Արդեն 5-րդ տարին է, ինչ մարզային փառատոների շարքում իր հաստատուն տեղն ունի «Սևան» միջազգային երաժշտական փառատոնը:
«Սևան» երաժշտական փառատոնը, որի կազմակերպիչը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն է, առաջին անգամ անցկացվել է 2015թ-ին Սևանի թերակղզում: 2016թ-ին այն կրկին անցկացվեց թերակղզում` ընդլայնելով մասնակիցների աշխարհագրությունը: 2017թ-ին սևանյան ալիքը հասավ և հանգրվանեց թիվ 1 հանրային լողափում: Անցած տարի փառատոնն անցկացվեց երկու օր, և լճափն ու Սևան քաղաքը վայելեցին երաժշտական այն հրավառությունը, որ պարգևեցին հանրապետության և արտերկրի տարբեր խմբեր:

Ինչպես նշում է «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախագահ, փառատոնի կազմակերպիչներից Գոհար Մնացականյանը, փետրվար ամսից ընդունվում են այս տարվա փառատոնի հայտերը: Արդեն երեք տասնյակ խմբեր հանրապետությունից, Արցախից և արտերկրից ներկայացրել են իրենց հայտերը: «Հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև մայիսի 5-ը: Կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, սակայն նախապատվությունը տրվելու է այն խմբերին, որոնք ներկայանալու են ռոքնռոլ և էթնո ժանրերում»,- ասում է Գոհարը:
Կարդացեք նաև


«Սա տնտեսական և բիզնես մտածողության գործիքներից է, և այս խառնուրդում կարելի է լուծել հարակից մի շարք հարցեր: Հիմքում ունենալով այս միտումը` այս տարի էլ փառատոնի 2-րդ օրը կանցկացվի Սևան քաղաքում, որը զբոսաշրջային հոսքերն ավելացնելու և ակտիվացնելու, համապատասխան ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու, նոր ծրագրերի սկիզբն է ազդարարելու»,- նշում է Գոհար Մնացականյանը:

Ինչպես յուրաքանչյուր փառատոն, սևանյանն էլ պահանջում էր բազմակողմանի և մեծածավալ աշխատանք` սկսած բեմի տեղադրումից մինչև ընդունելություն և գիշերակացի կազմակերպում: Փառատոնի կազմակերպիչներն օգնության են հրավիրում և փնտրում են կամավորների, ովքեր այս իրադարձային միջոցառումը կդարձնեն ավելի քան ներկայանալի:

Աջակիցների բանակն ու քանակը հետզհետե ավելանում է:
«Սևան» միջազգային երաժշտական փառատոնը, որը այս տարի տեղի է ունենալու օգոստոսի 3-ին և 4-ին, հավակնում է դառնալ ոչ միայն երաժշտական ինքնատիպ իրադարձություն, այլ նաև Սևանը բազմակողմանի ներկայացնելու լավագույն միջոց:
Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ


















































