Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի նայեք, թե ով է Հայկ Մարությանի կամ Արտակ Զեյնալյանի թիկունքին»․ Արամ Սարգսյան

Սեպտեմբեր 13,2018 22:22

«Խոստովանում և վստահեցնում եմ, որ ոչ մի պայմանավորվածություն չկա։ Մենք նման խնդիր չունենք։ Մենք ընտրապայքարի մեջ ենք մտել հաղթելու համար», – «Լույս» դաշինքի այսօրվա նախընտրական հավաքում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ իրենց հեղափոխության աջակիցներ հռչակած որոշ քաղաքական ուժեր թաքուն բանակցում են ՀՀԿ-ի հետ ավագանու ընտրություններում ընտրակեղծարարության երաշխիքներ ստանալու համար, ասաց ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով։ Քաղաքապետի թեկնածուն է Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Ուզում եմ բոլորը հասկանան, որ սրանք քաղաքապետի ընտրություններ են և բոլոր թեկնածուներն էլ մերն են։ Սա Սարդարապատի ճակատամարտը չէ։ Չկա թեկնածու, որի հաղթանակից ես չեմ ուրախանա և չեմ շնորհավորի։ Նայեք Արարատ Զուրաբյանին․ նա մերն է, ի՞նչ սև ու սպիտակ։ Նայեք Զարուհի Փոստանջյանին․ նա կոլորիտային է՝ իր առավելություններով և թերություններով։ Նա մեր քաղաքական ներկապնակի լավ դեմքերից է։ Նաիրա Զոհրաբյանին նայեք, Անահիտ Թարխանյանին՝ ճարտարապետի դուստր է և պայքարել է ամուսնու դատավարության ընթացքում (Անդրեաս Ղուկասյանի)։ Մի խոսքով, բոլորն էլ Հայաստանի մասին մտածողներ են»,- համոզմունք հայտնեց Արամ Սարգսյանը։

Նրա բնորոշմամբ կայանալիք ընտրություններն արդար են, և դաշտը սևերի ու սպիտակների բաժանելու փոխարեն պետք է շնորհավորել արդյունքների համար․ «Մի նայեք, թե ով է Հայկ Մարությանի թիկունքին կամ Արտակ Զեյնալյանի թիկունքին»։

Վերջում Արամ Սարգսյանն ընտրողներին կոչ արեց ձայն տալ Արտակ Զեյնալյանին, որը ժամանակին «Ելք» խմբակցության, այդ թվում նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից առաջադրվել է որպես ՀՀ նախագահի թեկնածու։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930