Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ԹԱՄԱՆՅԱՆ

Ապրիլ 04,2019 12:10

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ

Գլուխ վաթսունչորսերորդ

 

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԵՎ ԹԱՄԱՆՅԱՆ

 

Եվ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ « հիմի Թումանյանին գովում են, որ ժողովուրդների բարեկամության համար ա պայքարել», եւ Արիկը մի քիչ մտածեց ու ժպտալով Ջավախյանին ասաց՝ «դու էլ, որ մեռնես, քեզ էլ կգովեն», եւ Ջավախյանը բավական երկար մտածեց ու ասաց՝ «ավելի լավ ա սաղ մնամ ու էս անարժաններից թուքումուր ուտեմ», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին հարցրեց՝ «Կորյունին ո՞նց ես անարժան անվանում» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինքը Բուռչոյանոցի նախագծի հեղինակն ա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ Բուռչոյանոցը ես ավելի լավ կնախագծեի», եւ Կորյունն արհամարհական նայեց Ջավախյանին ու ասաց՝ «դու քո պատմվածքները ավելի լավ գրի», եւ Արիկը Կորյունին ասաց՝ «ինքը իրա պատմվածքները լավ էլ գրում ա», եւ Կորյունն արհամարհական նայեց Արիկին ու հարցրեց՝ «էդ քո՞ կարծիքն ա, թե՝ ձեր ամբիոնի վարիչի», եւ Արիկը պատասխանեց ու ասաց՝ «լափ էլ իմ կարծիքն ա», եւ Կորյունը մի քիչ մտածեց ու Արիկին ասաց՝ «էրեսին գովում ես, հետեւից հակառակն ես ասում», եւ Արիկը զարմացած հարցրեց՝ «հետեւից ի՞նչ եմ ասում», եւ Կորյունն Արիկին ասաց՝ «ասում ես՝ Ջավախյանն ի՞նչ գրող ա, որ իրա մասին խոսում եք», եւ Ջավախյանը Կորյունին հարցրեց՝ «բայց քո սի՞րտն ինչի ա ցավում» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ինձ լափ էլ ձեռ ա տալի, որ էրեսիս գովան ու հետեւիցս վատաբանեն», եւ Կորյունը տհաճությամբ նայեց Ջավախյանին ու հարցրեց՝ «քո դուրը գալիս ա՞, որ քեզ Թումանյանի հետ ա համեմատում», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «հա» եւ մի քիչ էլ մտածեց ու Կորյունին հարցրեց՝ «քո դիրը չի գա՞, որ քեզ  Թամանյանի հետ համեմատեն», եւ Կորյունը պատասխանեց ու ասաց՝ «հեչ չի գա», եւ Ջավախյանը մի քիչ մտածեց ու հեգնանքով Կորյունին ասաց՝ «որովհետեւ դու անհամեմատելի մեծություն ես», եւ Հայկունին ժպտալով Ջավախյանին ասաց՝ «ավելի լավ ա՝ քեզ ու Կորյունին իրար  հետ համեմատենք, Թումանյանին ու Թամանյանին էլ՝ իրար հետ», եւ Մանուկյան Ջոնը, որ էս ամբողջ ժամանակ դանթում էր, անսպասելի զարթնեց ու ժպտալով ասաց՝ «մանավանդ որ՝ Թումանյանի ու Թամանյանի տարբերությունը ընդամենը մի տառ ա», եւ Հայկունին զարմացած նայեց Ջոնին ու հարցրեց՝ «դու քնած չե՞ս, տղա ջան», եւ Արիկը ժպտալով ասաց՝ «Ջոնն արվեստին վերաբերող բաները նույնիսկ քնած վախտ ա հասկանում», եւ Հայկունին ժպտալով Արիկին ասաց՝ «էրեսին ըսենց գովում ես, բայց հետեւից ուրիշ բաներ ես խոսում», եւ Ջոնը թարս նայեց Արիկին ու ասաց՝ «ղալաթ ա անում, որ ուրիշ բաներ ա խոսում», եւ Արիկը Ջոնին հարցրեց՝ «դու էլ հավատացի՞ր», եւ Ջոնը թարս նայեց Արիկին ու ասաց՝ «քեզնից ամեն ինչ հավատալու ա»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930