Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ գյուղի նախկին ուսուցչուհի Մարինե Խաչիկյանը արդեն երեք տարի է՝ զբաղվում է ձեռագործ աշխատանքների պատրաստմամբ, սակայն հիշում է, որ մանկությունից սկսած՝ ինքը թելերի ու գործվածքների աշխարհում է.
Մինչ կերպարային տիկնիկներ ստեղծելը, Մարինեն փորձել է նաեւ պայուսակներ պատրաստել, ապագայում էլ ծրագրում է համատեղել կտորն ու գործվածքը` ստեղծելով թե ավելի նորացված պայուսակներ եւ թե հագուստներ։ «Մոտ 3 տարի առաջ եմ սկսել տիկնիկներ գործել։ Առաջին աշխատանքս եղել է Ամանորի նախօրեին` Ձմեռ պապ, դրանից հետո տիկնիկների հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծացավ»,-ասում է տիկնիկագործը:
Երկու տարի կամավորությամբ իր փորձն է փոխանցել սահմանամերձ շրջանում բնակվող երեխաներին։ Մարինեի խոսքով՝ նրանցից մի քանիսն արդեն բավական փորձառու են եւ կարող են աշխատել առանց իր օժանդակության։
Ուսուցչի ծանր եւ պատասխանատու աշխատանքի հետ մեկտեղ սա Մարինեի համար դժվարություն չէ, անգամ օգնում է լիցքաթափվել եւ տեղափոխվել իր աշխարհ։ Մեր օրերում շատերն են զբաղվում ձեռագործությամբ, հատկապես կերպարային տիկնիկների ստեղծմամբ, սակայն մեր հերոսի տիկնիկներն առանձնահատուկ են ու տարբերվող։ Թերեւս ամենագրավիչ յուրահատկությունը նրանց չափսերն են։ Ամենափոքր չափսը 2 սմ է.
«Հաճախ են ինձ հարցնում`արդյոք խոշորացույցի կարիք չե՞ս զգում, դժվար չէ՞ առանց դրա աշխատելը։ Աշխատել եմ նաեւ ամենաբարակ թելով` կոճի թել, դրանցից պատրաստել եմ հիմնականում ծաղիկներ»,-նշում է մեր զրուցակիցը։
Պատմում է, որ բարդությունները, այնուամենայնիվ, շատ են, սակայն սիրելի աշխատանքը կատարելու համար ջանք ու եռանդ խնայել պետք չէ, հատկապես պատվիրատուին գոհացնելու համար։ Տիկնիկագործը սիրում է բոլոր գույները, աշխատում է բազմերանգության մեջ:
Առաջին գնահատողները լինում են ծնողները եւ հենց նրանց դիտարկումների շնորհիվ է, որ Մարինեի տիկնիկներն ավելի համաչափ եւ կառուցվածքային առումով ավելի գեղեցիկ են ստացվում։ Տիկնիկների տեսականին արդեն ունի իր անվանումը` Marvel։ «Ուզում էի այնպես լինի, որ իմ անվան հետ կապ ունենա ու դիմեցի բառարանների օգնությանը։ Marvel անգլերենից թարգմանաբար նշանակում է հրաշք ու սա հենց այն էր, ինչը կբնութագրեր ձեռքի աշխատանքները»,-հավելում է նա:
Մարինեն զրույցի ընթացքում նշեց, որ տարիների ընթացքում հավաքել է զանազան թելերի տեսականի եւ ցանկացած աշխատանք կատարելու համար ձեռքի տակ ունի ցանկացած բան. «Մտնում էի թելերի խանութ, ինձ համար մի գեղեցիկ աշխարհ էր բացվում, ամեն ինչն ուզում էի վերցնել ու այդպես հիմա ցանկացած միտք իրականացնելու համար ձեռքիս տակ կա ամեն բան»։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: