Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկածներ ունեմ, որ ՀՀ-ի դեսպանատունը Իսրայելում հնարավոր է գարնանից շուտ չբացվի». Ալեքսանդր Ցինկեր

Հոկտեմբեր 10,2019 14:12 Share

«Ինչպես հայտնի է, ՀՀ նոր իշխանությունները պարբերաբար խոսում են հայրենադարձության մասին: Հայրենադարձությունը բավականին բարդ խնդիր է, ուստի Հայաստանի ղեկավարությունը կարող է այս հարցում օրինակ վերցնել Իսրայելից»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան–Իսրայել» միջազգային հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը:

Նրա տպավորությամբ՝ Հայաստանը փոխվել է մեկ տարվա ընթացքում. «Անցյալ տարի ամռանն էի այստեղ: Հիմա քաղաքացիների հայացքում ինչ-որ բան փոխվել է, ինձ թվում է դա հույսն է: Շատ հարցերում, իհարկե, փոփոխություններ չկան, բայց մարդկանց տրամադրությունները փոխվել են: Հայաստանը կարծես թե արդեն աշխարհի քարտեզում է հայտնվել, և սրանք զուտ խոսքեր չեն»:

Ալեքսանդր Ցինկերը մեջբերեց իր կնոջ խոսքերը, թե Երևանը տոն-քաղաք է:

Այնուհետև վստահեցրեց՝ Հայաստանը և Իսրայելը կարող են համագործակցել մի քանի չափից ավելի կարևոր ուղղություններով: Ըստ նրա՝ Իսրայելում Հայաստանի դեսպանության բացումը կարող է այդպիսի համագործակցության համար լավ մեկնարկ լինել:

Ըստ Ալեքսանդր Ցինկերի՝ Հայաստանն ու Իսրայելը կարող են համագործակցել նաև արտաքին քաղաքականության ոլորտում. «Իսրայելն այսօր շատ լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ-ի հետ: Չնայած այս երկու գերտերությունների աշխարհաքաղաքական հակասություններին՝ Իսրայելին հաջողվում է այս երկու պետությունների հետ հաստատել կառուցողական, փոխշահավետ հարաբերություններ: Այս իմաստով Իսրայելը կարող է օգնել Հայաստանին կառուցել հավասարակշռված հարաբերություններ այս երկու վեկտորների միջև»:

Ալեքսանդր Ցինկերի համոզմամբ՝ ՀՀ-ի և Իսրայելի համագործակցության մյուս անկյունաքարային ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաներն են, քանի որ Հայաստանը բարձր տեխնոլոգիաները հռչակել է տնտեսության առաջնահերթ ուղղություն, ուստի իսրայելական մշակումները կարող են օգտակար լինել:

Անդրադառնալով ՀՀ կառավարության՝ Իսրայելում ՀՀ-ի դեսպանության բացման որոշմանը Ալեքսանդր Ցինկերը նշեց, թե դա այս տարի չի լինի. «Դեսպանատուն բացելը հեշտ գործ չէ, որ որոշում ընդունես, հաջորդ օրը դուռը բացես, ցուցանակը կախես: Սա առաջին հերթին ֆինանսական խնդիր է: Կասկածներ ունեմ, որ հնարավոր է՝ այդ նոր դեսպանատունը գարնանից շուտ չբացվի: Ես թեև արդեն գտել եմ դեսպանատան համար տեղ»:

Խոսելով Իսրայելի՝ Հայաստանում դեսպանատան բացման հավանականության մասին Ալեքսանդր Ցինկերն ասաց. «Ուրախ կլինեի, որ ես սխալված լինեի, բայց մոտակա ժամանակներս Իսրայելը չի պլանավորում Հայաստանում դեսպանության բացում: Դեսպանատան բացման համար պետք է երկու երկրներն ունենան ակտիվ տնտեսական հարաբերություններ, ունենան մեծ սփյուռք և երրորդը ֆինանսական կողմն է: Բայց, ո՛չ մեծ սփյուռք ունենք, ո՛չ էլ տնտեսական շատ ակտիվ համագործակցություն, թեև տնտեսական ոլորտում ակտիվացում կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031