Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական վերանայման ճանապարհին

Հունիս 25,2019 22:00

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի պաշտոնին Գլենդեյլի նախկին քաղաքապետի, Կալիֆորնիայի լավագույն իրավաբաններից մեկի՝ Զարեհ Սինանյանի նշանակումը նոր էջ կարող է բացել Հայաստանի Հանրապետության քաղաքականության մեջ՝ բազմամիլիոն Հայկական Սփյուռքի հետ հարաբերություններում։

Նախ, այդ պաշտոնի ստեղծումն ինքնին, Սփյուռքի նախարարության լուծարումից հետո՝ ուշագրավ է, քանզի ներկայիս կառավարությունն առաջինն էր, որ անցած գրեթե երեսուն տարվա ընթացքում իր մեջ ուժ գտավ ամբողջությամբ ձերբազատվել Սփյուռքի հետ հարաբերություններում «ավանդական» դարձած պարադիգմից, եւ դրա իրականացման «ավանդական» գործիքակազմից, որը ժառանգել էինք դեռ ԽՍՀՄ տարիներից, իսկ հետխորհրդային ժամանակաշրջանն առանձնացավ նշանակալի ձեւախեղումներով։

Ակնհայտ էր, որ այդ «ավանդական» հարաբերությունները, որոնց վրա, ցավոք, որոշակի հետք թողեցին նաեւ կրիմինալ դրսեւորումները, ոչ միայն այլեւս արդյունավետ չէին, այլեւ ստորացուցիչ՝ թե՛ Հայաստանի Հանրապետության, թե՛ Արցախի Հանրապետության, թե՛ Սփյուռքի համար։ Իսկ այդ պաշտոնին Զարեհ Սինանյանի նշանակումը, որպես անբասիր համբավի տեր, հայկական շրջանակների հետ հավասարակշռված, հավասար հեռավորության վրա եւ դրական հարաբերություններ կառուցած, նախկին խորհրդային էմիգրանտից մինչեւ Կալիֆորնիայի խոշոր քաղաքներից մեկի քաղաքային խորհրդի անդամ եւ հաջողակ քաղաքապետի ճանապարհն անցած անձնավորության՝ նաեւ խորհրդանշում է այն փիլիսոփայությունը, որով պետք է առաջնորդվի Հայաստանի Հանրապետությունը՝ Սփյուռքի նկատմամբ իր նախանշվող քաղաքականության մեջ։

Այս ոլորտի ռազմավարական վերանայման անհրաժեշտությունը 21-րդ դարում այլեւս անվիճելի է, եւ իր կարեւորությամբ առանց չափազանցության հանդիսանում է ազգային անվտանգության խնդիր։ Սովետական ամբողջատիրության եւ հետսովետական կրիմինալ-օլիգարխիկ ռեժիմից ձերբազատված, Ազատ եւ Անկախ Հայաստան եւ Արցախ կերտած հայ ժողովուրդը կարիք ունի որակապես նոր հարաբերությունների։ Եվ այլեւս անցյալում պետք է մնան հասարակական-քաղաքական վարքի այն զավեշտալի կարծրատիպերը, որոնց հանդիպում ենք, սկսած Հակոբ Պարոնյանի եւ Երվանդ Օտյանի հակահերոսներից՝ վերջացրած հետխորհրդային ժամանակաշրջանի կրիմինալ հակումներով գոռոզամիտ «նորահարուստներով»։ Մյուս կողմից, Հայաստանում եւ Արցախում նույնպես պետք է անցյալում մնա «ավանդական» դարձած վերաբերմունքը Սփյուռքի նկատմամբ, որպես բացառապես «մեծահարուստ բարերարների», որոնք, չգիտես ինչու, բայց մշտապես պետք է անվերադարձ փող ծախսեն պատմական հայրենիքում։ Իսկ պատմական հայրենիքում, լավագույն դեպքում, նրանց շքանշանով պարգեւատրեն, իսկ հաճախ նաեւ «քցեն» կամ ծախսած միջոցներից «օգտվեն» պետական պաշտոնյաները։

Ամերիկյան քաղաքական խոհանոցին քաջածանոթ եւ տարբեր ընտրովի պաշտոնների հասած Զարեհ Սինանյանը գլխավոր հանձնակատարի պաշտոնում լավագույնս է մարմնավորում այն հասարակական-քաղաքական ներուժը, որն անկասկած ունի խիստ բազմազան, խայտաբղետ Հայկական Սփյուռքն աշխարհի բոլոր մայրցամաքներում։

Բացի Հայաստան-Սփյուռք՝ որակապես նոր հարաբերությունների օրակարգից, Զ.Սինանյանը մամուլի հետ առաջին իսկ հրապարակային շփումների ժամանակ կարեւորեց Հայրենադարձության խնդիրը, որը գլխավոր թեսթն է Հայաստանի, Արցախի՝ որպես պետականության։

Իրողություններն այնպիսինն են, որ ներկայումս դեռ վաղաժամ է խոսել զանգվածային հայրենադարձության հնարավորության մասին, մենք դրա համար նույնիսկ համապատասխան ինստիտուտները չունենք։ Սակայն, այսօր իսկ՝ ավելի քան ժամանակն է սկսել դրա համար ինստիտուցիոնալ նախադրյալներ ստեղծել, նախապատրաստել այդ ռազմավարական կարեւորության առաքելությունը՝ Պատմության հետ բոլոր «հաշիվները մաքրելու» եւ փոխելու այն ողբերգական հարաբերակցությունը, երբ հինգ հայից միայն մեկն է հայրենաբնակ, իսկ չորսը գտնվում են ուծացման վտանգի ներքո, եւ դա՝ դեռ ապահով երկրներում, իսկ անապահով երկրներում, մասնավորապես պատերազմող Մերձավոր Արեւելքում եւ անհայտ ապագայով Ռուսաստանում՝ նաեւ այլ բնույթի վտանգների եւ սպառնալիքների ներքո։

Հաշվի առնելով հայ համայնքների կարեւոր կամուրջի դերը Հայաստանի եւ տասնյակ երկրների միջեւ երկկողմ քաղաքական հարաբերություններում, չափազանց կարեւորվելու է Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի դերը նաեւ արտաքին քաղաքականության կառուցման գործում, ինչն, իհարկե, ամենեւին էլ չի նշանակում արտաքին քաղաքական գերատեսչության գործառույթների կրկնություն։ Սակայն, ակնհայտ է, որ այնպիսի երկրներում, ինչպես, օրինակ, Վրաստանը, Ուկրաինան, Կենտրոնական Ասիայի պետությունները, հատկապես եւ առանձնապես Ռուսաստանը՝ Սփյուռքի հետ տարվող աշխատանքն էական ազդեցություն է թողնելու նաեւ դիվանագիտության արդյունավետության վրա։

Առանձին ուղղություններ են ամերիկյան, լատինաամերիկյան եւ եվրոպական համայնքները, նրանց քաղաքականապես ակտիվ շրջանակները, որոնք նույնպես խնդիր ունեն դուրս գալու «ավանդական» կաղապարներից եւ կարիք կա օրակարգերը ներդաշնակեցնելու, ժամանակին, դարին համահունչ դարձնելու։

Համաձայն իր հայտարարության, Զարեհ Սինանյանն իր առաքելությունը սկսելու է առավել ոչ բարվոք ուղղությունից՝ Ռուսաստանից, մինչդեռ այնտեղ ապրում է ամենաբազմաքանակ հայությունը՝ Պետերբուրգից մինչեւ Կամչատկա, եւ հայկական համայնքների վիճակը հաճախ կախված առանձին նվիրյալներից, ուղղակի անհատների որակներից, սակայն դա մի հանրույթ է, որն առավելագույնս է ենթարկվել այնպիսի գաղափարական «մշակման»՝ ռուսական պետական պրոպագանդայի կողմից, որի արդյունքում շատերի գիտակցությանը դեռ հասու չէ Ազատ եւ Անկախ, իսկ դա նշանակում է՝ Ռուսաստանի՛ց ազատ եւ անկախ Հայաստանի խորհուրդը։

Զարեհ Սինանյանին բավականին դժվար եւ բարդ առաքելություն է սպասվում, բայց նրա հաջողությունը ստանձնած պաշտոնում ունենալու է պատմական նշանակություն հայ ժողովրդի համար։ Բարի երթ եւ Աստված օգնական։

ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,

25.06.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930