Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյանը՝ ԿԳ նախարարի, ԵՊՀ ռեկտորի եւ քաղաքական տեռորի մասին

Փետրվար 21,2019 21:40

Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԿԳ նախարար-ԵՊՀ ռեկտոր «փոխհրաձգությունը»՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը նշեց, որ երկար տարիների իր քաղաքական գործունեության ընթացքում նմանօրինակ դրսեւորումների չի հանդիպել:

«Այն ինչ կատարվում է այսօր, կոնկրետ միջամտություն է բարձրագույն ուսումնական հաստատության, այն էլ Մայր բուհի գործերին: Դա համարում եմ բացասական երեւույթ, որովհետեւ կրթությունը նուրբ ոլորտ է, եւ բոլոր այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մայր բուհի շուրջ, կարող են լուրջ հետեւանքներ ունենալ:

Ուզում եմ հատկապես շեշտել, որ կատարվածը չի վերաբերվում միայն ներքին լսարանին, այն հաստատ անդրադարձեր է ունենալու միջազգային հարթակներում, որովհետեւ երկար տարիներ Բոլոնյան գործընթացի համատեքստում մաս ենք կազմում եվրոպական բարձրագույն կրթական տարածքի:

Դա անթույլատրելի միջամտություն է: Ինչպե՞ս կարելի է Մայր բուհի ռեկտորին ոչ կոռեկտ էպիտետներով բնորոշել, իսկ նրա պաշտպանվելու միջոցները համեմատել ադրբեջանցիների հետ: Կրթական ինստիտուտը սասանվում է, վարկաբեկվում է, եւ այդ վարկաբեկումը կոնկրետ անդրադառնալու է ուսանողության ու տարիների ընթացքում ստեղծված մթնոլորտի վրա: Էթիկայի նորմերը եւս չեն պահպանվում:

Բուհերի ինքնավարությունից, ապաքաղաքականացվածությունից են խոսում, սակայն դրա ուղիղ հակառակն են անում: Նաեւ ես կարծում եմ, որ անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում է տեղի ունենում, որովհետեւ կան իրավապահ մարմիններ, եւ որեւէ դեպքում կրթության նախարարն իրավունք չունի նրանց գործառույթներն իրեն վերագրել ու միջամտություններ անել»,-ասաց տիկին Աճեմյանը:

«Վերջին օրերի իրադարձությունները նմանվում են համակարգված, ռեպրեսիվ տեռորի, քաղաքական հետապնդման: Գիտեք, որ Արամ Սիմոնյանը կուսակցական է: Ճիշտ է, նախարարը կրկնում է, որ դա կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ, բայց իրականում կատարվողը նաեւ քաղաքական տեռոր է, եւ մարդը թիրախավորվել է կուսակցական լինելու պատճառով:

Քաղաքական խտրականություն է տեղի ունենում, խոսվում է ակադեմիական ազատությունների, ինքնավարության մասին, բայց այդ ամենը խախտվում է: Էլ չասեմ, որ նախարարին ոչ հարիր էպիտետներով ու բառապաշար է օգտագործվում: Շատ շփվելով դասախոսական կազմի հետ, տեղյակ եմ, որ բուհի ներսում մեծ դժգոհություններ՝ ռեկտորի հետ կապված, չկան: Պատվերն էլ դրսից է՝ վերեւից եւ կոնկրետ քաղաքական ենթատեքստ ունի»,-հավելեց ԱԺ նախկին պատգամավորը:

Նրա ձեւակերպմամբ. «Նախարարի նշած բոլոր չակերտավոր մեղադրանքներին շատ մանրամասն բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանն անդրադարձել է, ձեւակերպումները կան: ԵՊՀ-ն շատ մեծ կառույց է, մեծ ֆինանսական հոսքեր կան եւ ցանկացած փոքր խախտում կարելի է ուռճացնել եւ մեծ խնդիր սարքել; Բայց պետք է շատ զգույշ լինել: Մենք բազմիցս ասել ենք, որ կրթության համակարգի մարդկանց վերաբերյալ ձեւակերպումները պետք է շատ կոռեկտ լինեն, որովհետեւ դրանով վարկաբեկվում է կառույցը, եւ որ ամենակարեւորն է՝ այդ ամենը նաեւ դրսում են տեսնում, մեզ հետ աշխատող կառույցներն են լսում, եւ սա շատ վտանգավոր է երկրի հեղինակության համար»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728