Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեյտինգայինով առաջադրված պրոռեկտոր. «Մեզ փնովում են այն մարդիկ, որոնք 5000 դրամով վերարտադրվել են»

Նոյեմբեր 22,2018 22:50

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի՝ պրոռեկտորի կարգավիճակով վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորության թեկնածու՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավթաշեն համայնքներում եւ ներկայացնում է «Օրինաց երկիր» կուսակցությունը:

Aravot.am -ի հետ զրույցում նա պարզաբանեց, թե ինչու է այդպիսի որոշում կայացրել, երբ հաջողված գործունեություն էր իրականացնում կրթության ոլորտում: Նրա մասնագիտական փորձը կրթության ոլորտում գնահատվել է Ֆրանսիայի կառավարչության կողմից, արժանացել է Ակադեմիական արմավենի շքանշանի, ինչպես նաեւ ՀՀ ԿԳ նախարարության ոսկե մեդալի:

«Ես հպարտ եմ, ո ր ՀՀ անկախ հանրապետության քաղաքացի եմ, ունեմ լավ ընտանիք, լավ երեխաներ, լավ ընկերներ, հարազատներ, բարեկամներ ու թիմակիցներ: Միշտ կարեւորել եմ մարդուն, իրավունքը, աշխատանքը, ազատությունը, եղբայրությունն ու հավասարությունը եւ այս գաղափարների վրա եմ կառուցել իմ կյանքը: Նախնիներս Էրզրումից են, 1828-ին հաստատվել են Ջավախքում, ես էլ ծնել եմ Երեւանում: ՕԵԿ-ի հիմնադիրներից եմ: Մեր կուսակցության նպատակն էլ օրենքի գերակայությունն է, իրավահավասարությունը, որպեսզի արդար պայմաններում սոցիալական հարաբերություններ ձեւավորվեն:

Որպես քաղաքական ուժ՝ մենք եղել ենք եւ իշխանություն, եւ ընդդիմություն, ունեցել վերելքներ եւ անկումներ, սխալներ եւ ճշմարիտ ուղի:Մեր քաղաքական ուժը շուրջ 250 օրենսդրական նախաձեռնություններ է ունեցել: Ես կուսակցության մեջ ավելի շատ հասարակական գործունեությամբ եմ զբաղվել, ստեղծել եմ Վիրահայերի միություն, ու ջավախահայ լինելով՝ կարեւորել եմ հարաբերությունները մեր հարեւան երկրի հետ, որովհետև մենք ունենք մեծ համայնք Ջավախքում եւ Վրաստանում»,-ասաց մեր զրուցակիցը:

Վաղարշակ Մեյրոյանը հավելեց, որ 2002-ին իրենց եւ վրացի պատգամավոր գործընկերների ջանքերով փրկել են Խոջիվանքի գերեզմանատունը, Թումանյանի գրադարանը: «Ես նաեւ Ջավախքի աջակցության հիմնադրամի հիմնադիրներից եմ եւ ջավախահայության համար ձգտում եմ գործեր անել, որպեսզի Ջավախքը մնա հայաշատ, չդատարկվի, իսկ խորհրդարանը հարթակ է, որ այդ ծրագրերն ավելի արդյունավետ իրականացվեն»,-ընդգծեց Ֆրանսիական համալսարանի պրոռեկտորը:

Լինելով կրթության լորտի մարդ, ասաց, որ արժեւորում է լավ կրթությունը եւ երիտասարդներին, որոնք էլ թավշյա հեղափոխության առանցքում են եղել: «Մեզ հնարավորինս շատ խելացի երիտասարդներ են պետք, մենք պետք է երիտասարդակենտրոն լինենք, հնարավորություն տանք երիտասարդությանը, առաջ մղվել, գեներացնենք երիտասարդների ներուժը հզոր Հայաստան կառուցելու համար:

Դեռեւս 1997թ, երբ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ հիմնում էինք Ֆրանսիական համալսարանը, մեզ հաջողվեց ստեղծել համակարգ կրթության ոլորտում, որտեղ լավագույն ուսանողները ռոտացիոն սկզբունքով չէին վճարում ուսման վարձը: Համալսարանում ստեղծել եմ բարձրագույն կրթության ֆինանսավորման երաշխիքային հիմնադրամ, որպեսզի լավագույն ուսանողները դուրս չմնան կրթական գործընթացներից: Իմ գիտական թեզը եւս այդ թեմայով է, այնտեղ կարեւորել եմ բարձրագույն կրթության ֆինանսավորման երաշխիքային հիմնադրամների գաղափարը»,- հայտնեց մեր զրուցակիցը:

Խոսեց նաեւ կուսակցության ներսում ստեղծված Զեյթուն ձյուդոյի ակումբից, որը շատ չեմպիոններ է տվել, Դավիթի Խիթարյանի հետ միասին Ֆրանսիական համալսարանում ստեղծած ամբիոնից:

Վաղարշակ Մեյրոյանն ընդգծեց. «Ես բոլոր քաղաքական ուժերում էլ ունեմ ընկերներ ու կարեւորում եմ բազմաբեւեռ քաղաքական ուժերի ներկայությունը խորհրդարանում, որովհետեւ այլակարծությունը լավ հանգրվանի է բերում: Պետք է կարողանանք ստեղծել Ազգային պառլամենտ եւ լավագույն ուժերը հավաքագրել այնտեղ: Երբեմն, ասում են, թե պարոն Բաղդասարյանը սխալվեց; Միայն ինքը չի սխալվել, ես էլ եմ սխալվել… 2008 թ մարտին, մեզ համար էլ շատ ծանր որոշում ստանձնելու օրեր էին, մտածում էինք՝ ինչ անենք, դուրս գանք փողոց, իսկ եթե ավելի մեծ կորուստ լինի, դուրս չգա՞նք, իսկ եթե մեղադրեն: Մենք վատի ու վատթարագույնի միջեւ ընտրություն կատարեցինք, ընտրեցինք վատը, փորձեցինք խուսափել ավելի մեծ թվով զոհերից»:

Զրույցի ավարտին նա կոչ արեց ընտրել այն ուժին, որը նրա ձեւակերպմամբ, պետականաշինության ճանապարհին հասարակ մարդու մատից փուշ կհանի. «Ժամանակն է, որ հզորանանք, ժամանակն է ինտրիգների էջը փակելու, պետք է լավ մասնագետներ ընդգրկվեն խորհրդարանում, եւ ես էլ կանգնելու եմ պարոն Բաղդասարյանի կողքին… Ո՞վ է ասում, որ մյուսները սխալներ չեն գործել: Մեզ փնովում են անգամ այն մարդիկ, որոնք 5000 դրամով վերարտադրել են իշխանությունը»:

Անդրադարձավ նաեւ սեւեր ու սպիտակներ արտահայտությանը: Մեյրոյանն ասաց, որ չպետք է սեւեռվել այդ արտահայտության վրա, նաեւ մեջբերեց հայտնի խոսքը, թե քաղաքականությունը դժոխք է, որտեղ հրեշտակներ չկան:

Կելց համալսարանի պրոֆեսոր Հրայր Մաղաքյանի հետ համատեղ գրված գրքից էլ խոսեց, որտեղ անդրադարձել է հայի դերին՝ Արեւելյան Եվրոպայի երկրներում քաղաքականություն կառուցելու համատեքստում: Ասաց, որ գիրքը լեհերենից թարգմանվել է հայերեն ու շուտով հասու կլինի լայն ընթերցողին: «Ես շովինիստ չեմ, բայց սիրում եմ իմ ազգի արժանիքները ներկայացնել»,-նշեց Վաղարշակ Մեյրոյանը՝ խոսելով գրքի արժեքի մասին:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930