Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետականաշինության գործին մասնակցողները պիտի լինեն կրթված եւ պետության ուշադրության կենտրոնում»

Հոկտեմբեր 07,2019 12:30

Հարցազրույց ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Երեւանի քաղաքապետարանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանի հետ:

– Տիկին Կարապետյան, ընդունեք «Առավոտի» շնորհավորանքը ձեր մասնագիտական տոնի՝  հոկտեմբերի 7-ի գրադարանավարի  օրվա առիթով: Վերջին զրույցներից մեկում հայտնեցիք, որ ձեր ղեկավարած մշակութային օջախը դեռեւս 2011թ. ավարտել է ֆոնդերի էլեկտրոնային ավտոմատ  գրացուցակավորման աշխատանքները  եւ անցել ընթերցողների էլեկտրոնային սպասարկմանն ու գրադարանային գործառույթների ավտոմատացմանը: Չե՞ք կարծում, որ կգա մի օր, երբ էլեկտրոնային գիրքը «կուլ կտա» դասական «թղթային» գրքին:

– Թույլ տվեք նախ ես էլ ձեր օրաթերթի միջոցով շնորհավորել գործընկերներիս ու վստահ պատասխանել, որ նման մտավախություն չունեմ, որովհետեւ մեզ՝ գրադարանավարներիս համար կարեւորը ընթերցողներին ճիշտ տեղեկատվություն հասցնելն է, որը նշանակում է  ե՛ւ կուտակված մշակութային  ժառանգություն հանդիսացող եղած գրականություն, ե՛ւ էլեկտրոնային կրիչներով մատուցվող, միայն մարդու՝ մասնագետ գրադարանավարի միջոցով ճշգրտված, դասակարգված եւ, բնականաբար, թվայնացված տեղեկատվություն: Այսօրվա ընթերցողը, որն ունի տարբերակված մոտեցում  ընթերցանության մշակույթի նկատմամբ, ինքն է ընտրում տեղեկատվություն ստանալու եղանակը: Հետեւաբար այսօրվա եւ վաղվա գրադարանը պատրաստ պիտի լինի մատուցելու այդ ձեւին: Սա է վաղվա գրադարանի գոյատեւման տեսլականը: Եվ դրան գումարած՝ գրադարանը պիտի շարունակի մնալ հանրության համար սիրելի, հանգստի ու ժամանցի նախընտրած գեղագիտական դաստիարակության կենտրոն:

– Վերջին շրջանում մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչները  ժամանակ առ ժամանակ «արթնանում» են՝ ԱԺ-ից պահանջելով ընդունել, ասենք, թատրոնի մասին օրենք, կինոյի մասին օրենք… ինչի մասին գոնե մինչ այսօր Ազգային  ժողովը լռում է: Իսկ ձեր ոլորտում անհրաժեշտ չէ՞ նոր օրենք, կամ լրացումներ, կամ էլ՝ միգուցե ամեն ինչ կատարյալ է:

– Գրադարանների եւ գրադարանային գործի մասին գործող օրենքը, իհարկե, ունի լրամշակման եւ փոփոխության կարիք: Բայց կարծում եմ՝ մինչ վերջիններս ԱԺ ներկայացնելը, դրանք պիտի փորձարկման անցնեն գրադարաններում, իսկ մենք՝ գրադարանավարներս, պիտի պատրաստ լինենք պատասխանելու այդ փոփոխություններից բխող բոլոր հարցերին:

– Վերջին շրջանում քաղաքական վայրիվերումները «վերեւներին» հավանաբար թույլ չեն տալիս շատ ժամանակ տրամադրել մշակույթին, հենց թեկուզ պետական աջակցության «մասով»:

-Հզոր պետությունը պիտի աշխարհաքաղաքական բոլոր խմորումներին պատրաստ լինի, ինչից ոչ մեկը ապահովագրված չէ եւ վերջապես՝ չմոռանանք մեր ազգի դարերի միջով անցնելու ու այսօր էլ աշխարհին իր խոսքը, որպես դարավոր բարձր մշակույթի կրող, ներկայանալու առաքելության մասին: Ի վերջո, կրթված քաղաքացին է պետության վաղվա կայացման եւ ամրության երաշխիքը:

– Օրերս նոր որոշում ընդունվեց՝ աշխատավարձի ներքին սանդղակը 68 հազար դրամ սահմանելու մասին: Իրենից անկախ մեր պետությունը ձեր մասնագիտական տոնի նախօրեին, կարծես նվեր մատուցեց, քանի որ գրադարանավարի աշխատավարձն ամենանվազագույնն էր, շուրջ 60 հազար:

– Դա էական որեւէ բան չի փոխելու կոնկրետ մշակույթի  մարդու կյանքում ու կենցաղում: Վաղուց հասունացել է խնդիրը մշակույթի ոլորտի մարդկանց վարձատրությունը բարձրացնելու տարբերակված մոտեցում ցուցաբերելու համար: Յուրաքանչյուր մշակութային կառույցի, մասնավորապես՝ գրադարանների աշխատակիցների վարձատրության սանդղակը պիտի կարգավորվի կամ սահմանվի ըստ այդ կառույցի կարեւորության ունեցած ֆոնդային հավաքածուի, սպասարկման ժամանակակից ծառայություններ  մատուցելով, հետաքրքիր աշխատանքային ծրագրերով եւ բնականաբար՝ աշխատանքային պայմաններով:

Աշխատավարձերի մասով համահարթեցման վերջին տասնամյակներին տարվող քաղաքականությունը չի նպաստել եւ չի էլ կարող նպաստել մշակութային օջախների առաջընթացին: Խնդրում եմ կարոտախտային երանգներ չփնտրել խոսքումս, բայց փաստեմ, որ ԽՍՀՄ-ում այդ դասակարգումն արված էր շատ հստակ եւ հիմա նոր հեծանիվ հորինելու կարիք չկա:

Այսօր մշակութային տարբեր կառույցների աշխատողներս մեր հոգեկերտվածքով շարունակում ենք ծառայել մշակույթին ու հանրությանը: Բայց նոր ժամանակներում մարդկանց երկրում պահելու եւ պետականաշինության գործին մասնակցելու համար պիտի լինեն կրթված ու պետության ուշադրության կենտրոնում: Իմ կարծիքով՝ սա է մեր փոքրիկ հայրենիքը դրախտավայր դարձնելու երաշխիքներից մեկը:

Զրուցեց

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
05.10.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031