Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊԼՀ ուսանողները Մատենադարանում մասնակցեցին արաբատառ ձեռագրերի ցուցադրությանը

Ապրիլ 29,2019 17:00

Ս․ թ. ապրիլի 26-ին Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի Ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի երկրորդ և երրորդ կուրսի արաբերեն և պարսկերեն ուսումնասիրող ուսանողները մասնակցեցին Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի Արևելագիտության բաժնի գիտաշխատողների կողմից կազմակերպված դասախոսությանը և արաբատառ ձեռագրերի ցուցադրությանը:

Դասախոսության ընթացքում, որը վարում էին թուրքագետ Անի Ավետիսյանը, պարսկագետ Իվեթ Թաջարյանը և արաբագետ Վեներա Մակարյանը, նշվեց, որ Մատենադարանի Արևելագիտության բաժինը գործում է 2012թ-ից (նախապես՝ Արաբատառ ձեռագրերի նկարագրության և ուսումնասիրման բաժին): Մատենադարանի արաբատառ ձեռագրերի հավաքածուն ընդգրկում է մոտավորապես 3000 արաբերեն, պարսկերեն և օսմաներեն ձեռագրեր:

Ինչպես արաբատառ հավաքածուն, այնպես էլ Մաշտոցի անվան Մատենադարանի ամբողջ հավաքածուն կազմվել է Մոսկվայի արևելյան լեզուների ինստիտուտի (Լազարյան ճեմարան) և Սուրբ Էջմիածնի Մատենադարանից բերված ձեռագրերի վրա, ապա ստվարացել անհատական նվիրատվությունների շնորհիվ:

Դասախոսության ընթացքում ուսանողները ծանոթացան արաբական, պարսակական, օսմանական գրչատեսակներին և դրանց առանձնահատկություններին:  Հատկանշական է, որ բովանդակային և գեղագիտական առումով պարսկերեն հավաքածուն ավելի հարուստ է, քան արաբերեն և օսմաներեն հավաքածուները: Հետաքրքրական է, որ ձեռագրերում առկա մանրանկարների շնորհիվ նույնպես կարելի է պատկերացում կազմել ձեռագրի ծագման մասին: Օրինակ, լազուրով պատված մանրանկարները հուշում են, որ տվյալ ձեռագիրը Աֆղանստանից է, փիրուզովը՝ Իրանից, իսկ ոսկեպատ մանրանկարները հուշում են հովանավորի բարձր դիրքի մասին և այլն:

Գնահատելով Մատենադարանի գիտանձնակազմի կողմից ցուցաբերած մասնագիտական բարձ պատրաստվածությունը՝ պետք է նշել, որ այսպիսի այցելությունները և դասախոսությունները կարևոր դեր են խաղում ուսանողների մտահորիզոնի ընդլայնման, մասնագիտական գիտելիքների խորացման և աշխարհաքաղաքական իրավիճակում ճիշտ կողմնորոշման  գործընթացում:

ԵՊԼՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930