Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարը 8 օր առաջ ներկայացրել է ռեկտորի պաշտոնակատարին, երբ նախկինը դեռ աշխատում է

Դեկտեմբեր 21,2018 18:20

Դեկտեմբերի 20-ին ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին, եւ սա այն դեպքում, երբ վերջինիս նշանակման ամսաթիվը դեկտեմբերի 28-ն է: Aravot.am-ը ռեկտորի պաշտոնակատարից հետաքրքրվեց` իր կարծիքով արդյոք խախտո՞ւմ չէ իրեն 8-10 օր առաջ ներկայացնելը, երբ պաշտոնական լիազորությունների կատարմանն է անցնելու դեկտեմբերի 28-ին:

Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ ինքը չէ հարցի պատասխանատուն, բայց այնուամենայնիվ հավելեց, որ չի կարծում, թե իր` ժամկետից շուտ ներկայացումը իրավաբանորեն խախտում է: «Հրամանը գնում է ամսի 28-ով, պարզապես ներկայացվել եմ համապատասխան անձնակազմին, դրա մեջ ի՞նչ խնդիր կա»,-տարակուսանք հայտնեց ռեկտորի պաշտոնակատարը:

Հարցրինք` հիմա ո՞վ է այս պահին պաշտոնավարում, ո՞վ է նստած ռեկտորի աշխատասենյակում, ի՞նքը, թե դեկտեմբերի 19-ին ազատման դիմում գրած Կորյուն Աթոյանը:

Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ ռեկտորի աշխատասենյակում նստած է նախկին ռեկտորը, նա դեռ աշխատում է: «Իմ կարծիքն իրավական գնահատական չէ, ճիշտ կլինի ԿԳ նախարարությունից մեկնաբանություն ստանալ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Մեկնաբանության համար կապվեցինք նաեւ ԿԳ նախարարության բարձրագույն կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանի հետ:
«Նախկին ռեկտորը մինչեւ դեկտեմբերի 28-ը պետք է իրականացնի իր աշխատանքային պարտականությունները: Նախարարը ուղղակի ներկայացրել է ռեկտորի պաշտոնակատարին, քանի որ դեկտեմբերի 20-ին գիտական խորհրդի վերջին նիստն է եղել: Առիթը բաց չի թողել պրոֆեսորադասախոսական կազմին եւ խորհրդի անդամներին ռեկտորի պաշտոնակատարին ներկայացնելու համար: Ներկայացնելը դեռ չի նշանակում, որ նա հենց ներկայացնելու օրն է ստանձնում աշխատանքային պարտավորությունները»,-ասաց տիկին Գրիգորյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` Տնտեսագիտական համալսարանի կայքի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31