Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշագրավ նորույթ Գյումրու թատրոնում․ «Երկնագույն շան աչքերը» կխաղան նաև անգլերենով

Հուլիս 18,2019 21:12

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում, որտեղ այս օրերին  վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում․ թատերաշրջանը բացվելու է  լուսավոր ճեմասրահով, ձևափոխված  դահլիճով, Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» հայերենից բացի կներկայացվի նաև անգլերենով։ Որքան էլ թվում էր, թե անհնար է փոքր տարածքում Մարկես ներկայացնելն ու նրա մոգական խոսքը լայն շրջանակներին հասանելի դարձնելը, այն ամենապահանջվածներից է․ գյումրեցի երիտասարդների սիրած ներկայացումներից մեկը, որն հաճախակի են խաղում Մհեր Մկրտչյան անվան փոքր դահլիճում։

Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ «Մեր թատրոնը պարբերաբար ինչպես ռեժիսորների, այնպես էլ դերասանների է հրավիրում, մենք պահում ենք ավանդույթը։ Որոշեցինք, որ Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» ներկայացման մեջ խաղալու կհրավիրենք Ինա Խոջամիրյանին, կփոխվի նաև տղայի դերակատարը, կխաղա Արսեն Միքայելյանը և սեպտեմբերի 25-ին Մհեր Մկրտչյան փոքր բեմում կունենանք որպես թատերական առաջնախաղ, նախագիծ։ Մտահղացում կա նաև այլ լեզվով՝ անգլերենով ներկայացնելու»։

Մեր ճշտող հարցին ՝ զբոսաշրջիկների համար եք անգլերեն ներկայացնելո՞ւ (նկատենք, որ Գյումրու փողոցները որքան էլ քարուքանդ են՝ ընթացող  փողոցաշինության պատճառով, այս օրերին մեծ թվով զբոսաշրջիկներ են ճեմում քաղաքի պատմական հատվածում, Ա․Ն․), Լյուդվիգ Հարությունյանն ասաց․ «Ե՛վ զբոսաշրջիկների համար է, և՛, ինչու չէ, փառատոներին ներկայանալու։ Իհարկե, կարող ենք և հայերեն խաղալ, բայց երբ որ փառատոների ենք գնում, լավ կլինի, եթե նյութը հնարավորություն է տալիս, նաև օտար լեզվով խաղալ ներկայացումը , հատկապես որ դերասանները կարող են։ Համոզված եմ և՛ Ինան, և՛ Արսենը կհաղթահարեն և կունենանք մի շատ հետաքրքիր ներկայացում»։

Լյուդվիգ Հարությունյանի ասելով՝ սեպտեմբերին՝ թատերաշրջանի բացմանը, Գյումրին կունենա լրիվ այլ թատրոն։

Թե ինչ փոփոխություններ են սպասվում, կանդրադառնանք քիչ հետո։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Գյումրու դրամատիկական թատրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասպրամ says:

    Իսկ ակցե՞նտը:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031