Փաշինյանին Պուտինի հետ հարաբերություններում իսկական հաջողություններ ենք մաղթում, մանավանդ որ այս օրերին, ինչպես արդեն պաշտոնապես հայտարարվեց, հայկական եւ ռուսական ուժերը համատեղ հետեւում են Նախիջեւանում թուրքական զորքերի կուտակումներին եւ նպատակային զորավարժություններ անցկացնում՝ ի հակակշիռ թուրք-ադրբեջանական զորավարժությունների։
Հայաստանյան որոշ շրջանակներում, սակայն, Փաշինյանի այցը Սանկտ Պետերբուրգ կարեւորվում է բոլորովին այլ ասպեկտներով։ Մարդիկ կան, որոնց հանգիստ չի տալիս, օրինակ, Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր կեցության կարգավիճակ շնորհելու փաստը։ Դա հատուկ մեսիջ Է ՌԴ-ի կողմից, Մոսկվան այդկերպ ուզում է միջամտել մեր ներքին գործերին, փորձ են անում խեղդել մեր հեղափոխությունը… Հայաստանի օդն այսօր լիքն է թվարկված եւ նմանատիպ այլ ձայնարկություններով, որոնց հեղինակների միակ փաստարկն այն է, որ Հայաստանի իշխանությունները Եվրասիական միության մեջ անհասկանալի էջ են բացել, եւ, քանի որ դա օտար ու մերժելի էջ է իրենց համար, ԵԱՏՄ գործընկերները չեն հասկանում՝ ինչպես պահել իրենց մեր իշխանությունների հետ հարաբերություններում։
Սա կեղծ փաստարկ է, իհարկե, ինչպեսեւ Փաշինյանի ոչ վաղ անցյալի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը պետք է ադապտացվի «նոր Հայաստանին» ու թավշյա հեղափոխությանը։ Միջազգային հարաբերություններում գործընկերները չեն ադապտացվում մեկը մյուսին, այլ հետապնդում են իրենց շահերն այդ հարաբերություններում։ Ի վերջո, ամբողջ աշխարհում է այդպես, եւ եթե դու հարաբերվում ես, օրինակ` Ղազախստանի հետ, պարտավոր չես ադապտացվել այդ երկրի բոլոր ներքին խնդիրներին։ Հակառակ պարագայում, մանավանդ եթե տվյալ երկրի ներքին խնդիրներն այնքան շատ են, որ քեզ ուղղակի տակով կանեն, դու չես կարող ընդհանրապես ադապտացվել։ Այդկերպ մտածելով՝ դու չես կարող հարաբերվել նույնիսկ Ֆրանսիայի նման երկրի հետ, որովհետեւ, օրինակ, Ֆրանսիայի հյուսիսի եւ հարավի հակասությունները, հաստատ, քո հագով չեն։
Մյուս կողմից էլ՝ Հայաստանի ներկա իշխանությունների գզվռտոցը սեփական ստվերի հետ, հաստատ այն լավագույն կռվանը չէ, ո Ռուսաստանի նման գերտերությանն ստիպի ադապտացվել մեզանում ի հայտ եկած նոր իրավիճակին: Այսօր Ռուսաստանը ողջ աշխարհն է ադապտացնում, իսկ մենք, իբր, մի մեծ բան ենք արել, ուզում ենք, որ Ռուսաստանն ադապտացվի մեզ։ Ծիծաղելի չէ՞:
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































