Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ վախեցիր, գնա եւ ընտրիր». Արփինե Հովհաննիսյանի կոչը՝ իրենց համակիրներին

Նոյեմբեր 30,2018 20:55

ՀՀԿ-ն քննադատում է իշխանություններին՝ ասելով, որ 6-7 ամսվա ընթացքում ոչ մի առաջընթաց չեն գրանցել: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Հրազդանում քարոզարշավի ժամանակ թվարկեց, թե ինչ է արել իրենց կառավարությունը: Նա հայտարարեց, որ կառավարության առջեւ դրված բոլոր խնդիրները լուծել են, մասնավորապես՝ օլիգարխիային զրկել են կառավարության որոշումների վրա ազդեցության բոլոր լծակներից, հայ-ադրբեջանական սահմանում լարվածությունն ընկել է, երկրում չկան քաղբանտարկյալներ, բանակում հակառակորդի կրակոցից զոհվածների աննախադեպ ցածր թիվ ունենք, 24 տարվա ընթացքում առաջին անգամ ընտրությունները չեն կեղծվել եւ այլն:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարով առաջադրված թեկնածու Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Իր թվարկած յուրաքանչյուր «ձեռքբերման» մեջ այնքան մանիպուլյացիա կա, որ դրանց հերթով անդրադառնալը, երևի թե, կտևի 3 ժամ: Մի քանիսին անդրադառնամ՝ ինչի մեր մոտ օլիգարխներ կա՞ն դեռ, որ մի հատ էլ կառավարության որոշումների վրա ազդեն, կամ չազդեն: Բա կախարդական փայտիկի դիպչելով նրանք, ինչպես ասում են, легким движением руки չդարձա՞ն խոշոր սեփականատերեր: Այդ օլիգարխները հիմա գուցե չեն ազդում, բայց սպասարկում են իշխանության շահը: Յուրաքանչյուրն էլ հասկանում է ինչ է կատարվում: Ի՞նչ է նշանակում՝ լարվածությունն իջել է սահմանին, իսկ գուցե դրա հետեւում այլ բան է թաքնված, իսկ գուցե դա պատճառ ունի՝ ինչո՞ւ է վերելակում ձեռք բերված պայմանավորվածությունն ավելի կարեւոր, քան Վիեննայում, Ժնեւում, կամ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունը, որոնք կենսական նշանակություն ունեին: Դրանց բովանդակությունն այն է, որ պետք է հետաքննող մեխանիզմներ լիներ սահմանին, որպեսզի պարզվեր, թե ով է խախտում հրադադարի ռեժիմը: Սա՞ էր ավելի կարեւոր, թե՞ վերելակում ձեռք բերված ինչ-որ պայմանավորվածություն, որի արդյունքում ինչ-որ հրաշքի ուժով հանկարծ այդ օպերատիվ կապի պատճառով լարվածությունը թուլացել է: Ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, դուք իրականում կարծում եք, որ այստեղ մտահոգվելու, մտածելու առիթ չկա՞»:

Խոսելով քաղբանտարկյալների մասին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը թե՛այս, թե՛ այլ հարցերի հետ կապված խոստումներ է տվել ու չի իրականացրել. «Այս հարցով պետք է հանձնաժողով ստեղծվեր, որոշում կայացնեին, տեսանք, որ հանձնաժողովը չեղավ, կայացվեց քաղաքական որոշում: Չեմ ուզում թվարկել իր չկատարած խոստումները, աշխատավարձերի բարձրացման հետ կապված բլեֆը, կամ միֆը, կենսաթոշակների հետ կապված հարցը: Իրականում մենք նախատեսել էինք 2018-ի հունվարի 1-ից բարձրացնել այդ 80 հազար կենսաթոշակառուների թոշակները, իսկ 2019-ի հունվարի 1-ից բոլոր՝ շուրջ 560 հազար թոշակառուների թոշակները: Բյուջեում չնախատեսեցին, իսկ մենք նախատեսել էինք այդ գումարը: Ամեն իր «ձեռքբերման» հետ կապված մեծ է մանիպուլյացիան, դրա տակ խնդիր կա: Ասում էր՝ 350 հազարը ճռռում է, որ 800 հազարին պահի, հիմա 800 հազարի նպաստների հետ կապված կոնկրետ գործողություններ են սկսել իրականացնել, որ մարդկանց զրկեն նպաստից: Քիչ ավելի ուշ, հավանաբար, 2 օրից կհրապարակեմ դրանց ապացուցները, որպեսզի ինձ կրկին տնտեսագետները չմեղադրեն մանիպուլյացիա անելու մեջ: Ես փաստերը կներկայացնեմ՝ իրենք թող մեկնաբանեն ինչպես ուզում են»:

Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բոլոր նրանք, ովքեր արժանապատվություն ունեն, ՀՀԿ-ին չպետք է ձայն տան: Արփինե Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես հիմա հարց եմ ուզում տալ՝ ո՞վ է թույլ տվել վարչապետին վիրավորել իմ քրոջը, Արմեն Աշոտյանի հարազատներին, Վիգեն Սարգսյանի կնոջը, Էդուարդ Շարմազանովի մորը եւ մեր մյուս համակիրներին ու ընկերներին: Ինչի ինքը ՀՀ վարչապե՞տն է, թե՞ միայն «Իմ քայլը» դաշինքի համակիրների վարչապետն է: Վերջապես որքա՞ն կարելի է վարչապետի պաշտոնին ոչ հարիր պահվածք դրսեւորել: Ի վերջո` ինքը ՀՀ վարչապետն է եւ ոչ թե կոնկրետ խմբի, կոնկրետ անձանց: Երբ այսպես կոչվածն հեղափոխության առաջնորդն ես, իհարկե, կարող ես դիմել այն անձանց, ովքեր քո համակիրն են, բայց երբ դու երկրի բարձրաստիճան պաշտոնյա ես ու վարչապետ, ուրեմն դու բոլորի վարչապետն ես: Ես կոչ եմ անում այն մարդկանց, ովքեր մի կողմ թողնելով քաղաքական նախկին փորձառությամբ պայմանավորված դժգոհությունները, իրականում արժանապատիվ են, եթե իրականում մտահոգ են, իրականում համարում են, որ բազմաթիվ խնդիրներ կան, որոնք մեզ թույլ են տալիս եզրակացնելու, որ Հայաստանը ճիշտ ճանապարհով չի գնում, կոչ եմ անում այդ մարդկանց՝ մի՛ վախեցիր ճնշումներից, գնա եւ ընտրիր ՀՀԿ-ին»:

Դիմելով քաղաքացիներին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Որքան էլ դուք վրդովվեք մեր խոսքերից, կամ չընդունեք այն, ինչ ասում ենք, ես ինձ պարտավոր եմ համարում բացատրելու իրականությունը կառավարության այս կամ այն գործողության հետ կապված, մտածել, մտահոգվել, թե ոչ՝ դա արդեն բացառապես ձեր իրավասությունն է: Այն, ինչ ես անում եմ, անում եմ, որպեսզի իմ խղճի առաջ, քաղաքացու առաջ ես հանգիստ լինեմ, մնացածն ընտրողի իրավունքն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930