Լրահոս
Օրվա լրահոսը

Մոմերով երթ Գյումրիում՝ ի հիշատակ ապրիլյան պատերազմի նահատակների (Ֆոտոշարք)

Ապրիլ 01,2019 22:22

Այսօր մեծ թվով գյումրեցիներ ապրիլյան քառօրյայի զոհերի հիշատակը հարգեցին Պանթեոն այցելելով, ծաղիկներ խոնարհելով  նրանց շիրիմներին, աղոթքներ հնչեցնելով։ Այնուհետ Գյումրու Հայուհու հրապարակից մոմերով երթ կազմակերպեցին դեպի Վարդանանց հրապարակ։

Երթին միացան նաև մարզային իշխանության ներկայացուցիչները՝ Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ։ Իսկ Վարդանանց հրապարակում, որտեղ նահատակված բոլոր հերոսների հիշատակին մոմեր վառվեցին՝ նրանց անունները հնչեցնելով ու Հավերժ փառք տալով, միացան նաև քաղաքային իշխանության ներկայացուցիչներն ու ԱԺ պատգամավորները։

Ապրիլյան քառօրյայում թշնամու 8 տանկերից առնվազն 3-ը ոչնչացրած հերոս Տիգրան Աբգարյանի հայրը՝ Արամ Աբգարյանն ասաց․ «Երեք տարին անցավ երեք վայրկյանի պես, գիտեմ, թե երեկ էր։ Մեզ համար շատ դժվար է, շատ ժամանակ հարցնում են՝ էսօր ի՞նչ օր է ու երիտասարդ տղեք, զարմանում ես։ Երբ ասում ես՝ ապրիլյան քառօրյայի երեք տարին լրացավ, ասում են՝ վայ 3 տարի արդեն անցավ, զգում ես, որ անտարբերություն էլ կա․․․»։

Հերոսի եղբայրը՝ Ժորա Աբգարյանը, որն այսօրվա նախաձեռնության հեղինակներից է և  եղբոր անունով մարտական ակումբ է հիմնել, ասաց, որ երիտասարդների 90 տոկոսը ուզում է դառնալ մարտական ակումբի անդամ, ռազմական գիտելիքներ ձեռք բերել։

Ժորա Աբգարյանը համոզված է, որ այժմ էլ երիտասարդությունը նույն համախմբվածությամբ, ինչ 3 տարի առաջ, պատրաստ է պաշտպանել հայրենիքը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930