Նորընտիր ԱԺ նիստի ժամանակ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանի թեկնածության քննարկման ժամանակ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նրան հարցրեց՝ մի՞թե բավարար սկանդալային չէ այն հայտարարությունը, որը Էդգար Ղազարյանն արել է, որ ոչ միայն հրաժարական տա, այլ ի սկզբանե չհայտնվեր Ձեր ցուցակում։
Արամ Վարդևանյանը պատասխանեց․ «Այդ հայտարարությունն արվել է երկու տարի առաջ, երբ Էդգար Ղազարյանն առնչություն չի ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հետ, ոչ էլ խմբակցության։ Ինձ համար սուր, ցնցող, տարընկալում որևէ կերպ ենթադրող արտահայտությունները, հայտարարություններն ընդունելի չեն։ Եթե Դուք նշված նախադասությունը ներկայացնում եք այնպես, ինչպես ներկայացնում եք, և սուբյեկտիվ ընկալմամբ՝ փորձում եք դիտարկել, որ ինքը նման բան է ասել, այսպես մոդելավորեմ իրավիճակը։ Եթե ՀՀ որևէ զինծառայող կա, որն այդ հայտարարությունից նույնիսկ 5 կամ 10 տոկոս նեղսրտել է, ես ինքս դրա համար ներողություն կխնդրեմ։
Ես սիրով ներողություն կխնդրեմ, բայց մի բան էլ առաջարկեմ։ Եկեք այդ մոտեցմանը հենց այդպես էլ նայենք այլ դեպքերում ևս․ օրինակ՝ ներողություն խնդրել զոհված զինծառայողների ծնողներից, որոնց բավականին հաղթանդամ ոստիկանները ոտք ու ձեռք արած՝ հանում են Եռաբլուրից։ Եկեք ներողություն խնդրենք այն իրավիճակի համար, երբ Նիկոլ Փաշինյանը, որը դա չարեց, ասում էր՝ բա ինչի՞ համար դուք չեք զոհվել։ Պարզ է, չէ, որ այս նախադասությունը սուր, ցնցող, տեղ-տեղ վիրավորական բացասական էմոցիա առաջացնող արտահայտություն է։
Եկեք նույնն էլ դուք արեք։ Ես չեմ արել այդ արտահայտությունը, բայց ես այդ դժվարությունը չունեմ այդ բառերն ասել։ Եթե խոսում ենք մեր հայրենակիցներից որևէ մեկի նեղվածության մասին, ներողությունը ասելը դժվար բան չէ, թող դա լինի դժվարությունը, նույնիսկ թող դա լինի հավաքական մաղթանքներից մեկը։ Թող ՀՀ-ում այլևս դժվարությունը լինի ներողություն խնդրել-չխնդրելը»։
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ Արամ Վարդևանյանը ներողություն չխնդրեց և այսպիսի օրինակ բերեց․ «Եթե իմ գործընկերներից մեկն ասի՝ որևէ գործից հետո Վարդևանյանի դիակը տանեն իրենց տուն, և Դուք գաք, ասեք՝ ի՞նչ է ասում, ընդունելի կլինի՞ պատասխանելը, որ եթե այդ փաստաբանի ծնողների տատիկ-պապիկներից 5-10 տոկոսը վիրավորվել է, ներողություն եմ խնդրում»։
Արամ Վարդևանյանն արձագանքեց․ «Հետաքրքիր էր, որ համեմատական օրինակ բերելու փորձն եղավ այդպիսին։ Շուտով 37 տարեկան եմ, բայց դեռ չէր եղել մի նախադասություն, որ ինձ ասեին՝ պայմանական իմ դիակը»։
Այնուհետև ևս մեկ անգամ կրկնեց․ «Հայ սակրավորների վերաբերյալ այն ձևակերպումը, որն այս դահլիճից հրապարակվել է, ես դրա համար ներողություն եմ խնդրում՝ Ղազարյան Էդգարի կողմից ասված»։ Դիմելով Արայիկ Հարությունյանին, որը Արամ Վարդևանյանի դիակի հետ կապված օրինակ էր բերել, նա ասաց․ «Բայց նաև Ձեր կողմից եմ ներողություն խնդրում։ Բարեկամներս որ լսեն, թող ցնցող չլինի իրենց համար»։
Նորընտիր ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































