Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք մեր մեջ մշակույթ ձևավորելով՝ դառնում ենք մշակույթի կրող

Մարտ 03,2019 11:49 Share

Վերջերս թանգարանային ցուցանմուշների տեղափոխման և դպրոցներում ցուցադրման նկատմամբ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի մոտեցումը բուռն քննարկման ալիք բարձրացրեց որոշ թանգարանագետների և արվեստասերների շրջանում: Նույնիսկ քննադատական տեսակետ հրապարակվեց լրատվամիջոցներից մեկում, որտեղ ցուցանմուշների տեղափոխման ու պահման պայմանները ներկայացվեցին բավական բարդ և փոխարենն առաջարկվեց բարելավել չցուցադրվող նմուշների պահման պայմաններն ու ընտրել այն ուղին, որով մինչ այսօր առաջնորդվել են մեծաթիվ ծնողներ` հնարավոր ազատ ժամանակ փնտրելու և երեխաներին թանգարաններ ու պատկերասրահներ տանելու:

Անշուշտ, եթե անբարվոք պայմաններում թանգարանային արժեքավոր իրերի վնասման վտանգ կա, ապա բարելավումը քննարկման ենթակա չէ, սակայն արվեստասեր հասարակություն ձևավորելու հարցում, կարծում եմ, ավանդական ճանապարհներից մի փոքր շեղվելն ու այլընտրանքային ուղիներ գտնելը լավագույն տարբերակն է: Այս դեպքում Լիլիթ Մակունցի մոտեցումը միանգամայն արդարացված է, չէ՞ որ դպրոցը միայն դասագրքերով չի սկսվում և ավարտվում: Այն կրթօջախ է, որտեղ ձևավորվում է մշակույթ: Եվ եթե տարին մեկ-երկու անգամ որևէ դպրոցում կազմակերպվի համապատասխան միջոցառում` արվեստի գործերի ցուցադրություն որոշակի ժամանակով, դրա առավելությունները գերակա կլինեն ցուցանմուշների պահպանման ու տեղափոխման հնարավոր վտանգների վերաբերյալ մտահոգություններին:

Այս տեսակ միջոցառումներում կարելի է մասնագետների խորհրդատվությամբ ընտրել այնպիսի գործեր, որոնց անվտանգ տեղափոխման երաշխիքներն ավելի բարձր են և պահման պայմաններ ստեղծելու աշխատանքների ծավալման համար առանձնապես մեծ ջանքեր չեն պահանջվի, փոխարենը երեխաների համար այն կլինի և՛ գեղագիտական հաճույք, և՛ արվեստի գնահատման ու ճաշակի ձևավորման դասընթաց: Այն նաև երեխաների մոտ կառաջացնի հետաքրքրություն և արդեն ոչ թե ծնողի, այլ իրենց իսկ նախաձեռնությամբ կիրականացնեն այցելություններ` թանգարաններ ու պատկերասրահներ:

Ըստ իս՝ արվեստի մուտքը կրթօջախ նույնիսկ պարտադիր է: Արվեստի հանդեպ անտարբերությունը վերացնելը պետության պարտավորությունն է, իսկ մշակույթ ձևավորելը՝ նաև անհատի: Այսինքն պետությունն օգնում է, որ անհատն ինքն իր մեջ գեղեցիկի հանդեպ մշակույթ ձևավորի, և այստեղ վերհիշելով այն չարչրկված խոսքերը, որոնք տարածվեցին ողջ համացանցով և քննադատությունների զոհ դարձան` «Մշակույթը ես եմ, իմ մեջ է, ինչպես և մեզանից յուրաքանչյուրի», կրկին արդարացվում են, չէ՞ որ մենք մեր մեջ մշակույթ ձևավորելով՝ դառնում ենք մշակույթի կրող:

Մեր քաղաքում նաև հատուկենտ են այն մանկապարտեզներն ու դպրոցները, որտեղ կազմակերվում են ներկայացումներ` թատրոնների դերասանների մասնակցությամբ, քիչ են այն բուհ-երը, որտեղ ձեռքի աշխատանքների ցուցադրություն-վաճառք են կազմակերպվում, և թանգարանային ցուցանմուշները դպրոցներում ցուցադրելու նախաձեռնությանն ավելացնելով այս երկու նախաձեռնությունների հաճախականությունը` ժամանակի հետ համընթաց կքաղենք մեր իսկ ձևավորած մշակույթի պտուղները, որովհետև արվեստի հետ շփված անձն արդեն ծարավ կապրի` հերթական անգամ առնչվելու ցանկության:

 

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031