Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը գուցե դիմի գարշելի, սարսափելի քայլերի՝ առեւանգի հայազգի տարբեր անձանց». Դավիթ Բաբայան

Սեպտեմբեր 19,2019 20:40

Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովն օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ է փոխանակել ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղավոր ճանաչված եւ դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն Aravot.am-ի հետ զրույցում փաստեց, որ սա Բաքվի առաջին նման առաջարկը չէ: «Բայց ավելի քան համոզված եմ, որ ավելի լուրջ պետք է վերաբերվել Ադրբեջանի քաղաքականությանը: Համապատասխան քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որովհետեւ այդ երկրի քաղաքականությունն արդեն դառնում է վտանգավոր»,-նկատեց Դավիթ Բաբայանը:

Նա նշեց. «Նախ, Բաքվի այդ առաջարկն աբսուրդ է եւ հանդիսանում է հերթական իրավական, քաղաքական եւ բարոյական «ահաբեկչությունը»: Չի կարելի ահաբեկիչներին՝ հանցագործներին, փոխանակել հասարակ մարդկանց հետ: Հասկանում եմ, որ ասածս դժվար է ընդունել հոգեբանական առումով: Ադրբեջանն առանց այդ էլ պարտավոր է մեր քաղաքացիներին վերադարձնել: Նրանք որեւէ վտանգ չեն ներկայացրել Ադրբեջանի համար՝ ի տարբերություն Ասկերովի եւ Գուլիեւի, որոնք ահաբեկիչներ են՝ մարդասպաններ: Նրանց մեղավորությունը բացահայտվել է, ապացուցվել հրապարակային եւ թափանցիկ դատավարության ժամանակ՝ միջազգային դիտորդների, ԶԼՄ-ների եւ իրավապաշտպանների ներկայությամբ»:

Ըստ Դավիթ Բաբայանի՝ անհանգստացնող է այն հանգամանքը, որ Ադրբեջանի համապատասխան կառույցները փոխանակման առաջարկի մասին գրությունները միջազգային կազմակերպություններին ուղարկել են սեպտեմբերի 11-ին՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած հայտնի ահաբեկչության տարելիցի հերթական օրը. «Սա ցինիզմ է, հասկանո՞ւմ եք: Նրանք հենց այդ օրն են ուղարկել՝ կարծես ծաղրելով միջազգային հանրությանը: Ահաբեկիչներին հասարակ մարդկանց հետ փոխանակելու առաջարկը, այն էլ՝ սեպտեմբերի 11-ին, հատուկ են արել, վստահ եմ: Մյուս կողմից՝ չի բացառվում, որ առաջիկայում Ադրբեջանը դիմի գարշելի, սարսափելի քայլերի՝ առեւանգի հայազգի տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ հասարակական-քաղաքական գործիչների, գիտնականների, երեխաների, եւ շանտաժի ենթարկի՝ ասելով, որ ուզում է փոխանակել նրանց այդ երկու ահաբեկիչների հետ: Խնդիրը սրա մեջ է, միջոցներ պետք է ձեռնարկել, շատ լուրջ է պետք վերաբերվել դրան: Ադրբեջանից ամեն ինչ սպասելի է»:

Մեր զրուցակցին մտահոգում է նաեւ այն փաստը, որ Ադրբեջանի «փոխանակման» առաջարկի առաջ միջազգային հանրությունը, արձագանքելու փոխարեն, պապանձվածի կարգավիճակում է հայտնվել. «ԶԼՄ-ները, իրավապաշտպաններն անընդհատ պետք է խոսեն այս մասին, մինչդեռ գրեթե պապանձված են՝ թե ներսում, եւ թե դրսում: Սա սառը ցնցուղի պես պետք է սթափեցնի հայ հասարակությանը: Չպետք է կտրվենք իրականությունից: Ի դեմս Ադրբեջանի՝ գործ ունենք ահաբեկչական եւ ֆաշիստական երկրի հետ, որի գերնպատակը հայոց պետականության ոչնչացումն է»:

Դավիթ Բաբայանը կարծում է, որ երկու դիվերսանտներին վերադարձելն Ալիեւի համար արդեն պատվի խնդիր է դարձել. «Որովհետեւ նա էությամբ ահաբեկիչ է: Կան չէ՞ հանցավոր խմբեր, որոնք փորձում են իրենց ահաբեկիչներին վերադարձնել…դա իրենց շոուի համար է պետք, որովհետեւ ոգեւորության աղբյուր է: Հասկանում եմ, Ադրբեջանի հասարակությունում գուցե կան մարդիկ, որոնք լավ են պատկերացնում, որ նման մարդկանց հերոսացնելն ու պաշտամունքի առարկա դարձնելը կործանարար է Ադրբեջանի համար, բայց խնդիրը նրանում է, որ այդպիսի մարդկանց լսող չկա: Իսկ մենք չկտրվենք իրականությունից. Ադրբեջանը Սաֆարովին փող տվեց, կաշառեց Հունգարիային, խայտառակ արեց ժողովրդավարական սկզբունքներին «հետեւող» այդ երկրին, իսկ միջազգային հանրությունը ոչ մի քայլ չկատարեց: Սա է իրականությունը: Միշտ համախմբված պետք է լինենք, ուժեղ բանակ ունենանք եւ ճիշտ քաղաքականություն վարենք»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30