Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական խաչքար Գերմանիայի Էռլանգեն քաղաքում

Դեկտեմբեր 15,2018 23:33
Օրերս Գերմանիայի Էռլանգեն քաղաքում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն` ձեռամբ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանի:
Herz-Jesu կաթոլիկ եկեղեցու բակում խաչքարը տեղադրվեց՝ ի հիշատակ Էռլանգենի քաղաքային խորհրդի և Բավարիայի խորհրդարանի անդամ Վոլֆգանգ Ֆոգելի, որը դեպի Հայաստան բազմաթիվ մարդասիրական ձեռնարկների մասնակից է, «Օգնություն Հայաստանին. Էռլանգեն-Հյոխշտատ» (″Hajastan-Armenienhilfe, Erlangen-Höchstadt e. V.″) միության հիմնադիրներից:

Արարողությանը ներկա էին Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, Էռլանգենի քաղաքապետ Ֆլորյան Յանիքը, գերմանացի բարձրաստիճան հոգևորականներ և պաշտոնյաներ, Բավարիայի Քրիստոնյա եկեղեցիների միության ղեկավար Գիորգոս Վլանտիսը, Նյուրնբերգի ու Էռլանգենի հայ համայնքի ներկայացուցիչներ՝ առաջնորդությամբ Բավարիա երկրամասում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Այգիկ քահանա Հովհաննիսյանի։

«Այս խաչքարը պրն Ֆոգելի հիշատակն անմահացնող, շնորհակալության յուրահատուկ դրսևորում է և պատրաստվել է այն երկրում, որտեղ նա իր անգնահատելի ծառայությունն է բերել»,-իր խոսքում նշեց Հայր Սերովբեն՝ ընդգծելով, որ խաչքարերը հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ինքնության անբաժան մասն են, իսկ խաչը՝  մահվան և չարի հանդեպ հաղթանակը:

Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ևս իր խոսքում գնահատանքով անդրադարձավ պրն Ֆոգելի ծառայությանը:

Խաչքարի հեղինակն Անատոլի Ավետիսյանն է: Այն պատրաստվել է «Օգնություն Հայաստանին. Էռլանգեն-Հյոխշտատ» միության աջակիցների նախաձեռնությամբ: Նշենք, որ 2010թ.-ից գործող այս միությունը հումանիտար օգնություն է տրամադրում Հայաստանում կարիքավոր ընտանիքներին, օժանդակում երիտասարդների կրթության և վերապատրաստման, ինչպես նաև 1988թ. երկրաշարժից հետո վերակառուցման գործին:

Օծման արարողությունից հետո ներկաներն ունկնդրեցին հայ հոգևոր երաժշտության գոհարներից՝ Տեր Այգիկ քհն. Հովհաննիսյանի, Նյուրնբերգի Օպերային թատրոնի երգչախմբի անդամներ Գոռ Հարությունյանի, Սուրեն Մանուկյանի և Մյունխենի (Կարլսֆելդի) Սբ. Կորնելիուս եկեղեցու մանկական և Երիտասարդական երգչախմբի պատասխանատու և ղեկավար Աննա Ղազարյանի կատարմամբ:

Մարիամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31