Լրահոս
Օրվա լրահոսը

Հասնել և անցնել Սինգապուրին

Ապրիլ 07,2019 12:00

Մեր հեղափոխությունը Նիկոլն ու հայոց վերջին հեղափոխության առաջնորդներն անվանակոչեցին «թավշյա», բայց առավել կոշտ ու ոչ թավշյա հեղափոխություն՝ քան մերն էր, դժվար է պատկերացնել:
Չնայած Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխություն» բնորոշումը հեղափոխության բոլոր կողմնակիցների սրտով էր, այդուհանդերձ, հեղափոխության ջատագովներն առավել ոգևորվեցին նոր իշխանությունների միանգամայն կոշտ ու կոպիտ, ոչ թավշյա վերաբերմունքից՝ Գեներալ Մանվելից սկսած և երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանով չվերջացրած:

Այսպիսով, նոր իշխանությունը՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, իրավական ու արդարադատության բնագավառում չափազանց բարձր նոտա է վերցրել և, փաստորեն, անհոգ գլուխը հոգսի տակ է դրել, ընդ որում՝ չափազանց մեծ ու չափազանց լուրջ հոգսի, և եթե հաշվի առնենք, որ «ամենատղամարդ» Ռոբերտ Քոչարյանը մշտապես լավ մարզավիճակում է, և ընկճվելու ու կոտրվելու մտադրություն էլ կարծես թե չունի, և եթե սրան էլ գումարենք Ռուսաստանի նախագահ Պուտինի չափազանց ջերմ վերաբերմունքը Քոչարյանի հանդեպ, պիտի ընդունենք, որ առաջիկայում ոչ միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է լուրջ փորձություն սպասում, այլև Հայաստանի նոր իշխանություններին, որոնք, փաստորեն, նույնպես նահանջի տեղ չունեն, քանի որ Հայաստանի նոր իշխանություններից ժողովրդի սպասելիքները չափազանց մեծ են, և նոր իշխանություններն իրենցից կախված ամեն ինչ արել են, որ ժաղավուրդն իրենցից չափազանց մեծ սպասելիքներ ունենա՝ հատկապես արդարադատության ու նախկին հանցավորների պատասխանատվության իմաստով:

Կարճ ասած՝ շատ ճիշտ են ասում, որ ասում են՝ Նոր Հայաստան, որը շատ իմաստներով է, փաստորեն նոր: Կարելի է նույնիսկ Սինգապուրի հետ համեմատել: Հատկապես նորության ու թարմության իմաստով:
Եթե մի քանի տարի առաջ որևէ մեկը կանխագուշակեր, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվելու է Հայաստանում այսքան բան փոխել, դժվար թե հավատայինք:

Ամբողջ աշխարհը Սինգապուրի օրինակի վրա է զարմացած, բայց մեր օրինակն էլ պակաս զարմանալի չէ:
Մենք ոչ Սինգապուրի անցյալը լավ գիտենք և ոչ էլ ներկան, որ կարողանանք համեմատել, բայց գիտենք, որ ընդամենը մի մարդու շնորհիվ այդ երկիրը ուղղակի անճանաչելի է դարձել: Ընդամենը մի մարդու շնորհիվ ժողովրդի ու հասարակության մտածողությունն է փոխվել. Անճանաչելիորեն բարձրացել է քաղաքացու հասարակական գիտակցությունն ու պատասխանատվության զգացումը: Մարդիկ երկրի օրենքներին ենթարկվելուց և երկրի օրենքները կատարելուց ուղղակի հաճույք են ստանում: Ասում են՝ եթե Սինգապուրում հասարակական զուգարան ես մտնում և քո հետևից զուգարանի ջուրը չես քաշում, զուգարանի դուռը փակվում է, և դու բանտարկվում ու մնում ես զուգարանի մեջ:

Ահա այսպիսի զարմանալի բաներ: Մեզանում էլ մեր հեղափոխությունից հետո պակաս զարմանալի բաներ տեղի չեն ունենում: Այն, ինչ տեղի ունեցավ գեներալ Մանվել Գրիգորյանի, այնուհետև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների հետ, պարզապես ֆանտաստիկայի ժանրից է: Նույնիսկ մեր ամենահեղափոխականների ու ամենանիկոլականների մտքով չէր անցնի, որ կալանավորումների գծով վարչապես Փաշինյանը կարող է հասնել մինչև Ռոբերտ Քոչարյան:

Վարչապետի այս հետևողականությունը շատերի սրտով է, և նրանք, ովքեր կարծում էին, որ Քոչարյանի ու մյուսների առումով Փաշինյանը գործի կեսից հետ կկանգնի, փաստորեն սխալվեցին, և Քոչարյանի հանդեպ Փաշինյանի վերաբերմունքը չմեղմվեց նույնիսկ Քոչարյանի հանդեպ Պուտինի միանշանակ ջերմ վերաբերմունքից հետո:

Արդեն երեք տասնամյակ է՝ Հայաստանն անկախ է, և արդեն երեք տասնամյակ է Հայաստանի ժողովուրդն անմիջականորեն է շփվում քաղաքականության հետ: Բայց հանուն ճշմարտության պիտի խոստովանենք, որ միայն այս ,թավշյաե կոչված հեղափոխությունից հետո մեր ժողովուրդն ու հատկապես մեր երիտասարդությունը սկսեցին քաղաքական կատեգորիաներով մտածել, և հասկանալ ու մտածել, որ Հայաստան երկրի կառուցման ու բարգավաճման գործում իրենք ևս բավական լուրջ անելիքներ ունեն: Ընդ որում՝ բավական շատ:
Մենք սովորաբար շատ ենք թերագնահատել մեր ժողովրդին՝ համարելով որ մեր ժողովուրդը քաղաքացիական բարձր գիտակցություն և հասարակական բարձր ակտիվություն չունի:

Կյանքը հակառակը ցույց տվեց: Կյանքը ցույց տվեց, որ եթե մեր ժողովրդին մոտ թողնես ու հաղորդակից դարձնես պետական շինարարության խնդիրներին, մեր ժողովուրդը լավ էլ ակտիվություն հանդես կբերի: Ընդ որում՝ միանգամայն դրական: Նիկոլ Փաշինյան վարչապետը հետևողականություն հանդես բերեց ոչ միայն արդարադատության ու նախկին հանցագործներին պատժելու ու պատասխանատվության կանչելու հարցերում, այլև մարտի մեկի մեղավորներին մինչև վերջ հայտնաբերելու հարցերում, ու կարևորն այն է, որ այս բոլոր հարցերում էլ ժողովուրդն իր վարչապետի թիկունքին է:

Համենայն դեպս, տպավորությունն այդպիսին է: Եվ չնայած հեղափոխությունը մեկ տարի առաջ հաղթանակել ու ավարտվել է վարչապետը շարունակում է ժողովրդից լիցք ու ուժ ստանալ: Եվ ժողովուրդը՝ իր վարչապետից:
Եթե այսպես՝ թիկունք թիկունքի տված շարունակեն, գուցեև մի բան ստացվի:

Վերջապես, Սինգապուրից ինչո՞վ ենք պակաս:

 

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930