ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը օգոստոսի 6-ին այցելել է Արցախի Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնք։ Քաշաթաղի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի, համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանի և դպրոցի տնօրեն Արտյոմ Ղազարյանի ուղեկցությամբ Աննա Հակոբյանը եղել է համայնքի նորաբաց ‹‹Գիտունիկ›› մանկապարտեզում և Սոնասարի Սամսոն Կյուրեղյանի անվան միջնակարգ դպրոցում։ Սոնասար համայնքի ‹‹Գիտունիկ›› մանկապարտեզը բացվել է հուլիսի 14-ին։ Այն վերանորոգվել է ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի ջանքերով։ Մանկապարտեզը սպասարկում է Սոնասար, Մշենի, Հոչանց և Առվական համայնքների 20 երեխաների։ Աննա Հակոբյանը շրջել է մանկապարտեզով, ծանոթացել կառույցի պայմաններին, շփվել մանկապարտեզ հաճախող երեխաների և նրանց ծնողների հետ, եղևնի տնկել բակում։
Դպրոցում վարչապետի տիկինը նախ այցելել է կրթօջախի անունը կրող Արցախյան ազատամարտիկ Սամսոն Կյուրեղյանի անկյուն, ծանոթացել ազատամարտիկի կյանքի պատմությանը, դպրոցի գործունեությանը։
‹‹Շնորհակալ ենք Ձեր այցի և Սոնասար համայնքի հանդեպ Ձեր ուշադրության համար։ Անգնահատելի է այն գործը, որը դուք արեցիք մեր համայնքի երեխաների համար՝ օգնելով մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին››,-հանդիպմանն ասել է Սոնասար համայնքի ղեկավար Անդրանիկ Կյուրեղյանը։
‹‹Շնորհակալության կարիք չի։ Դա նորմալ է, որ համայնքը պետք է մանկապարտեզ ունենա, աննորմալ էր, որ 30 տարի է համայնքը չուներ մանկապարտեզ։ Պետությունը պարտավոր է դա անել։ Դուք հերոսներ եք, որ ապրում եք այստեղ, որ կառչած եք ձեր հող ու ջրին։ Ոչ թե դուք պետք է շնորհակալություն հայտնեք, այլ պետությունը պետք է շնորհակալություն հայտնի Ձեզ ձեր կատարած աշխատանքի համար››,- ասել է Աննա Հակոբյանը։
Կարդացեք նաև

Մամուլի հաղորդագրություն


















































