ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի արած հայտարարություններն ուղարկվել են ԱԱԾ տնօրենին՝ դրանցում նշված հանգամանքները ստուգելու նպատակով։ «Հրապարակը» զրուցել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։
-Արցախում, պարոն Բաբայան, ինչպե՞ս են դիտարկում այս բանավեճն ու Բալասանյանի տեղացած սպառնալիքները։
-Նախ ասեմ, որ Բալասանյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն պաշտոնական Ստեփանակերտի հետ, Արցախի Հանրապետության պաշտոնական տեսակետի հետ։ Ես ասում եմ՝ Արցախը մի սարքեք ինչ-որ ռազբորկաների, մուտիլովկաների, նզովքների դաշտ։ Որեւէ մեկն իրավունք չունի՝ իր պահվածքով, իր քայլերով, զգացմունքներով։ Արցախը սրբություն է, եւ բոլորը պարտավոր են այդ սրբությունը պահպանել… լինի Արցախից, հատկապես՝ Արցախից։ Ով ուզում է լինի։
Հետեւաբար, սա պարոն Բալասանյանի խիստ անձնական կարծիքն է։ Եվ ես՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որպես անձնավորություն, կարծում եմ, որ անթույլատրելի է մեկը մյուսին անպատվելը, խախտել մեր միասնականությունը, մեկս մյուսի հետ թշնամանալը։ Միգուցե պետք է քննադատություն, բայց այն պետք է լինի կառուցողական, որպեսզի օգնի, այլ ոչ թե անեծքների տեսքով լինի։ Սա մեր միասնականությունն է թուլացնում։ Ամեն ինչ փորձել ենք, հիմա դա է, հա՞, մնացել։ Դատապարտելի է ցանկացած արարք, որը թուլացնում է մեր միասնականությունը, երբ ինչ-որ շիզոֆրենիկ հայտարարում է, որ ղարաբաղցիները թուրք են… կամ՝ ոտնձգությունները կա՛մ մայր Հայաստանի, կա՛մ Արցախի նկատմամբ:
Կարդացեք նաև
-Չե՞ք կարծում, որ Ստեփանակերտից կամ Երեւանից ինչ-որ կոչ-առաջարկ կարող է հնչել, նախաձեռնություն, որ Արցախի ու Հայաստանի քաղաքական գործիչները չպետք է, չեն կարող միմյանց հրապարակային վիրավորանքներ հասցնել, որ եկեք այս մասին պայմանավորվածություն ձեռք բերենք։
– Պիտի լուրջ աշխատանք տարվի՝ սկսած դաստիարակչական ոլորտից, մսուր-մանկապարտեզից։ Սա լայն ճակատ է, ես, օրինակ, Ֆեյսբուքում խնդրել եմ երբեւիցե չօգտագործել «հայաստանցի» բառակապակցությունը Հայաստանի մեր քույրերի ու եղբայրների մասին։ Առաջարկել եմ ասել «երեւանցի», «գյումրեցի», «վանաձորցի», «սյունեցի», որովհետեւ մենք Էլ ենք հայաստանցի։
-Ձեզ մոտ նաեւ «գյալմա» բառն էր օգտագործվել։
-Այո, բայց դա մենք ժամանակին դատապարտել ենք ու պետք է դատապարտենք։ Պիտի Հախվերդյանի պես մարդու երեսին թքեն, ասեն՝ էս ի՞նչ եք անում։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում


















































