Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբեր 07,2018 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ երեսունչորսերորդ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եւ Ֆրունզիկը Փելեշյանին հարցրեց՝ «Մոսկվայում ո՞վ ա Հրանտին Իգնատիչ ասում», եւ Փելեշյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ռուսները» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ռուս գրողներն ու արվեստագետները», եւ Հրանտն ասաց՝ «ռուսների մոտ ընդունված ա հայրանունը շեշտելը» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «թուրքերի մոտ էլ ա ընդունված», եւ Ֆրունզիկն ասաց՝ «մեր հայերի մոտ էլ ա, փաստորեն, ընդունված», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «մերոնք հիմնականում պաշտոնյաներին են հայրանունով դիմում», եւ Ֆրունզիկը մի քիչ մտածեց ու ասաց՝ «Խորիկը գլխավոր ռեժիսոր ա, դրա համար էլ բոլորն  իրան Խորեն Բաբկենիչ են ասում», եւ Հրանտը ժպտալով Խորիկին հարցրեց՝ «Արմենչոյի պատմությունը հավանեցի՞ր, Խորեն Բաբկենիչ», եւ Խորիկը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «շա՜տ», եւ Հրանտը ժպտալով ասաց՝ «էդ պատմությունն Արմենչոն ավելի լավ պատմեց, քան՝ Մուշեղն էր ինձ պատմել», եւ Ֆրունզիկը թարս նայեց ինձ, հետո փռթկացնելով Հրանտին ասաց՝ «իբր Մուշեղը քիչ էր բստրել, մի բան էլ Արմենն ավելացրեց»,  եւ Հրանտը հիացած նայեց ինձ ու ասաց՝ «Արմենչոն շատ ուժեղ պատմող ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էն Ամարյան Վազգենի դեղձի կորիզի պատմությանն ինքը  ներկա չի եղել, բայց ներկաներիցս լավ ա պատմում» եւ մի քիչ մտածեց ու հիացած ինձ նայելով ավելացրեց՝ «ինքը պիտի արձակ գրեր, ոչ թե՝ մենք», եւ Խորիկն  ինձ նորից հարցրեց՝ «էդ ի՞նչ դեղձի կորիզի պատմություն ա», եւ Հրանտը ժպտալով Խորիկին ասաց՝ «Արմենչոն հատկապես էդ դեղձի կորիզի պատմությունն ա շատ ուժեղ պատմում» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «Խորեն Բաբկենիչ», եւ Խորիկն ինձ թախանձագին խնդրեց՝ «էդ դեղձի կորիզի պատմությունն էլ պատմի ու՝ վերջ», եւ Հրանտը նայեց ժամացույցին ու ժպտալով Խորենին ասաց՝ «էդ ահագին երկար պատմություն ա» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «մինչեւ Արմենչոն էդ պատմությունը պատմի, մեր թռիչքի ժամանակը կգա», եւ Խորենը մի քիչ մտածեց ու ասաց՝ «ավելի լավ», եւ Հրանտն  ինձ ասաց՝ «որ Խորեն Բաբկենիչը խնդրում ա, պիտի պատմես» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «զեմլյակ եք, չէ՞» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «կարծեմ երկուսդ էլ Իգդիրցի եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «Դրոյի հայրենակիցներն եք» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ ««Դրաստամատ Կանայանի», եւ Խորենն ասաց՝ «Դրոն ոչ միայն իգդիրցիների, այլեւ ողջ հայ ժողովրդի պարծանքն ա», եւ Հրանտը մի քիչ մտածեց ու ասաց՝ «համաձայն եմ», եւ Խորենն ինձ հարցրեց՝ «էդ ի՞նչ դեղձի կորիզ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու փռթկացնելով ասացի՝ «երկար պատմություն ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել