Ռոբերտ Քոչարյանի աջակիցները Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ նստավայրի շենքի առջեւ բողոքի ցույց են անում: Նրանք դատավոր Աննա Դանիբեկյանից պահանջում են կատարել Սահմանադրական դատարանի որոշումը եւ անհապաղ ազատ արձակել ՀՀ 2-րդ նախագահին:
Աջակիցներից Վահե Եփրիկյանն իր ձեռքում պահում է ՍԴ որոշումը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանա բառացի մեջբերում կատարել:

«Նման պայմաններում՝ ելնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, ինչպես նաեւ մեր պետական օրենսդրությունից, նաեւ՝ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքից, կարելի է փաստել. քանի որ անձի անազատության հետ կապված հարցերը քննվում են անհապաղության սկզբունքով, ուստի առաջին ատյանի դատարանը տվյալ պարագայում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, պետք է անհապաղ դատական նիստ հրավիրի եւ առաջնահերթության կարգով քննարկի նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը եւ, կասկած չկա, վերջինիս ազատ արձակի: Սակայն ինչպես տեսնում ենք, որակական գործողություններ այդ ուղղությամբ դեռեւս չեն իրականացվել: Անցել է արդեն մի քանի օր, սակայն դատական նիստի օրը մնում է նախապես նշանակված ամսի 12-ին: Մենք ցանկանում ենք կոչ անել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին, ինչպես նաեւ տիկին Դանիբեկյանին՝ գործել օրենքի եւ ամենակարեւորը՝ իրավունքի տրամաբանությամբ, անհապաղ գումարել նիստ եւ քննարկման առարկա դարձնել նախագահ Քոչարյանի խափանման միջոցի հարցը», – ասում է Վահե Եփրիկյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































