Լրահոս
Օրվա լրահոսը

Պահածո «Լեչո»

Սեպտեմբեր 09,2018 15:08

Անչափ համեղ, շատ հեշտ պատրաստվող եւ հարմար պահածո` ողջ ձմռան համար: Ընդ որում` լեչոյի բազմաթիվ բաղադրատոմսերում հազար ու մի բաղադրամասեր են նշված, այս բաղադրատոմսում ոչինչ չկա, բացի լոլիկից, պղպեղից եւ աղից: Հիմա, երբ ամառ-ձմեռ թարմ կանաչիներ կան, որեւէ իմաստ չկա լեչոյին կանաչի ավելացնել` եփված, առավել եւս` պահածոյացված կանաչին ոչ մի «պլյուս» չի տալիս ձեր պահածոյին: Հարկ եղած դեպքում թարմը կարող եք ավելացնել: Իսկ քացախ, ձեթ, շաքար եւ այլ բաներ ավելացնելու կարիք չկա, այլապես «լեչոյի» փոխարեն «ախորժակ» կստանաք: Այս եղանակով պատրաստված պահածոն կարող եք ավելացնել բոլոր հնարավոր ճաշերին` տոլմայից սկսած, ապուրներով եւ «սոուս» կոչվող ճաշով ավարտած, կարող եք պատրաստել լոլիկով ձվածեղ, կարող եք պարզապես բացել պահածոն եւ ավելացնել մակարոնեղենին ու բրնձին, եւ վերջապես կարող եք ուղղակի հացով ուտել:

Անհրաժեշտ մթերքները

Լոլիկ- 10-12 կգ

Կանաչ պղպեղ- 2-3 կգ

Աղ- ըստ ճաշակի  (մոտ 4-6 ճաշի գդալ)

Պատրաստման եղանակը

Վերը նշված քանակի բաղադրամասերով կստանաք 0,5լիտրանոց տարաներով մոտավորապես 10-13 տարա լեչո: Սակայն, բնականաբար, կարող եք պատրաստել նաեւ վերը նշվածի կես չափով:

Մինչ անցնելը լեչոյի պատրաստմանը` պատրաստեք տարաները եւ կափարիչները: Տարաները շատ լավ լվացեք տաք ջրով, վերջում ցողեք եռացրած ջրով: Կափարիչները նույնպես շատ մանրամասն լվացեք եւ ցողեք եռման ջրով: Լեչոյի պարագայում կափարիչները եռացնելու կարիք չկա:

Լոլիկները լավ եւ մանրամասն լվացեք, հատկապես` պոչի հատվածը: Հակառակ կողմում դանակով կեղեւը խաչաձեւ կտրեք, շարեք խորը տարայի մեջ, վրան եռացրած ջուր լցրեք: Այս եղանակով լոլիկների կեղեւները շատ հեշտ է դուրս գալիս: Կեղեւահան անելուց հետո լոլիկները կտրատեք եւ լցրեք մեծ կաթսայի մեջ ու դրեք միջին կրակին:

Կարելի է նաեւ աղալ, բայց դա ավելորդ ժամանակ է խլելու, արդյունքն, ի վերջո, նույնն է:

Լոլիկները եփեք մոտավորապես 1,5-2 ժամ` պարբերաբար խառնելով փայտե գդալով:

Այդ ընթացքում լոլիկների ծավալը բավականին կպակասի` ջրային զանգվածի գոլորշիացման արդյունքում:

Մինչ լոլիկները եփվում էին, լավ լվացեք նաեւ պղպեղները:

Կարող եք մեկ-երկու հատ կծու ծիծակ էլ ավելացնել` լեչոյին թեթեւ կծվություն հաղորդելու համար: Պղպեղների պոչիկները կտրեք, սերմերը նույնպես հեռացրեք:

Ավելացրեք եփվող լոլիկներին, կրակը ցածրացրեք, շատ մարմանդ դարձրեք, եւ թողեք լեչոն եփվի եւս 1,5-2 ժամ:

Այդ ընթացքում, երբ նկատեք, որ պղպեղների կեղեւները դուրս են գալիս, զգուշությամբ հեռացրեք` որքան հնարավոր է:

Երբ պղպեղներն էլ լավ եփվեն, ավելացրեք աղը` ըստ ճաշակի, թողեք եւս 10-15 րոպե եփվի եւ հենց այդպես, առանց կրակից հանելու, լցրեք տարաների մեջ եւ արագ փակեք:

 

Պահածոները պահեք զով եւ մութ տեղում` նկուղում կամ պահարանի մեջ:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ամէն դէպքում պահածոներ պատրաստելիս զգոյշ եղէք Clostridium botulinum բակտերիաներից,,

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930