Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատմության դասագրքերում «Մարտի 1»-ի թեման ամբողջությամբ վերապահել ենք մասնագետներին». նախարար

Հունիս 12,2019 21:21

«Պատմության դասագրքերում փոփոխություններ կատարելու առումով արդեն աշխատանքներ տարվել են, հիմա էլ արվում են: Ստեղծվել է հանձնաժողով, որը քննարկում է պատմության դասագրքերում առկա խնդիրները»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ԳԱԱ Պատմության ինստիտուտի դիմաց պատմության դասագրքերի բովանդակությունից բողոքողների ցույցին, ասաց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բողոքողների առաջադրած բոլոր հարցերը նախարարությունը կարող է քննարկել նաեւ այդ հանձնաժողովի շրջանակում. «Օրինակ, պատմության մեկ դասագրքի վերաբերյալ մոտ 500 դիտողություն ունենք: Հիմա դրանք տպագրվելուն ընդառաջ՝ քննարկվում են: Գործընթացը ժամանակատար է»:

Ինչ վերաբերում է 2008թ.-ի Մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ պատմության դասագրքերում խնդրահարույց տեղեկություններին, Արայիկ Հարությունյանը նշեց. «Հանձնաժողովը պետք է վերջնական եզրակացություն տա: Մենք որեւէ կերպ չենք միջամտում՝ ունենալով սեփական քաղաքական անցյալով պայմանավորված կարծիք: Որպեսզի ազդեցություն չլինի, հարցն ամբողջությամբ վերապահել ենք մասնագետներին, որպեսզի տան եզրակացություններ, եւ փոփոխությունները տեղի ունենան»: Հարցին՝ «իշխանափոխության մասին պատմության դասագրքերում կգրվի՞», Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Չգիտեմ երբ, բայց ինչ-որ փուլում պետք է գրվի, որովհետեւ դա մեր պատմության մի մասն է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930