Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Կյանքը սպորտի ռիթմով

Մայիս 01,2019 18:03

Կյանքի արագացող տեմպը չի կարող այս կամ այն կերպ չանդրադառնալ մարդկանց առողջության վրա: Համաձայն ՀՀ ԱՆ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչության շրջանում շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացություններով ընդհանուր հիվանդների թիվը 2010-2017թթ. 1318-ից աճել է մինչև 1974: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշում է, որ ընդհանուր մահերի կառուցվածքում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից վաղաժամ մահացությունը (մինչև 65 տարեկան) կազմում է 18.6%: Հայաստանում վաղաժամ մահացության ցուցանիշը (485 մահ 100 000 մարդու հաշվով) զգալի գերազանցում է ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանի միջին ցուցանիշը (380 մահ 100 000 մարդու հաշվով): Այս թիվը գնալով աճում է, և դառնում շատ կարևոր և անհանգստացնող խնդիր Հայաստանի նման փոքր երկրի համար:

Հիվանդացության և մահացության ցուցանիշերն արտացոլում են բնակչության անառողջ վիճակը, և ուղղակիորեն կախված են տարբեր գործոններից: Որոնցից շատ կարևոր են նաև կենսաբանական ռիսկի գործոնները՝ անառողջ սննդակարգը, ծխախոտի օգտագործումը, և, իհարկե, ֆիզիկական թերակտիվությունը: Հենց այս պատճառներից ելնելով էլ որոշեցինք պարզել Հայաստանում մասսայական սպորտի վիճակը և առողջ ապրելակերպի կարևորության գիտակցումը մարդկանց շրջանում:

ԲՆՈՒԹՅԱՆ ՏՎԱԾԸ ԲՆՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԿՏԱՆԻ

Սպորտով զբաղվելու կարևորությունը պետք է գիտակցել ոչ միայն այն ժամանակ, երբ ունենում ենք առողջական խնդիրներ կամ մարմնի ծանր քաշ, այլ՝ միշտ: Սպորտով զբաղվելը պետք է լինի ապրելակերպ: Այս առումով Հայաստանի օդը, օրգանիկ սնունդը, ջուրը և բնակլիմայական պայմանները մեզ թույլ են տալիս վարել առողջ ապրելակերպ:

Օրինակ ՀՀ-ի լեռնային լանդշաֆտը հնարավորություն է տալիս զարգացնել էքստրեմալ սպորտը Հայաստանում: Ամերիկյան National Geographic կազմակերպության վիճակագրությամբ՝ Հայաստանը էքստրեմալ սպորտի լավ պայմաններ ունեցող երկրների մեջ երրորդ տեղում է:

Հայաստանում յուրաքանչյուր եղանակ դրսևորվում է իր ամբողջ գեղեցկությամբ ու խստությամբ, և մեր քաղաքացիներն ունեն հնարավորություն վայելելու տարվա յուրաքանչյուր եղանակ: Մենք պետք է ոչ թե սպասենք ձմռան ավարտին սպորտով զբաղվելու համար, այլ վայելենք և ճիշտ օգտագործենք տարվա այդ եղանակը: Եվ եթե աշխարհում կան շատ երկրներ, որտեղ ձմռանը զբոսաշրջիկներ ներգրավելու և սպորտով զբաղվելը խթանելու համար արհեստական ձյուն են ստեղծում, ապա այս առումով Հայաստանի բնությունը բավականին բարեհաճ է:

 

Ի՞ՆՉ Է ԱՍՈՒՄ ՕՐԵՆՔԸ

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքը սահմանում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը։

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այս օրենքով և այլ իրավական ակտերով:

Սույն օրենքը սահմանում է՝ «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի պարտադիր դասավանդում ուսումնական բոլոր հաստատություններում՝ ուսումնառության ամբողջ ընթացքում, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացում, պետական ծրագրի միջոցով ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային համակարգի կատարելագործում, ուսումնամարզական բազաների կառուցում, տարիքային և սոցիալական տարբեր խմբերի անձանց համար ֆիզիկական կուլտուրայով ու սպորտով զբաղվելու մատչելիություն: (օրենքն ամբողջությամբ՝ այստեղ):

 

ՍՊՈՐՏԸ ԿՅԱՆՔ Է, ԳԻՆԸ ԹԱՆԿ Է

Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում մարզասրահները վճարովի են, և ոչ բոլորը հնարավորություն ունեն դրանցից օգտվելու:

Մասնավորապես Երևանում մարզասրահ այցելելը թանկ հաճույք է, առավել ևս, երբ որոշ մարզասրահներ չունեն ժամավճարով ծառայություններ և պետք է աբոնեմենտ վերցնել:

Ստացվում է, որ սպորտով զբաղվելու համար մարդ պետք է ավելի երկար ու շատ ժամանակ տրամադրի գումար վաստակելուն:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` Հայաստանում միջին ամսական աշխատավարձը կազմում է 113 հազար դրամ, ըստ որի` պետական ատյաններում այն արժե 97 հազար դրամ, իսկ ոչ պետական մարմիններում` 137 հազար դրամ: Հարց է առաջանում, ամսական մոտ 120 հազար ստացող ամուսնական զույգը, որն ունի նաև երեխաներ և այդ գումարով պետք է հոգա ընտանիքի մի շարք ծախսեր, կարո՞ղ է իրեն թույլ տալ մի կլորիկ գումար հատկացնել մարզասրահ այցելելուն, թե՞ ոչ:

Քառասուներեքամյա Գոհար Հովսեփյանը նշում է, որ ունի մարմնի ավել քաշ, որն իրեն շատ է խանգարում: Բայց մարզասրահ այցելել չի կարող մի քանի պատճառներով. առաջինը և գլխավորը ժամանակի խնդիրն է, վերջինս աշխատում է ամեն օր առանց հանգստի և օրական տասներկու ժամով, հետևաբար չունի ազատ ժամանակ մարզասրահ այցելելու համար, իսկ մյուս խնդիրը ֆինանսն է: Նա վաստակում է ամսական 80.000 դրամ, ունի երկու երեխա, հետևաբար աշխատած գումարը հազիվ է բավարարում իրենց ապրելու համար, ու կողմնակի ծախսեր անելու ի վիճակի չէ:

Քսանմեկամյա Լիանա Ղազարյանը ապրում է Աբովյան քաղաքում: Հաճախ է գնում մարզասրահ և զուգահեռ էլ գնում է լողի պարապմունքների.

«Կարծում եմ` ամեն ինչ կախված է ֆինանսի հետ, և անգամ եթե այդ նույն մարզասարքերը տանը ունենանք, չենք օգտագործի: Նպատակս նիհարելը չէ, որովհետև դա միայն մարզասրահով հնարավոր չէ, սնունդը նույնպես մեծ նշանակություն ունի: Ես ուղղակի ուզում եմ առողջ ապրելակերպ վարել և մկանային համակարգ զարգացնել: Մարզվելը նաև ուղեղիս աշխատանքին է շատ օգնում, ամեն ինչ ավելի լավ եմ հասցնում»:

Անահիտ Ղևոնդյանը նույնպես քսանմեկ տարեկան է, ապրում է Աբովյան քաղաքում և սովորում Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում: Նա կարծում է, որ առաջին հերթին ցանկություն է պետք սպորտով զբաղվելու համար, այլ ոչ թե ֆինանս.

«Ես վազում եմ ամեն օր, սննդիս եմ հետևում, բայց դա միայն նիհարելու և սպորտով զբաղվելու համար է բավական: Կազմվածքդ ընդգծելու համար կարծում եմ մարզասրահ այցելել պետք է, բայց ես նման խնդիր չունեմ: Առհասարակ կարծում եմ, որ շատերը ուտում են ինչքան ուզում են, երբ ցանկանում են ու ինչ ցանկանում են, այսինքն՝ սննդին չեն հետևում ու ընդամենը մարզասրահ գնալով փորձում են ունենալ իրենց երազած կազմվածքը, բայց դա այդպես չէ: Այսինքն՝ նրանք դյուրին ճանապարհ են ման գալիս մարզասրահ գնալով, որը ավելի հեշտ է բնականաբար, քան առողջ ապրելակերպ վարելը»:

 

ՍՊՈՐՏՈՎ ԶԲԱՂՎԻՐ՝ ԱՌՈՂՋ ԱՊՐԻՐ. Ի՞ՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԵՎ ԱՆՈՒՄ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

ՀՀ սպորտի վարպետ Հովհաննես Ավագյանը 2013 թվականից անցկացնում է մարզումներ:

«Ես ֆիթնես մարզիչ եմ և եթե տարիներ առաջ ֆիթնես ակումբներ հաճախում էին և աբոնեմենտ ունեին հազար հոգի, ապա այժմ երկու հազար հինգ հարյուր հոգի: Դա վկայում է այն մասին, որ մասսայական սպորտը ՀՀ-ում զարգանում է»:

Ֆիթնես մարզիչ Մարինե Կարապետյանը «Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի շրջանակներում մարզումներ անցկացրած մասնագետներից է:

Մարինեն ասում է, որ մարդկանց մոտ ֆինանսական խնդիրը հաշվի առնելով որոշ մարզիչներ հավաքում են փոքր խմբեր, և այդպես են անցկացնում իրենց պարապմունքները, կամ մարզվողները իրենք են խմբեր ստեղծում և միասին մարզվում: Նա նաև նշում է, որ ցավոք սրտի՝ հետաքրքրվածությունն այդքան էլ մեծ չէր և չէ բացօթյա մարզումների նկատմամբ, չնայած որ տարեցտարի աճ ամեն դեպքում նկատվում է.

«Ի տարբերություն բացօթյա մարզումների, հատկապես արագ զարգանում է մարզասրահ այցելելու ու մարզվելու ավանդույթը Հայաստանում: Վերջին հինգ տարիներին ավելի մեծ քայլերով ենք առաջ գնում: Մեծ քանակով սպորտդահլիճների բացվելը, մարզիչների շատանալը այդ մասին են վկայում: Համեմատելով երիտասարդների և միջինից բարձր տարիքի մարդկանց ներգրավվածությունը սպորտում, կարծում եմ, որ բարձր սերնդի մոտ հակվածությունն ավելի շատ է, որովհետև փորձում են երիտասարդ երևալ»:

ԽՈՍՔԻՑ ԱՌԱՎԵԼ ԳՈՐԾՆ Է ԳՈՎԵԼԻ. Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՄ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը մեկ տարի առաջ վերսկսել էր բացօթյա անվճար մարզումները «Կյանքը` սպորտի ռիթմով» նախագծի շրջանակներում:

Լիլիթ Գալստյանը առաջին իսկ օրվանից հաճախել է բացօթյա մարզումներին և դարձել ընկեր մասնակիցների և մարզիչների հետ.

«Սպորտով զբաղվում եմ երեք տարեկանից ու մինչև հիմա: Խրախուսվում է մարզումների բացօթյա տեսակը և շատ ուրախալի է, որ հաճախ են արդեն կազմակերպվում նման մարզումներ: Ինքս էլ եմ փորձում տարածել, և երբ կազմակերպվում են նման մարզումներ, գալիս եմ ընկերներիս հետ»,- ժպիտով ավելացնում է, որ ով չի ցանկանում գալ, ստիպում և բերում է:

Սուսաննա Սարգսյանը 65 տարեկան է, և ակտիվ զբաղվում է սպորտով: Սպորտով զբաղվելու շնորհիվ իրեն առողջ է զգում, բայց չի բավարարվում միայն բացօթյա մարզումներով, և հաճախում է նաև մարզասրահներ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ Շենգավիթում, Հարավարևմտյան թաղամասում և Երևանի մի շարք այլ վարչական շրջաններում մարզասարքեր է տեղադրել՝ քաղաքացիներին անվճար բացօթյա մարզումների հնարավորություն տալու համար:

Ալբերտ Սարգսյանը ապրում է ՀԱԹ-ում: Նա սովորում է բժշկական քոլեջում: Սիրում է սպորտով զբաղվել և ամեն առավոտ, մինչև քոլեջ գնալը վազում է: Նշում է, որ առավոտյան մարզանքն ավելի արդյունավետ է լինում, քանի որ վազելուց բացի՝ նաև մարզվում է, որի շնորհիվ իրեն ամբողջ օրը ակտիվ ու էներգիայով լի է զգում:

Սպորտի մասսայականացմանն են ուղղված նաև մեր երկրում անցկացվող տարբեր մրցույթները՝ դպրոցներում տարիքային խմբերի բաժանված առաջինից երրորդ, չորրորդից յոթերորդ և ութից տասներկուերորդ դասարանների մարզական խաղերը չորս մարզաձևերից, պետական մարմինների աշխատակիցներին սպորտում ներգրավելու համար անցկացվող մրցումները, ինչպես նաև «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը, որի նպատակը առողջ ապրելակերպն ու մասսայական ֆիզկուլտուրան հանրության շրջանում արմատավորելն ու տարածելն է:

Աննա Բզնունին ծնողների հետ միասին չորս անգամ մասնակցել է այս մրցույթին. 2010թ.-ին Գեղարքունիքի մարզում ճանաչվել են հաղթող.

«Մրցույթը կամքի ուժ էր ձևավորում ինձ մոտ: Ես հնարավորություն ունեի շփվել իմ հասակակիցների հետ, մարզվել և պայքարել հաղթանակի համար: Այն հնարավորություն տվեց ինձ նաև լինելու առողջ և մարզված և միաժամանակ պայքարելու հաղթանակի ու մրցանակային տեղեր գրավելու համար»։

 

ՓՈՐՁԸ ՓՈՐՁԱՆՔ ՉԷ, ԿԱՄ ՈՒՐԻՇԻ ՓՈՐՁՆ ՕԳՏԱԳՈՐԾԻՐ՝ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՕԳՈՒՏ ՔԱՂԻՐ

Ռուսաստան

Ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ սպորտը Ռուսաստանում զարգանում և քարոզվում է։ Շատ ռուս երեխաներ հաճախում են տարբեր սպորտային խմբակներ։ Անցկացվում են բազմաթիվ մասսայական սպորտային մրցույթներ, օրինակ՝ «Ազգերի Կրոսս» և «Ռուսաստանի դահուկավազք»։ Գյուղերում անցկացվում են համագյուղական ամառային և ձմեռային սպորտային խաղեր, որոնք հանդիսանում են նախկին սովետական միության սպարտակիադաների նմանատիպը։ Երկրում կառուցվել և կառուցվում են սպորտային օբյեկտներ մի քանի տասնյակ միլիարդ ռուբլի արժողությամբ և անցկացվում են քաղաքային սպորտային միջոցառումներ մինչև հարյուրավոր ռուբլի արժողությամբ։ Բազմաթիվ ուսական մարզական դպրոցներ հանդիսանում են աշխարհում առաջատարները, ինչն ապացուցում են բարձր նվաճումների ամենահեղինակավոր մարզական իրադարձությունները, ինչպես, օրինակ՝ Օլիմպիական խաղեր, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում տարբեր մարզաձևերը։

Չինաստան

Սպորտի սպառումը դեռևս իր լավագույն փուլում չէ այս երկրում: Գիտակցելով դա, ինչպես նաև մեդիայի հզոր դերն ու նշանակությունը այսօր, Չինաստանը փորձում է օգտագործել մեդիան որպես գործիք երկրում սպորտը զարգացնելու և մասսայականացնելու համար: Չինաստանն ունի պետական և մարզային բազմաթիվ հեռուստաալիքներ, դրանց թվում են նաև հատուկ սպորտին նվիրված հեռուստաալիքները, որոնցից պետական հեռուստաալիքների շարքում CCTV 5-ը Չինաստանի ամենահեղինակավոր սպորտային հեռուստաալիքն է:

Ֆրանսիա

Ֆրանսիայում և մի շարք այլ եվրոպական երկրներում սպորտի հանդեպ սերը սերմանում են դեռ փոքր տարիքից, հանրակրթական դպրոցներում դասավանդելով տարբեր հետաքրքիր սպորտաձևեր: Օրինակ` բոլոր զարգացած պետություններում լողը պարտադիր առարկա է դպրոցներում: Այդ երկրները երկու-երեք տարի ֆիզկուլտուրայի փոխարեն լողով են զբաղվում: Նման դեպքում ավելի հեշտ է լինում հետագայում սիրողական մակարդակից արդեն պրոֆեսիոնալ սպորտի համար կադրեր ընտրելը:

Կամ օրինակ Ֆինլանդիայում բնակչության 25%-ը զբաղվում է լող մարզաձեւով: Լողը մտած է սոցիալական ծրագրերի մեջ: Հանրակրթական դպրոցներում այն պարտադիր առարկա է:

Գերմանիա

Գերմանիայի կառավարությունը գտել էր, որ սպորտը մասսայականացնելու համար պետք է բարելավել հաղորդակցությունը և կապը դպրոցների, սպորտային ակումբների և բնակչության միջև: Միայն դա կարող է բարձրացնել սպորտի հանդեպ հետաքրքրվածությունը, ինչպես նաև սպորտում կամավորների աճը:

1990թ.-ին Գերմանիայի վերամիավորումից հետո բացվել է ավելի քան 20.000 նոր ակումբ և այսօր Գերմանիայում կա 91 հազար մարզական ակումբ: Դա հնարավոր չէր լինի առանց 1.7 միլիոն անհատների օգնության, ովքեր կամավոր հիմունքներով օգնում էին և նպաստում այս ոլորտի զարգացմանը երկրում.

Այսօր սպորտը Գերմանիայում ամենախոշոր «զանգվածային շարժումն» է: Երկրում գործում են հարյուրհազարավոր սպորտային ակումբներ: Վիճակագրության համաձայն, մոտ 28 մլն մարդ սպորտային ակումբի անդամ է այս երկրում:

 

ՈՒՐ ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՅՆՏԵՂ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Մասնագետները կարծում են, որ հայկական սպորտում առաջընթաց արձանագրելու, բարձր արդյունքներ գրանցելու համար անհրաժեշտ է հզոր նյութատեխնիկական բազա՝ ստադիոններ, դահլիճներ, մարզումների լիարժեք պայմաններ և իհարկե բարձրորակ մարզիչներ:

Ֆիթնես մարզիչ Վարդան Ասատրյանը կարծում է, որ լուծումներից մեկն էլ մեդիայի ճիշտ օգտագործումն է: Վերջինս կարծում է, որ մասսայական սպորտի զարգացմանը կնպաստեն նաև հեռուստատեսությամբ առավոտյան մարզանքի ծրագրերը:

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ՖԴՏ և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Յուրա Գրիգորյանը մեր հասարակության գլոբալ խնդիրն է համարում կրտսեր դպրոցականների ֆիզիկական պատրաստվածությունը, նշելով որ պետք է դաստիարակել առողջ սերունդ, քանի որ եթե երեխան առողջ է, ապա բարձր է նաև նրա մտավոր աշխատունակությունը, և առողջ է նոր եկող սերունդը: Բոլոր զարգացած երկրներում էլ շատ են կարևորում է երեխաների շրջանում մասսայական սպորտի տարածվածությունը: Դրա միջոցով պետությունները կերտում են առողջ սերունդ, ապա նաև առողջ ազգաբնակչություն: Բացի դա լուծվում է կարևոր ևս մի խնդիր. դեռ փոքրուց սպորտով զբաղվող երեխաներից ապագա պրոֆեսիոնալ մարզիկներ ընտրելն ու կերտելն ավելի հեշտ է և արդյունավետ: Ուստի առողջ հասարակություն ունենալու համար նախ պետք է սկսել դպրոցներից:

Այսպիսով՝ աշխարհի յուրաքանչյուր երկրում էլ սպորտի զարգացումը և մասնավորապես մասսայական սպորտի տարածումը հնարավոր կլինի, եթե ներդրվեն բավական ֆինանսական միջոցներ այս ոլորտում, և իհարկե, եթե մեդիան ակտիվ քարոզի և բացատրի քաղաքացիներին առողջ ապրելակերպի, մասսայական սպորտի և իհարկե ակտիվ կյանքով ապրելու կարևորությունը, չէ՞ որ ակտիվ ապրելակերպը նպաստում է ոչ միայն ֆիզիկական և հոգեկան առողջության բարելավմանը, այլև հասարակության սոցիալական համախմբվածությանն ու բարեկեցությանը:

Գեմա ԱՂԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031