Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթական համակարգը պետք է լինի արդար, կրթությունը՝ հասանելի. Արայիկ Հարությունյանի դասախոսությունը Հայաստանի ամերիկյան համալսարանում

Մայիս 03,2019 16:56

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդես է եկել կրթության և գիտության ոլորտում իրականացվող փոփոխությունների, կրթության որակի բարելավմանն ուղղված նախաձեռնությունների մասին դասախոսությամբ և պատասխանել ուսանողների ու դասախոսների հարցերին:

Բացման խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ բարձրագույն կրթության ոլորտում ակնհայտ հասանելիության խնդիր կա, քանի որ որակյալ բարձրագույն կրթությունը բոլորին հասու չէ. «Հասանելիության առումով առավել հաջողել ենք հանրակրթության ոլորտում, սակայն բարձրագույն կրթության ոլորտում ունենք խնդիրներ»,- նշել է նախարարը: Նրա խոսքով` համակարգը պետք է լինի արդար և հասանելի: Այդ նպատակին հասնելու  առաջին կարևոր նախադրյալներից  մեկը, ԿԳ նախարարի դիտարկմամբ, բուհերին քաղաքական գործընթացներից հեռու պահելն է և այդ ուղղությամբ վերջին մեկ տարվա ընթացքում հստակ քայլեր են արվել. «Վերջին համապետական և Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ քաղաքական ուժերն անգամ փորձ չեն անում կրթական համակարգը ներգրավել քաղաքական գործընթացների մեջ:  Սա համարում եմ կարևոր ձեռքբերում»,- նշել է ԿԳ նախարարը: Նա տեղեկացրել է, որ այժմ մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտական գործունեության մասին» օրենքի նախագիծը, որում ի տարբերություն նախկինի, բարձրագույն կրթության և գիտության ոլորտների օրենսդրական կարգավորումները մեկտեղվել են` հաշվի առնելով, որ հետազոտական բաղադրիչը նախկինում առաջարկվող նախագծից դուրս էր մնացել. «Փոքր ռեսուրսներ և հնարավորություններ ունեցող մեր երկրում, առանց հետազոտության, չի կարող մրցունակ բուհական համակարգ լինել: Հուսով եմ առաջիկայում նախագծի նախնական տարբերակը կքննարկվի բուհերի ղեկավարների հետ: Ակնհայտ է նաև, որ բարձրագույն կրթության ոլորտում 60-ից ավելի բուհերի առկայությունը հնարավորություն չի տալիս բազմաթիվ խնդիրներ արդյունավետ կարգավորել: Մենք այստեղ խոշորացումների գնալու անհրաժեշտություն ունենք և մասնավորապես պետության կողմից հիմնադրված բուհերի համար այդ քայլին գնալու ենք: Միջազգային փորձը  ևս ցույց է տալիս, որ առավել հաջողում են մեկ կենտրոնում համախմբված գիտական և բուհական հաստատությունները:  Հաշվի առնելով մեր ունեցած ռեսուրսները` մենք չենք կարող այդ քայլին չգնալ»,- նշել է Արայիկ Հարությունյանը` շեշտելով, որ բուհերը պետք է առավելագույնս ինտեգրված լինեն գիտական համակարգում:

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, որոնք վերաբերել են հանրակրթության, գիտության և սփյուռքի հետ համագործակցության խնդիրներին։

Կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031