարն ասաց, որ մարզերում բժիշկներով ապահովվածությունը նորմայից երկու անգամ քիչ է, Երևանում երկու անգամ բարձր։

Մեր հարցին, թե ինչպե՞ս կպայքարեք ոլորտում առկա կոռուպցիայի դեմ, նախարարը ծիծաղելով ասաց․ «Կպայքարեմ համարձակ, առանց վախենալու, ինչպես մենք ենք ասում՝ դուխով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930