Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. Հայաստանից դուրս գտնվող հայագիտական կենտրոններում հսկայական նյութ է կուտակված, որն ուսումնասիրված չէ

Մարտ 26,2019 17:34

ԳԱԱ ընդհանուր ժողովում գիտնականների ելույթներից հետո, նրանց կողմից բարձրացված հարցերին ու խնդիրներին ամփոփիչ խոսքում անդրադարձել է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Մեր առաջիկա կարևոր անելիքներից է «Բարձրագույն կրթության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի նոր նախագծի ընդունումը, որով մենք մի շարք նոր լուծումներ ենք առաջարկում: Ի սկզբանե արձանագրել ենք, որ գիտահետազոտությունը կամ ընդհանրապես դուրս է մնում, կամ բավարար չափով ներառված չէ համալսարանական կյանքում: Օրինագիծը հետազոտական բաղադրիչի ավելացման պահանջ է սահմանում: Մեզ երբեմն քննադատում են` ասելով, որ չենք ներկայացրել կրթության և գիտության զարգացման ռազմավարությունը. սա իրավացի գնահատական է: Բայց նաև ինքներս մեր առաջ խնդիր ենք դրել նախ ճանաչել համակարգի բոլոր դերակատարներին, ուսումնասիրել բաղադրիչները, նոր միայն մշակել ռազմավարություն, որպեսզի նոր ռազմավարությունը հիմնված լինի իրական կյանքի վրա»,-իր խոսքում մասնավորապես նշել է նախարարը և շեշտել, որ ընդամենը վերջերս, կարդալով 2011-15 թվականների «Կրթության զարգացման ռազմավարությունը», համոզվել է, որ նման փաստաթղթերը երբեմն ստեղծվում են իրավական կամ մեկ այլ պարտադրանքից ելնելով, և մնում են սոսկ որպես փաստաթուղթ` ոլորտի զարգացման վրա այդպես էլ որևէ ազդեցություն չունենալով: «Մեր ցանկությունն է մշակել և ընդունել կենսունակ օրենքներ, որոնք կնպաստեն գիտության զարգացմանը, ձևական որևէ փաստաթուղթ չենք ընդունելու»,- նշել է նախարարը: Արայիկ Հարությունյանի խոսքով` անցյալ տարի ակադեմիական կազմակերպությունների և բուհերի համատեղ գիտական հրապարակումներն ընդամենը 165-ն են եղել, որն ընդհանուր հրապարակումների մեջ շատ քիչ ծավալ է կազմում, ինչը լուրջ մտահոգություն է: Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը` նախարարն ընդգծել է, որ պետական հատկացումներից բացի, որոնք շատ կարևոր են, պետք է աշխատանք տանել նաև մասնավոր ոլորտի ներդրումների ներգրավման ուղղությամբ, քանի որ գիտությունը պետք է լուծումներ գտնի ոչ միայն պետության, այլ նաև բիզնեսի և տնտեսվարողների առջև ծառացած խնդիրների լուծման համար:

«Քայլերը, որոնք ուզում ենք անել ձեզ հետ համագործակցելով, նպատակ ունեն երկրի կառավարումը, այդ թվում նաև գիտության կառավարումն ավելի արդյունավետ դարձնել»,-դիմելով ներկաներին` նշել է Արայիկ Հարությունյանը: Անդրադառնալով մասնավորապես հայագիտության զարգացման խնդիրներին, ԿԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանից դուրս գտնվող հայագիտական կենտրոններում հսկայական նյութ է կուտակված, որն ուսումնասիրված չէ, մինչդեռ Հայաստանում տարիներ շարունակ տեղապտույտ է կատարվում բազմիցս ուսումնասիրված և ծեծված նյութերի շուրջ. «Մենք այս ասպարեզում պետք է կարողանանք գնալ փոփոխությունների, պետք է փոխենք հայագիտության զարգացման հետաքրքրությունների շրջանակը, որպեսզի հետագայում, նաև գիտական այդ հետազոտությունների միջոցով կարողանանք պահպանել Հայաստանից դուրս գտնվող հայկական ժառանգությունը, ինչու չէ, նաև մտածենք` այն Հայաստանի Հանրապետություն ետ բերելու մասին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով ակադեմիայի գիտական ինստիտուտների խնդիրներին` ԿԳ նախարարը նշել է, որ այժմ ԿԳՆ Գիտության կոմիտեի կողմից շրջանառության մեջ է դրվել արդյունքների չափման նոր մեթոդաբանությունը: Այս հարցում նախարարն ակնկալում է ակադեմիական հանրույթի ակտիվ և շահագրգիռ մասնակցությունը` ընդունելի իրավական փաստաթուղթ ունենալու համար: Արայիկ Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է նաև բազային ֆինանսավորման և ոլորտային մի շարք այլ ընթացիկ հարցերի:

Կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031